Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի գործարար պատգամավորները մի օր արթնանալու են ու ստեղծեն ընդդիմադիր խմբակցություն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 16:55

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ խոշորների ստվերը ջրի երես հանելու պատրվակով շրջանառության հարկը նվազեցնելով իշխանությունները միամտություն դրսեւորեցին: Այսօր «Հայելի» ակումբում, պարոն Ասատրյանը վստահեցրեց, որ այդ ճանապարհով, ամենեւին էլ խոշորի ստվերի հարցը չի լուծվելու, ընդհակառակը փոքր եւ միջին բիզնեսին վնասելու են. «Ընդամենը պետք է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջը, այն է, որ գործարարը չի կարող օրենսդիր մարմնում լինել, սա խոշորի դեմ պայքարելու միջոց է»:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ էլ, ՀՀԿ-ական պատգամավորները մի օր արթնանալու են եւ տեսնեն, որ իրենք իրենց շահերի դեմ են հանդես գալիս. «Եվ առանձնանալու են ու ստեղծեն առանձին, ընդդիմադիր խմբակցություն»:

Պարոն Ասատրյանը կասկածի տակ է դնում, որ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ըստ նրա, սա ավելի շատ «քաղաքական պրոեկտ է, քան` տնտեսական»

Արամ Սարգսյանի կարծիքով էլ, ԵՏՄ-ին միանալը հարցականի տակ է, քանի որ այն ինչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները, մինչեւ հիմա չեն արել. «Ստորագրելուց հետո դա ավելի շատ քաղաքական խնդիր է դառնում, որովհետեւ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն` անհրաժեշտ է այդ եռյակին աշխարհաքաղաքական այդ պայմաններին: Շատ երկար ժամանակ է պետք լինելու, որ Հայաստանը համապատասխանի այն պայմանավորվածություններին, որոնք կան Եվրասիական միության երեք երկրների միջեւ»:


Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին, պարոն Ասատրյանն ասաց, որ այս տարի տրանսֆերտները 2 տոկոսով նվազել են, իսկ որ ամենավտանգավորն է, 10 տոկոսով ավելացել է կապիտալի արտահոսքը: Տնտեսագետի պնդմամբ, տնտեսական աճը երեք տոկոսից էլ ցածր է, գնաճը` 4 տոկոս է. «Ակնհայտ է, որ այդ պայմաններում ոչ մի սոցիալական հարց չի լուծվելու: Իսկ Ռուսաստանի ծոցը գնալու դեպքում մյուս տարի Հայաստանի վիճակն ավելի վատ է լինելու: Գոնե այս իրավիճակը պահպանելու համար 6-7 տոկոս տնտեսական աճ է պետք»:


Արամ Սարգսյանի կարծիքով, տնտեսական անկում ունեն Եվրոպա գնացած Ռումինիան, Բուլղարիան եւ այլ երկրներ, քանի որ նրանց արտադրանքն էլ չի համապատասխանել եվրոպական չափանիշներին եւ Եվրոպան հրաժարվել է դրանք ընդունել:


Հարցին, թե հոկտեմբերի 10-ին ի՞նչ սպասել եռյակից, արդյոք այդ հանրահավաքը ինչ-որ բան փոխելո՞ւ է, պարոն Ասատրյանն ասաց. «Ես եռյակի փոխարեն պատասխանելու բան չունեմ», ապա ավելացրեց` Հայաստանում շատ քիչ մարդիկ են որ անտարբեր են լինելու: Ըստ նրա` մեր ապագան պայքարելով է փոխվելու:

Արամ Սարգսյանն էլ գտնում է, որ եռյակի 12 կետից բաղկացած ծրագիրը չէ միայն եւ եռյակի պահանջներն ընդամենը խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն. «Եթե քաղաքական խնդիր է դրված իշխանափոխության, ապա պետք է հասկանան` ինչ են պահանջում, քաղաքական որ մեթոդով են դրան գնալու, եթե գնալու են արտահերթ ընտրություններով, ապա դա է ճիշտը, բայց եթե այս երկիրը Մայդան են սարքելու, ապա դրանից հետո կարող է այս երկիրը գոյություն չունենալ: Եթե արտահերթ ընտրությունների պահանջ են ներկայացնում, ապա ես կողմ եմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031