Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ուսուցչի տոնի առիթով մանկավարժներին ավտոմեքենաներ նվիրելուն ասաց, որ այդ ավտոմեքենաների գները ուսուցիչների թվի վրա բաժանելու դեպքում շատ չնչին գումարով նրանց աշխատավարձը կավելանար, սակայն շոու սարքելն ու աջ ու ձախ քարոզելը ԿԳ նախարարության եւ կառավարության համար ավելի նպատակահարմար է:
«Իրենց թվում է՝ էժան են պրծնում, որ նման խորամանկության են դիմում: Երեւի նրանից է, որ շատերը չհասցրին Կոմսոմոլից Կոմկուս ընդունվել, դառնալ Սովետական ֆիլմերի իրենց երազած կինոյի տղան, հիմա այդ ավանդույթներն են շարունակվում, այնինչ մանկավարժների մասին ավելի լրջությամբ եւ խորությամբ պետք է մտածել: Մանկավարժների կատարած աշխատանքը համեմատելով իրենց ստացածի հետ, ես անարդար եմ համարում, չհաշված՝ կրթության ոլորտի տոտալ կուսակցականացումը: Օրինակ, եթե նախարարը Հանրապետական է, հանրահավաքների ժամանակ մանկավարժը ստիպված է բարձր դասարանցիներին առնել- գալ հանրահավաքների, մինչդեռ ուրիշ թեկնածուների հանրահավաքների ժամանակ պարտավոր է խելոք դաս անել»,-փաստում է պարոն Բարսեղյանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի խորհրդի նախագահի ձեւակերպմամբ, կրթության ոլորտը միակը չէ, բոլոր ոլորտներում էլ համակարգային ճգնաժամ է, որովհետեւ «մեզ Հուլիոս Կեսարի ու Նապոլեոնի պես տղա բաժին չի ընկել»:
Լեւոն Բարսեղյանի խոսքով, կրթությունը փակ համակարգ չէ, ու այն, որ որոշ դպրոցներում կարմիր վզկապ են կապում կամ առանց Եռագույնի պիոներական շքերթ անում, ներկայիս ռեժիմի քաղաքական վարկից ու կերպարից է բխում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ