Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների եւ այլ մանկլավիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլեւ նրան համարում են անփոխարինելի մարզպետ։ Բնականաբար՝ նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»՝ հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն, ի դեպ,նույնպես պահվում է վերջիններիս հոգու խորքում։ Սակայն այդ համատարած մեղավորության, անհարմարության զգացումը, որքան էլ որ պնդեն հակառակը, դժվար է անտեսել եւ շրջանցել։
Եվ դա գիտակցում են բոլորը, այդ թվում եւ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը կարծես թե որոշել է իր գործունեությամբ ցույց տալ, որ իրականում ինքն իրոք վատ մարզպետ չէ եւ մտածում է սյունեցիների մասին՝ այդպիսով նաեւ «թեւ տալով» այս օրերին իրեն գովաբանողներին։ Երեկ, օրինակ, նա հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ անցկացրած խորհրդակցության արդյունքում հասել է այն բանին, որ հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է՝ դառնալով 600 գրամ հացի դիմաց՝ 240 դրամ։ Ասել է թե՝ «անփոխարինելի» մարզպետի ջանքերով այսօրվանից սյունեցիները նույն գումարով ավելի շատ հաց կգնեն։
Իհարկե, ամենեւին չցանկանալով անգամ Լիսկայի նման մեկի դրական քայլերը քննադատել, նշենք, որ մենք միայն ուրախ կլինենք, որ հաջորդիվ՝ Սուրեն Խաչատրյանը ջանքեր գործադրի նաեւ այլ հարցերում մարզի բնակիչների սոցիալական վիճակը թեթեւացնելու ուղղությամբ։ Ի վերջո, արդեն իսկ դրական է այն, որ նա գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի «սիրտը շահելուց» առավել կարեւոր է սեփական ժողովրդի ատելությունը գոնե փոքր-ինչ մեղմելը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև