Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի լեհահայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն նկարչի 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:
Այս տարվա հունիսի 18-ին Լեհաստանի Սոպոտ քաղաքի պետական պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը, որտեղ համատեղ ցուցադրվել են Հովհաննես Այվազովսկու և Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները, մեծ հաջողություն է ունեցել՝ գաղափար տալով ևս մեկ ցուցադրության, բայց այս անգամ արդեն նկարչի հայրենիքում:
«Ես համոզված եմ, որ Աքսենտովիչը երազել է անկախ Հայաստանում անհատական ցուցահանդես ունենալու մասին, և այսօր նրա երազանքն իրականանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն էլ կարևորեց այս ցուցահանդեսը ոչ միայն իր գեղարվեստական, մշակութային, այլև դիվանագիտական նշանակությամբ. «Հայ-լեհական մշակութային կապերը դեռևս 11-րդ դարից բավականին խորն են եղել, և մենք ուրախ ենք, որ այսպիսի խոշոր միջոցառումը պետք է անցկացվի հենց Հայաստանի ազգային պատկերասրահում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
«Մենք խոսում ենք համաշխարհային ճանաչում ունեցող մի նկարչի մասին, որը երբևէ չմոռացավ իր հայկական արմատների մասին: Դրա վկայությունը նրա՝ հայերի կրոնին, մշակույթին ու պատմությանն անդրադարձող ստեղծագործություններն են, ինչպես, օրինակ, «Հայերը Լեհաստանում» նկարը կամ Լվովի հայկական եկեղեցու համար արված վիտրաժի, եկեղեցու խորանի և կենտրոնական աբսիդում մոզաիկայի նախագծերը, որոնք, ցավոք, իրականություն չդարձան»,- նշեց ցուցահանդեսի համակարգող Աննա Կրուլը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին ներկա գտնվելու համար Հայաստան կգան նաև Թ. Աքսենտովիչի թոռն ու թոռնուհին:
Տեղեկացնենք, որ Թ. Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ