Դեռ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկից առաջ հայտնի էր, որ ադրբեջանական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույց, իսկ այդ փաստաթղթի զեկուցող էլ նշանակվելու է ադրբեջանամետ կեցվածքով հայտնի պատգամավոր Ռոբերտ Վալտերը։ Չնայած այդ հանգամանքին, իշխանություններն այս զեկույցով սկսել են զբաղվել միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցել է եւ զեկույցի ընթացքն այլեւս հնարավոր չի եղել կասեցնել։
Հետո հարցը քննարկվել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեում։ Ահա այստեղ Նաղդալյանը գործի է դրել իր դիվանագիտական «ողջ կարողությունը»։ Առանց խորհրդակցելու հայկական պատվիրակության անդամներից որեւէ մեկի հետ, Նաղդալյանն ինքնագլուխ որոշել է ելույթ ունենալ։ Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում նա ագրեսիվ տոնով հարձակվել է պատգամավորների վրա, ընդ որում, ելույթ ունենալով ռուսերեն (թե ՌԴ-Արեւմուտք լարված հարաբերությունների համատեքստում ինչ ազդեցության կարող է ունենալ ռուսերեն ելույթը, կարծում ենք, կռահեցիք):
Քաղաքական կոմիտեի քարտուղար Դորա Բակոյանիսը մի քանի անգամ փորձել է ընդհատել Նաղդալյանին՝ ասելով. «Դադարեցրեք, տիկին»։ Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը շարունակել է ավելի ագրեսիվ տոնով։ Այդ ընթացքում ընդհատվել է Նաղդալյանի ելույթի թարգմանությունը, անգամ անջատել են բարձրախոսը։ Մթնոլորտն այնքան է շիկացել, որ ԵԽԽՎ պատվիրակներից մի քանիսը սուլել է Նաղդալյանին, նրա ուղղությամբ թղթեր նետել։
Երբ Նաղդալյանն ավարտել է շուկայի վեճ հիշեցնող իր ելույթը, հեռացել է դահլիճից։ Մի քանի րոպե անց վերադառնալով, Նաղդալյանը ողջ պատվիրակության եւ ԱԺ-ն անունից հայտարարել է, թե Հայաստանը չի համագործակցի համազեկուցողների հետ եւ որ Հայաստանը խնդիր է տեսնում ԵԽԽՎ-ի հետ հետագա համագործակցության առումով։ Հետո դուռը շրխկացնելով նա կրկին դուրս է եկել՝ բոյկոտելով քաղաքական կոմիտեի աշխատանքները։
Կարդացեք նաև
Եվրոպացի պատվիրակները բավական վատ են ընդունել կատարվածը։
«ՉԻ» աղբյուրները պատմեցին, որ այդ զեկույցը ԵԽԽՎ քաղաքական կոմիտե տեղափոխվելուց հետո հնարավոր է եղել փոխել դրա վերնագիրն ու զեկուցողին։ Այս առումով, հայկական պատվիրակության եւ իշխանական, եւ ընդդիմադիր անդամները նախապես պայմանավորվածության են ձեռք բերել քաղաքական կոմիտեի մի քանի ներկայացուցչի հետ. նրանք խոստացել են օգնել։ Այդ մասին հայ պատվիրակները տեղեկացրել են նաեւ Նաղդալյանին։ Սակայն կոմիտեի նիստում Նաղդալյանի պահվածքը Հայաստանի դեմ է տրամադրել բոլորին, անգամ նրանք, ովքեր հայանպաստ դիրքորոշում են ունեցել եւ նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է
օգնեին հայկական պատվիրակությանը, հրաժարվել են որեւէ քայլ անելուց։ Արդյունքում ԵԽԽՎ-ն հաստատել է թե զեկույցի անվանումը, թե Ռոբերտ Վալտերի թեկնածությունը։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում