Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը՝ մալուխի գործի հետեւանքների մասին

Հոկտեմբեր 06,2014 17:20

Aravot.am-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այն մալուխների հայտնի «ատկատը», որի մասին նա հայտարարեց ԱԺ-ում՝ 2012-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Իշխան Զաքարյանը իր հետ մալուխ էր բերել եւ այն թափահարելով՝ հայտարարում էր, որ որոշ դատարանների կառուցման ժամանակ օգտագործվել է ահա այդպիսի մալուխ, որի գինը խանութում մեկ մետրը 110 դրամ է, իսկ նախահաշիվներում այդ նույն մալուխը գրված է շուրջ 30 անգամ ավելի գումարով։
Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Մենք ինչ էինք ասում, մենք ասում էինք, որ եթե իրականում մի ապրանքի գինը 107 դրամ է, կատարողական ակտերով ստանում են, ենթադրենք, 20 հազար դրամ: Հրայրը Թովմասյան ցույց տվեց տախտակը եւ ասեց՝ սա ստացել ենք կատարողական ակտերով 2000 դրամ, բայց իրական գինը բոլորս գիտենք, որ 180-200 հազար դրամ է: Այ մեր ասածը սա է՝ ժողովուրդ, նախահաշիվներում գրեք իրական գները: Եթե մալուխը 107 դրամ է, գրեք 107 դրամ, եթե տախտակի խմ-ն 180 հազար դրամ է, գրեք 180 հազար դրամ, ինչո՞ւ եք մի դեպքում գրում 2000, մի դեպքում գրում 20 հազար: Իրենք մեզ բացատրում են, ասում են, որ գներ ենք դնում, բայց ընդհանուր փաթեթային մրցույթի գնից դուրս չենք գալիս: Մենք գտնում էինք, որ այդտեղ ռիսկեր կան կոռուպցիոն, ամբողջը վերաբերում էր հենց այդ նախագծեր, տոկոսներ, փաթեթներ խնդիրներին: Հիմա տեսնում եք, ծավալային հավելագրումները գրեթե իջել են 0-ի: Սա անժխտելի փաստ է: Մենք գոնե 4 մարզպետարաններում կատարել ենք ուսումնասիրություն, քաղաքաշինության նախարարության ԾՒԳ-ում կատարել ենք ուսումնասիրություն, «Սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրում կատարել ենք ուսումնասիրություն, տրանսպորտի նախարարությունում կատարել ենք: Մի դեպքում ստացել ենք 0.2 տոկոս մարզպետարանների մասով, տրանսպորտի նախարարության մասով ստացել ենք 0.7 տոկոս:

Բայց սրա կողքին կա լուրջ խնդիր՝ կապված կիրառվող տոկոսադրույքի հետ: Դա, իհարկե, շատ նեղ մասնագիտական խնդիր է: Մենք մեր կողմից ունենք մշակված նախագիծ գրեթե 15 էջ՝ կառավարության որոշման տեսքով: Դա արդեն պատրաստ է, ստեղծվել է աշխատանքային խումբ, հիմա աշխատում ենք: Մենք առաջարկում ենք 19 տոկոս կրճատել: Հիմա արդյունքում 19 տոկոս կկրճատվի, 7 տոկոս, թե 20 տոկոս, դա խնդրի մասնագիտական կողմն է: Բայց որ պրոբլեմը կա ու պրոբլեմը բոլորն ընդունում են, դա փաստ է»,- այսպես Իշխան Զաքարյանն այդպես էլ չպատասխանեց, թե ի՞նչ եղավ այդ աղմկոտ բացահայտման հետեւանքը:

Հիշեցնենք, որ այն ժամանակ՝ հաշվետվությունը ներկայացնելիս, Իշխան Զաքարյանը բոլորովին էլ մալուխի գնի՝ նախահաշիվներում սխալ ձեւակերպման համար չէր մտահոգություն հայտնում: Նա հստակ հայտարարել էր, որ եթե նույնիսկ ընդհանուրի մեջ են նայում, ընդհանուրը գումարում-հանում են, 200 մլն դրամ ավել գումար են տարել բյուջեից. «Երբ ասում եմ, մալուխն արժի 110 դրամ, բայց ձևակերպված է ավելի թանկ, նախարարը ցույց է տալիս փայտի կտորն ու ասում, թե այդ փայտն արժե ավելի թանկ, քան գրված է: Շատ լավ` մենք ուրիշ բան չենք ասում, բայց արդար չէ: Ես Հրայր Թովմասյանին երկու անգամ հրավիրել եմ, ասել եմ` կա պրոբլեմ, ինքն էլ ասել է, թե իր օրոք դա չի կատարվել, որ ինքը կապ չունի` ավելին` ԾԻԳ-ի հետ էլ կապ չունի: Բայց ՎՊ մասնագետները ասում են, որ մեկը էժան է գնվել, մյուսը՝ թանկ, բայց էժան-թանկ գումարում-հանում ենք՝ 200 մլն ավել գումար եք տարել: Սա է մեր ասածը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031