Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբեր 07,2014 10:39

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նախարարից հետաքրքրվել, թե որոնք են դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակները և գերակայությունները մեր երկրում: Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ դատաիրավական բարեփոխումները մեր երկրում դինամիկ բնույթ են կրում, և հիմնական խնդիրները վերաբերում են դատական համակարգի արդյունավետությանն ու հանրային վստահության բարձրացմանը:

Նախարարի համոզմամբ, հանրային վստահության մակարդակի բարձրացումը հնարավորություն կտա գործի դնել հետադարձ կապի մեխանիզմն ու ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: «Այս խնդիրը միայն պետական կառավարման ոլորտինը կամ դատական համակարգինը չէ, այն ավելի բազմաշերտ է և վերաբերում է այլ կողմերին ևս՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և զանգվածային լրատվության միջոցներին: Պետք է աշխատենք նաև ԶԼՄ-ների հետ, որպեսզի մատուցվող տեղեկությունը լինի գրագետ ձևակերպված, համապատասխանի էթիկային սկզբունքներին և բացառվի ապատեղեկատվությունը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Հարցին, թե որքանով են դատավորները պատժվում իրենց սխալների համար, Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ հարցը շատ զգայուն է և դրա լուծմանը պետք է զգույշ մոտենալ: Անհրաժեշտ է մշակել կիրառելի գործիքակազմ, որն ուղղված կլինի կարգապահական պատասխանատվության մեխանիզմների ճիշտ գործադրմանը: Ըստ նրա՝ այստեղ գործադիր իշխանության միջամտությունը կարող է վտանգել դատական իշխանության անկախությունը, ուստի պետք է հարցը լուծել առավելապես ներքին վերահսկողության կարգավորումների միջոցով:

Նիլս Մուժնիկսին հետաքրքրել է նաև դատավորների ծանրաբեռնվածության հարցը: Նախարարը նշել է, որ ներկայում առկա են գործերի օպտիմալ բաշխման որոշակի խնդիրներ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը դատական համակարգի գործընկերների հետ նախանշել է դրանց լուծման ուղղությունները:
Հյուրերին ներկայացվել է նաև քրեական և քրեադատավարական օրենսդրության համակարգում նախատեսվող փոփոխությունները, դրանցով առաջարկվող կարգավորումների էությունը և գործադրման երաշխիքները: Մասնավորապես, Արդարադատության նախարարի կողմից արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվել են կալանքին այլընտրանքային նոր խափանման միջոցներ: Կալանքը համարվում է բացառիկ միջոց, որի կիրառության համար անհրաժեշտ է հավաստել, որ խափանման մյուս միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Այդ կերպ, նախատեսվում է լուծել մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությանը:

Անդրադարձել են նաև դատախազության և քննչական ծառայությունների հետ համագործակցության աշխատանքներին, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ուղղված մի շարք բարեփոխումներին, այդ թվում՝ դատապարտյալների հոգեբանական և մշակութային խնդիրներին առնչվող հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին ու ծրագրերին:

Հովհաննես Մանուկյանը հանդիպման ավարտին Նիլս Մուժնիկսին հանձնել է դատապարտյալի ձեռքով պատրաստված հուշանվեր և համոզմունք հայտնել, որ արդարադատությունն ի վերջո կլինի հասարակական հարաբերությունների լավագույն կարգավորիչը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արման Թաթոյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը, այլք:

 
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031