Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ օդանավակայանի կլոր շենքի էստակադան քանդելու հարցի քննարկման առաջարկով։
Այս մասին «ՀԺ»–ին տեղեկացրեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Հարցի քննարկման համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավված է նաեւ Քալաշյանը։
ԱՄՕ ընկերության դիմումի համար առիթ է հանդիսացել այն, որ «Զվարթնոցի» հին կլոր շենքի էստակադայում եզրաքարերի փլուզում է տեղի ունեցել։ Փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը։ Կլոր համալիրի՝ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհահատվածում ձախ կողմից մոտ 40 մետր եւ ավելի փլուզվել են բազրիքները եւ մայթեզրը, առկա է մոտ 30 մետր թուլացած հատվածի փլուզման վտանգ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եզրակացություն են կազմել, որ էստակադան վթարային վիճակում է։
Քաղավիացիայի վարչությունում գտնում են, որ շենքը գտնվում է ցնցումային գոտում։ Իսկ ճարտարապետներն ու սեյսմոլոգները դեռ. 2012 թվականին են եզրակացություն տվել, որ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհային ցանցը՝ նույնն է թե էստակադան, ճիշտ կլինի ապամոնտաժել։
«Պնդում են, որ էնտեղ փլուզման վտանգ կա։ Բայց ինչո՞ւմն է վտանգը, եթե էստակադան չի օգտագործվում, փակ է։ Փոխանակ վերանորոգման հարց բարձրացնեն, ինչո՞ւ են քանդման հարց բարձրացնում։ Ոչ մի վտանգավորություն չկա։ Ճիշտ է, վթարային վիճակում առանձին հատվածներ կան, բայց դրանք կարիք ունեն վերանորոգման։ Ուրիշ ոչինչ»,- ասաց Սաշուր Քալաշյանը։
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ ժամանակավոր հանձնաժողովը, որի կազմում եղել են նաեւ անվանի կոնստրուկտորներ Թեմուր Մարգարյանն ու Գրիգոր Ազիզյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, այլ մասնագետներ, գնացել եւ տեղում ուսումնասիրել է խնդիրը։ «Տեսանք, որ, այո, մի քանի բազրիք փլվել է: Բայց դա չի կարեւորը, հարցը նրանում է, որ մի քանի քարի համար ուզում են ամբողջ կամրջային հատվածը քանդել»,- ասաց Քալաշյանը։ Հանձնաժողովն արդեն պատրաստել է պատասխանի նախնական տարբերակը, որտեղ նշված է, որ չնայած վթարայնություն առկա է, սակայն էստակադան քանդելու կարիք չկա։ «Իրենց նպատակը շենքը քանդելն է, որի առաջին քայլը էստակադան է։ Իսկ քանդելու համար Էռնեկյանը 2,5 միլիոն դոլար է հատկացրել։ Հիմա պետք է մի բան անել, էդ փողը վերցնել։ Էդ է իրենց մտացավը։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ շենքը հանձնվել է կոնցեսիոներին՝ առնվազն 10 տարի, վերանորոգման չի ենթարկվել»,- ասաց ճարտարապետը։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում