Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կլինի հանդիպում՝ Փարիզում». Սերգեյ Մինասյանը՝ արտգործնախարարների հանդիպման մասին

Հոկտեմբեր 07,2014 12:19

Հայաստանը, հաշվի առնելով ՌԴ-ի ճնշումն ու ցանկությունները, մասնակցելով ԵՏՄ-ին, դրանով ինչ-որ չափով լոյալության թեսթն է անցնում: Դա նշանակում է, որ մոտական ժամանակներում, եթե չլինեն ֆորս-մաժորներ, ՌԴ-ն այդ անվտանգային օղակը ՀՀ-ի վրա կշարունակի լայնացնել ու ավելացնել, ինչը կանդրադառնա Հայաստան-ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության վրա»,- Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության մասին «Ուրբաթ» ակումբում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ի անդամակցությանը մի միությանը, որտեղ երկու անդամները անընդհատ դեմ են արտահայտվում ՀՀ-ին եւ Ադրբեջանի դիրքորոշումներն են պաշտպանում՝ Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ղազախստանն ու Բելառուսը հակահայկական քաղաքականություն չունեն պաշտոնապես, նրանց մոտեցումները, ընդհանուր առմամբ, համընկնում են Մինսկի խմբի մոտեցումներին: Քանի որ ԼՂՀ-ն չի հանդիսանում Հայաստանի մաս, պետք է սահմանի հարցը ինչ-որ ձեւով լուծվի: Գոնե ֆորմալ տեսանկյունից Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցներ են հանդիսանում եւ ունեն պարտավորություններ՝ ՀՀ-ում ռազմական վտանգի դեպքում օգնել»:

Ըստ Սերգեյ Մինասյանի, ՀՀ իշխանությունները, շարունակում են շարժվել սեպտեմբերի 3-ի տրամաբանությամբ, գտնում են, որ ԵՏՄ մտնելն այս պահին չարիքի փոքրագույնն է. «ՌԴ-ն ռազմաքաղաքական առումով պատրաստ է կատարել իր պարտավորությունները, որովհետեւ ուզում է պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Ուստի ավելի լավ է Հայաստանի համար ՌԴ-ի հետ համագործակցել, թեկուզ ունենալ կասկածելի գործընկեր, քան թշնամանալ նրա հետ: Ոչ ոք չի կարող բացառել, որ ԵՏՄ-ն կդառնա գործող եւ արդյունավետ կազմակերպություն»:

ԼՂՀ-Հայաստանի միջեւ մաքսակետի հետ կապված Սերգեյ Մինասյանն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տեխնիկապես չեն կարող պարտադրել մաքսակետ դնել Ղարաբաղում. «Հայաստանն ուզում է անդամակցել այդ միության հետ՝ հույս ունենալով, որ տնտեսական, քաղաքական եւ ռազմաքաղաքական ավելի նպաստավոր պայմաններ կլինեն եւ ՀՀ-ի, եւ ԼՂՀ-ի համար: Եթե արդյունքում այնպես ստացվի, որ տնտեսական զարգացման, անվտանգության որեւէ խնդիրներ կստեղծի, ապա հասկանալի է, որ ամբողջ անդամակցությունն այդ միությանը Հայաստանի համար իմաստազրկվում է»:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ այսօր Փարիզում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Հարցին, թե ինչ կտա այդ հանդիպումը, ինչ սպասել՝ Սերգեյ Մինասյանը կարճ պատասխանեց. «Դա կլինի հանդիպում՝ Փարիզում: Պիտի հասկանանք, որ մոտակա ժամանակաշրջանում ստատուս քվոն, բանակցային գործընթացը կամ ԼՂՀ հակամարտության զարգացումները որեւէ սկզբունքային փոփոխություն չեն կարող կրել»:

Ըստ պարոն Մինասյանի, Փարիզում Սերժ Սարգսյանի եւ իլհամ Ալիեւի հանդիպումն էլ ոչինչ չի տա. «Կնստեն, կքննարկեն եւ որեւէ սկզբունքային փոփոխություն տեղի չի ունենա: Եթե նույնիսկ ինչ-որ մի զարգացում լինի, դա կարող է լինել միայն եւ միայն շփման գոտում հնարավոր դեպքերը բացառելու զարգացում, որը չափազանց կասկածելի է, որովհետեւ Ադրբեջանը դրան չի գնա: Եթե գնա, կկորցնի իր վերջին լծակը՝ ազդելու՝ շփման գծում էսկալացիան շարունակելով: Հետևաբար` կլինի հանդիպում, կլինի հայտարարություն, եւ դրանից հետո Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031