Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղաղակող» խախտում` ՄԻԵԴ-ում հայ դատավորների ընտրության գործընթացում

Հոկտեմբեր 06,2014 16:45

Արմեն Հարությունյան, Նորա Կարապետյան, Արայիկ Մելքումյան. սրանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող այն թեկնածուների անուններն են, որոնք ըստ «Իրավունքի եվրոպա» հ/կ-ի տվյալների` իրենց փաստաթղթերը ներկայացրել են ժամկետից` սեպտեմբերի 24-ից ուշ:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եվրոպա» հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը մանրամասնեց. «Սեպտեմբերի 24-ից հետո արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտարարեց, թե գրանցվել են 11 թեկնածուներ և միայն սեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ դրվեց 14 հավակնորդների մասին հայտարարությունը: Ունենք բոլոր հիմքերն ասելու, որ հավակնորդների թիվը 3-ով ավելացավ, քանի որ ընդգրկվեցին ժամկետից ուշ փաստաթղթեր ներկայացրած անձինք»:
Aravot.am-ի հակադարձմանը, թե Արմեն Հարությունյանը, օրինակ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, հնարավոր է այդ պատճառով են նրա փաստաթղթերը ուշ տեղ հասել, պարոն Շուշանյանը պատասխանեց. «Ես ենթադրություններ չեմ անի, կխոսեմ փաստերով: Առաջին փաստն այն է, որ Արմեն Հարությունյանի ուղարկած փաստաթղթերը փոստային փաթեթով արդարադատության նախարարության փոստային բաժանմունքում սեպտեմբերի 24-ին, 18. 45-ին է գրանցվել, ինչը նշանակում է, որ մինչև ժամը 18.00-ն չէր կարող հանձնվել, բայց նրա անունը` որպես հավակնորդ, գրանցվել է գրանցամատյանում: Իսկ եթե Արմեն Հարությունյանը կամ որևէ հավակնորդ ժամկետներում փաստաթղթեր ներկայացնելու խնդիր ունի, նա կարող էր հանձնաժողովին իրազեկել այդ մասին, ինչպես, օրինակ, Արման Սարվարյանը: Նա բնակվում է Մեծ Բրիտանիայում, փաստաթղթերը փոստով է ուղարկել և նախապես զգուշացրել էր, որ հնարավոր է դրանք տեղ հասնեն սեպտեմբերի 25, 26-ին»:

Մուշեղ Շուշանյանի կարծիքով`գործընթացն արդեն ստվերվել է. «Վերոնշյալ հարցերի վերաբերյալ մենք տարածեցինք հայտարարություն և պահանջեցինք հանձնաժողովին արձագանքել ու գնահատական տալ և պահանջում էինք, որ այդ երեք հավակնորդները ցուցակից հանվեն: Բայց փաստորեն այն, որ հանձնաժողովն անմիջապես անցավ հարցազրույցի փուլին, դրանից հետևում է, որ ըստ նրանց` որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Այսպիսի խախտումներ են եղել, ՀՀ-ում այսպիսի համապետական ընտրություններ են, որ կեղծվել են, դե հիմա, մի ժամ այս կողմ, մի ժամ այն կողմ, այլ կերպ չեն կարող: Բայց ակնհայտ է, որ անկախ մրցակցության արդյունքներից, արդեն իսկ մրցույթի օբյեկտիվ, արդարացի ընթացքը ստվերվում է: Սա աղաղակող խախտում է, խայտառակություն է, դրան հստակ գնահատական պիտի տրվի»:

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմն այս առիթով ներկայացրել էր պարզաբանում, որում մասնավորապես նշված է. «Նշված անձանցից Արմեն Հարությունյանի կողմից փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացված լինելու մասին վկայում է սույն գրությանը կից ներկայացված փոստային ծրարի լուսապատճենը՝ «23 SEP 2014» և «24 SEP 2014» նշումներով, ինչը վկայում է փաստաթղթերը 2014 թվականի սեպտեմբերի 24-ին փոստային ծառայությունից ստացված լինելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում: Անդրադառնալով հավակնորդներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը ներկայացնելու ժամկետներին՝ սույն գրությանը կից ներկայացված են վերջիններիս համապատասխանաբար 22.09.2014 թվականին ժամը 17:48 և 23.09.2014 թվականին ժամը 15:18 ՀՀ արդարադատության նախարարություն ներկայանալու մասին վկայող ՀՀ արդարադատության նախարարության պահակակետում վարվող մատյանի էջերի լուսապատճենները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031