«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը փողոց է դուրս գալիս պայքարելու հանուն ժողովրդի, քանի որ ղեկավարները փոխվում են, իսկ ժողովուրդը մնում է անփոփոխ։
– Պարոն Մարտիրոսյան, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Դուք ամենաակտիվ ընդդիմադիրներից էիք, նույն ակտիվությամբ պայքարի դուրս եկաք նաեւ 2013 թվականին։ Ընդ որում, երկու դեպքում էլ Դուք ֆիզիկական հարվածներ ստացաք, դանակահարվեցիք, ապա ծեծվեցիք։ Եվ այդ ամենը, ըստ էության, ապարդյուն, քանի որ ընդդիմությունը չհաղթեց։ Այդքանից հետո այսօր կրկին փողոցային պայքարի եք դուրս եկել։ Ինչո՞ւ։
– Նախ ասեմ, որ ոչ միայն 2008, 2013 թվականներին եմ ակտիվ եղել, ես ակտիվ եղել եմ միշտ, ուղղակի այդ ժամանակ դրսեւորումները մի փոքր այլ էին։ Թե չէ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ինձանից ավելի ակտիվ խորհրդարանական կամ ընդդիմադիր կուսակցական գործունեություն է ծավալել։ Ուղղակի ես կարծում եմ, որ հուսահատությունը պարտություն է, եւ այն պահին, երբ ես հուսահատվեցի, կպարտվեմ։ Ուստի եւ, քանի դեռ հաղթանակի հույս կա, ու քանի դեռ ուժ ունեմ, կամքս ներում է, ես պայքարելու եմ։ Այնպես որ՝ այս անգամ եւս պայքարելու եմ, ցանկությունս միայն այն է, որ ժողովուրդն ակտիվ մասնակցի եւ ոչ թե 2013 թվականի նման, այլ իսկապես մասնակցի այս հանրահավաքային պայքարին։
– Բայց մի՞թե նույն՝ 2008-ին, կամ, առավել եւս՝ 2013-ին ժողովուրդը չէր պայքարում, մի՞թե այդ ընդդիմության առաջնորդները չէին, որ պայքարի ամենաթեժ փուլում ժողովրդին թողեցին փողոցում՝ կա՛մ պարփակվեցին սեփական տանը, կա՛մ գնացին աղոթելու…
Կարդացեք նաև
– 2013 թվականին ես կարծում եմ, որ բավարար մարդ չկար, կարծում եմ, որ
այդ օրը քիչ էինք, երկրորդն էլ, ցավոք սրտի, որոշ «հեղափոխականներ» ճամփի կեսից հետ դարձան ու ժողովրդի կեսին իրենց հետ տարան, ինչն էլ նվազեցրեց մեր շարքերը։ Եվ կրկնում եմ, ցավոք սրտի, վերջում, երբ Բաղրամյան փողոց գնացինք, թվով շատ քիչ էինք։ Իհարկե, ակտիվությունը չեմ կարող ասել, որ այդքան բարձր չէր, բայց այնքան էլ չէր, որ այդ օրը կարողանայինք փոփոխություններ սկսել։ Ու ինչպես արդեն նշեցիք՝ արդյունքում, կարելի է ասել, տուժողներից ամենաշատը ես եղա, բայց ոչինչ, եթե տուժելու խնդիր կա, ավելի լավ է ես տուժեմ, քան քաղաքացիներից որեւէ մեկը։ Ես այլ ճանապարհ չունեմ, որովհետեւ իմ երեխաների ապագան է վտանգված, այս երկրի անվտանգությունն է վտանգված, ու մեր պետության լինելիությունն է վտանգված։ Այն մարդիկ, որոնք հիասթափվել են, ցավոք արտագաղթել են, բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք որեւէ արտագաղթի ալիք թույլ տալու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում