«Որոշեցինք` ոչ թե այսօրվա խնդիր լուծենք, այլ վաղվա խնդրի մասին մտածենք»,- այսօր` հոկտեմբերի 6-ին, հայտարարեց հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը:
Նշենք` հոկտեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերությունը 9:00-24:00-ն ընկած հատվածում կազմակերպելու է դրամահավաք` Գյումրիում «Թումո» նորարարական կենտրոն բացելու նպատակով:
Արտյոմ Երկանյանը հավելեց, որ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարը պետք է, որ բավականացնի շենքը անհրաժեշտ պայմաններին հարմարեցնելու, կահավորելու եւ առաջին մեկ տարվա աշխատավարձներն ապահովելու համար: Եվ չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքը դեռ չի սկսվել, Արտյոմ Երկանյանը ներկաներին հայտնեց, որ որոշ գումար արդեն հավաքվել է. «Հետագայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հույս ունեմ, որ նման դրամահավաքները կդառնան ավանդական, եւ հետագայում «Շանթը» «Թումոյի» հետ համատեղ պատասխանատվություն է կրելու այդ մասնաճյուղի ապագա գործունեության համար»:
«Թումո» նորարարական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը նշեց, որ հիմնադրվելու օրից կենտրոնը նպատակ է ունեցել տարածվել Հայաստանի Հանրապետությունով մեկ: Առաջին փորձը եղել է 2013 թվականին, երբ Դիլիջան քաղաքում ստեղծվեց «Թումո» կենտրոն. «Երբ «Շանթը» հանդես եկավ նման հայտարարությամբ, մեզ համար ոգեւորիչ էր` կարծես մեր նախագծերն ավելի շուտ են իրականանում: Մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի գյումրեցի պատանիները նույնպես այն բոլոր հնարավորություններից օգտվեն, որոնցից օգտվում են ե’ւ Երեւանի պատանիները, ե’ւ Դիլիջանի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ