Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ իշխանություններին. «Որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»

Հոկտեմբեր 06,2014 18:14

«Ո՞նց է ստացվել, որ սրանք մնում են: Սրանք մի արդարացում են գտել՝ ճիշտ է ժողովուրդ ջան, թալանում ենք, կազինո էլ ենք գնում, բայց զատո Ղարաբաղը պահում ենք: Դիվանագիտական ասպարեզում մեր կոշտ դիրքորոշումներով Ղարաբաղը պահում ենք: Այս թեման ես բացում եմ, որովհետեւ նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ՀՀ իշխանությունը կրել է իր պատմության գուցե ամենախայտառակ պարտություններից մեկը»,- այսօր Վանաձորում ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքին իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց վանաձորցիներին, որ ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության ահագնացում ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով. «Այս վերնագրից հետեւում է, որ ԵԽԽՎ-ն համարում է ԼՂՀ-ն Ադրբեջանից օկուպացված տարածք: Մի բան, որ երբեք փաստաթղթերում ձեւակերպած չի եղել: Խոսել են այդ մասին, բայց նման բան չի եղել: Սրա միակ պատասխանատուն անգրագետ, թալանչի իշխանությունն է: Սրանք Ղարաբաղը պահողը չեն, սրանք Ղարաբաղը ծախողն ենք, տվողն են: Սրանք այնպես են անում, որ մեր երկիրը կորցնում է դիմակայելու որեւէ ռեսուրս»:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր ակտիվ քաղաքականություն, իշխանությունները հակաքարոզչություն տանելիս ասում էին, թե նա Ղարաբաղը կտա. «Խաբեցին մարդկանց, ասեցին, թե գիտեք, Լեւոնը գալիս է Ղարաբաղը տալու: Շատերը հավատացին, որ եթե իրենք չլինեն իշխանություն, Ղարաբաղը տալու է: Իրենք այսօր կորցրեցին այդ վերջին հաղթաթուղթը: Այլեւս ոչ ոք չի մտածում նրանց մասին՝ որպես Ղարաբաղը պահող: Այնպես որ, Հովիկ Աբրահամյաններ, Սերժ Սարգսյաններ, մեզ չվախեցնեք: Հլա տեսնենք, որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»:

Նա հորդորեց հավաքվածներին գիտակցել ժողովրդի ուժը, որը պետք է արտահայտվի հոկտեմբերի 10-ին եւ նաեւ իշխանափոխությունից հետո. «Ապացուցեք, որ այս երկրի բախտը գտնվում է ձեր ձեռքում: Ուրեմն հանուն Հայաստանի անվտանգության, պաշտպանունակության, հանուն արդարության, օրինական պետության, բոլորդ հոկտեմբերի 10-ին ցույց տվեք ժողովրդի ուժը: Երբ ցույց տաք այդ ուժը, բոլորդ գոռալու ենք՝ Սեր-ժիկ, հեռացիր, Սեր-ժիկ, հեռացիր»:

Վանաձորի հանրահավաքը բավականին բազմամարդ էր, ուստի Տիգրան Ուրիխանյանն ասաց՝ հիմա գիտե՞ք ոնց են մղկտում իշխանությունները՝ տեսնելով, թե ինչպես եք այս եղանակին կանգնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031