Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի

Հոկտեմբեր 06,2014 16:38

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը:

Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև տարեվերջ՝ նաև հաջորդ տարի սոցիալական ուղղվածության այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում թե´ ծրագրերի և թե´ քաղաքի տոնին մասնակցելու նպատակով Երևան այցելող պատվիրակությունների թվի առումով: Քաղաքի տոնի կապակցությամբ այս տարի տարբեր քաղաքներից շուրջ 40 պատվիրակությունների ենք սպասում: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են տոնակատարության շրջանակում, այդ թվում՝ «Երևան 2025» կոնֆերանսի անցկացումը, իրենց առանձնահատուկ կարևորությունն ունեն մեր քաղաքի համար, և այդ իսկ պատճառով նման ծրագրերը պետք է դարձնենք ավանդական», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ընթացիկ ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անձամբ լինել տեղերում և խստորեն հետևել կատարվող աշխատանքների որակին:

«Շինբարեկարգման գծով իրականացվող բոլոր ծրագրերի նկատմամբ, լինի ճանապարհաշինություն, ընթացիկ ասֆալտապատում, թե կրթամշակութային օջախների նորոգում կամ հիմնանորոգում, եղեք խիստ ու հետևողական: Մեզանից յուրաքանչյուրի համար ուղղակի պատվի հարց է կատարվող աշխատանքների որակի ապահովումը, և որևէ մեկս իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն: Մինչև տարեվերջ շարունակվելու է շինարարական աշխատանքների կատարողականների ընդունման գործընթացը, և այս հարցում բոլոր պատասխանատուներից պահանջում եմ առավելագույն բծախնդրություն: Անձամբ այցելեք շահագործման հանձնվող բոլոր օբյեկտներ, տեղում մասնագետների մասնակցությամբ գնահատեք կատարված աշխատանքն ու եթե անգամ փոքր թերություն արձանագրեք, ապա աշխատանքը չընդունեք, մինչև թերությունը չվերացվի: Իսկ անորակ աշխատանք կատարած կազմակերպությունների նկատմամբ ընդհանրապես ձեռնարկեք օրենքով սահմանված ամենախիստ միջոցները՝ գործերն ուղարկելով համապատասխան մարմիններ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ընթացող առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ամբողջությամբ ավարտվել է առողջապահական 3 հիմնարկների և 12 գրադարանների նորոգումը: Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում համապատասխան միջոցառումներ կազմակերպել:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման, ինչպես նաև խաղերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ արդեն տեղադրվել են 220 բակային և 41 մարզական խաղեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական ու մասնավոր կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031