Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ի փաստաթուղթը որեւէ ազդեցություն չի ունենա, բացի նյարդայնացնելուց». քաղաքագետ

Հոկտեմբեր 07,2014 12:39

Այսօր «Ուրբաթ» ակումբում քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված նոր զեկույցին ու դրա վերնագրին, որտեղ Ղարաբաղը համարվում է գրավյալ տարածք:

Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ընդդիմությունը չափազանցնում է. «Իրականում բացի քարոզչական, տեղեկատվական դաշտից, այն որեւէ ազդեցություն չի ունենա: Եվ այդ փաստաթուղթը, հետագա զարգացումները կունենան նույն բախտը, ինչ ունեցան այդ նույն կազմակերպության շրջանակներում մյուս փաստաթղթերը, որ ընդունվեցին 2000-ականներին կամ Մինսկի խմբի ֆորմատներից դուրս գործընթացներում: Իրական զարգացումները տեղի են ունենում կամ Մինսկի խմբի գործընթացներում կամ շփման գծում: Ես որեւէ փոփոխություն այդ զեկույցից չեմ սպասում, բացի նրանից, որ մի քիչ կնյարդայնան դրանից լրագրողներն ու հասարակությունը: Որեւէ այլ ազդեցություն դա չի ունենա, նույնիսկ եթե հետագայում լինի բանաձեւ, զեկույց: Այդ կառույցը նույնիսկ չի կարող լուծել մարդու իրավունքների հետ կապված կամ ավելի ցածր մակարդակի խնդիրները: Հետևաբար` մասնակից երկրների այդքան մեծ ներգրավվածության դեպքում որեւէ դեր չի կարող ունենալ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ այդ փաստաթուղթն ընդդիմության կողմից որակվում է որպես աննախադեպ պարտություն, ՀՀ իշխանությունների անգրագետ քաղաքականության արդյունք՝ Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Նույն այդ կառույցում 2003-2004-ին նմանատիպ փաստաթուղթ ընդունվել է: Այնտեղ գրեթե նույն ձեւակերպումները գոյություն ունեին: Իսկ ընդդիմությունը պետք է քննադատի»:

Քաղաքագետը գտնում է, որ ընդդիմությունն ավելի լուրջ տեխնիկական խնդիրներին ուշադրություն չի դարձնում. «Եվ արտգործնախարարության, եւ պետական մարմիններում կան խնդիրներ, բայց դու պետք է մշտական այդ հարցերով զբաղվես, ոչ թե ժամանակ առ ժամանակ փաստաթուղթ ընդունվելիս հիշես, որ պիտի քննադատես ու ասես, որ դա շատ վատ է»:

Մեր հարցին՝ ինչքանո՞վ կարող է դեր խաղալ զեկուցողի՝ Ռոբերտ Վալտերի ընտրությունը, որովհետեւ նա հայտնի է իր պրոադրբեջանական հայացքներով Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ իրականում ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգի ազդեցության նշաններ շատ կան. «Բայց կոնկրետ այս պահին այդ փաստաթղթի ընդունման վրա, կարծում եմ, ավելի շատ ազդեց Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Հասկանալի է, որ այդ կառույցում ավելի քան շատ են հակառուսական հանգամանքները եւ ադրբեջանցիները պարզապես փորձում են օգտվել: Մենք պետք է հասկանանք, որ դա նաեւ գինն է այն անվտանգության անձրեւանոցի, որը փորձում ենք ստանալ ՌԴ-ից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031