Ինչպես շատ ու շատ երևույթներ, դավաճանությունը ևս մարդ արարածին բնորոշ հատկանիշ է: Այն մարդկության հետ ծնվել ու նրա հետ էլ վերանալու է: Աշխարհում դժվար թե գտնվի որևէ բանական արարած, որի հոգին տակնուվրա չլինի` մտերիմի կողմից իր նկատմամբ կատարած դավաճանությունից: Իհարկե, մեր կյանքում ցավեցնող՝ անցանկալի, անընդունելի բազմաթիվ և բազմապիսի բացասական երևույթներ շատ կան, սակայն դավաճանությունն իր ուժգնությամբ՝ նվազագույնը պատիկներով գերազանցում է դրանց:
Այն պարագաներում, երբ դավաճանությունն աշխատում է սովորական՝ աշխատանքային, հարևանական, ծանոթական և առօրեական այլ հարաբերությունների դաշտում, դա ընդամենը ցավ և ափսոսանք առաջացնող երևույթ է, իսկ եթե աշխատում է խիստ մտերմիկ հարաբերությունների դաշտում, ապա այն ուղղակի սպանիչ է: Այստեղ մտերմիկ հարաբերությունների դաշտ ասելով, ի նկատի ունենք այն, երբ այդ սուբյեկտների ներքին դաշտերը զգալի չափով միախառնված են, այսինքն` իրար հետ հատման բավականին լայն տիրույթ ունեն: Այլ խոսքով, դա այն իրավիճակն է, երբ այդ հատման չափով` քոնը նվիրել ես նրան, համոզված լինելով, որ դա նաև իրենն է և հակառակը, նա էլ` քեզ: Եվ գալիս է մի վիճակ, երբ դա քոնն է, թե իրենը, արդեն միևնույն է, քանզի դուք հենց այդ չափով էլ հավատում և վստահում եք միմյանց: Ասվածը փորձենք ներկայացնել հետևյալ օրինակով. երբ տղայի ու աղջկա ներքին դաշտերի ընդհանրական տիրույթն այնքան է ընդլայնվում, որ նրանց տանում է ամուսնության, դա նշանակում է, որ իրար նկատմամբ` հավատի և վստահության չափն ուղիղ համեմատական է նրանց ներքին դաշտերի հատման չափին: Եվ ամուսնանալով՝ նրանք համատեղում են նաև իրենց ֆիզիկական դաշտերը և ապրում նույն հարկի տակ: Ավելին, գնալով նրանց ընդհանրական դաշտն ավելի է ընդլայնվում և նրանք հայտնվում են մի բարձի վրա, մի վերմակի տակ՝ մի մարմին դարձած: Եվ որքան մեծ է լինում այդ դաշտերի հատման տիրույթը, այդքան էլ մեծ է լինում դավաճանության պատճառած ցավը: Արտաքին դրսևորմամբ` դավաճանությունը մի տեսակի է լինում, սակայն բովանդակային առումով՝ այն տարբեր երանգներ է ունենում, կախված նրանից, թե դավաճանության սուբյեկտներն ովքեր են իրար համար: Եթե փորձենք դավաճանության դաշտում որոշակի պայմանական դասակարգում մտցնել, ապա այն կունենա մոտավոր հետևյալ պատկերը. թիվ մեկ` հայրենիքի նկատմամբ դավաճանությունը, թիվ երկու` ծնողի կողմից երեխայի նկատմամբ դավաճանությունը, թիվ երեք` երեխայի կողմից ծնողի նկատմամբ դավաճանությունը, թիվ չորս` ամուսինների կողմից իրար նկատմամբ դավաճանությունը, թիվ հինգ` քույր, եղբայրների կողմից իրար նկատմամբ դավաճանությունը, թիվ վեց` ընկերների կողմից իրար նկատմամբ դավաճանությունը և այսպես շարունակ: Չնայած, վերը ասվածն ավելի շատ հարիր է հայկական իրականությանը, սակայն այն այնքան էլ հեռու չէ ողջ մարդկության համար ընդհանրական լինելուց:
Ասվածն ընդհանրացնելով, փորձենք որոշակի ձևակերպում տալ, թե ինչ ենք հասկանում դավաճանություն ասելով: Դավաճանությունը` դա միմյանց նկատմամբ որոշակի կապերով կապված սուբյեկտների կողմից` միակողմանի կամ երկկողմանի կատարած անհավատարիմ քայլերն են, որոնց հետևանքով նրանց միջև առկա վստահությունը և ջերմ հարաբերությունները փոխակերպվում են անվստահության ու անհանդուրժելի հարաբերությունների: Ասվածից պարզորոշ երևում է, որ կողմերի միջև դավաճանությունը հիմնականում տեղի է ունենում զգացմունքների` հարգանքի, սիրո, … միակողմանի կամ երկկողմանի բացակայության, ինչպես նաև, դրանց երերուն լինելու պատճառով: Այլ խոսքով, հանուն որոշակի նպատակների, կողմերից մեկը կամ երկուսն էլ վարպետորեն` դիմացինին հավատացնելու աստիճանի խաղում են` կեղծ ձևով ցուցադրելով զգացմունքներ, հույս փայփայելով, որ այդ վիճակը կպահեն այնքան ժամանակ, որքան հնարավոր է: Նմանատիպ իրավիճակներում հայտնված մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի` դավաճանող և չդավաճանող: Դավաճանող խումբն այն մարդիկ են, ովքեր կամքից շատ թույլ են, սրբություններ չունեն, նրանց գիտակցությունը` զգացմունքների գերին է, կյանքում` հեռուն չեն տեսնում, մի խոսքով` նրանք իրենց չեն հարգում և ինչպես ժողովուրդն է ասում. նրանց արյունը մաքուր չէ: Չդավաճանող խումբն այն մարդիկ են, ովքեր կամքից ուժեղ են, ունեն սրբություններ, կարողանում են ուղեղով ղեկավարել զգացմունքներին, կյանքում` հեռուն են տեսնում, իրենց շատ հարգում և գնահատում են ու անկասկած` նրանց արյունը մաքուր է: Որքան էլ տարօրինակ է, սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ ավելի քիչ զգացմունքներ տածողները կամ նույնիսկ` ընդհանրապես զգացմունքներ չտածողները, երբեք չեն դավաճանում, իսկ բավականին զգացմունքներ տածողները` շատ հաճախ դավաճանում են: Մասնավորապես, եթե անդրադառնանք ամուսինների և ընկերների դավաճանությանը, ապա կարելի է հստակորեն նշել, որ այդ դեպքերը չափազանց ցավոտ են, սակայն համեմատաբար հեշտ լուծելի: Վերջիվերջո, նրանք օտարներ են, կարող են հեռանալ իրարից, հոգու ներսում պահելով դավաճանության ցավի սպին:
Մեծ հաշվով, դավաճանությունը տեսակի հետևանք է…
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ