Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղացիները Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ ցույցեր կանեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 16:00

Ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանից գյուղնախարարությունը դատարանի միջոցով պահանջում է 1,8 միլիոն դրամ չստացված ցորենի բերքի դիմաց: Այսօր «Անալիտիկ» ակումբում գյուղացին ասաց, որ առաջին ատյանը վճիռ էր կայացրել հօգուտ գյուղացու, հետո նախարարությունը դիմել էր Վերաքննիչ դատարան, որը բավարարել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հայցը, եւ 4 ֆերմերներ այս օրերին անհանգստացած են, որ դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով իրենցից գումարներ կբռնագանձվեն:
Ասուլիսին ներկա էին նման իրավիճակում հայտնված ֆերմերներ Մեսրոպ Հայրապետյանը Արարատի մարզից, որից գործակալությունը պահանջում է 1.6 միլիոն դրամ, եւ Հակոբ Վարդանյանը Արմավիրի մարզից, որից բռնագանձման գումարը կազմում է մոտ 900 հազար դրամ: Ֆերմերներն արդեն 2 տարի է՝ փորձում են ապացուցել, որ 2011 թվականին էլիտար ցորենի սերմացուները, որոնք տրամադրվել են գյուղացիներին, անորակ են եղել եւ կառավարության հավաստիացրած առատ բերքը ձախողվել է: Ծրագրով նախատեսվում էր տրամադրած 1 կիլոգրամ սերմացուի դիմաց գյուղացիները վերադարձնեն 2 կիլոգրամ ցորեն, սակայն հենց առաջին տարում, ինչպես բազմիցս հայտարարել են բազմաթիվ ֆերմերներ, գաճաճ ցորեն է ստացվել, ընդ որում, 1 հեկտարից ընդամենը  3-4 պարկ ցորեն են ստացել:


Aravot.am-ի հարցին, որ նախարարությունն էլ վստահեցնում է, թե սերմացուն լավ էլ որակով է եղել, գյուղացիներն են սխալ մշակել, ասուլիսին ներկա ֆերմերներն էլ պնդեցին, որ սերմացուն է անորակ եղել. «Մեր միակ փաստը, որ 98 գյուղացի տուժել է սերմերի պատճառով, դրանից լավ փաստ չկա: Կառավարության որոշման մեջ նշված է, որ շուրջ 50%-ը տուժել է»: Ֆերմերների ներկայացմամբ` գյուղատնտեսության նախարարությունն այդ սերմացուներն անօրինական կերպով է տրամադրել, այսինքն` օրենքն է պահանջում 3 տարի փորձաշրջան անցկացնել ներկրած սերմացուի համար, որից հետո էլ, որոշել ինչ անել: Գյուղացիների խոսքերով` նախարարությունը, առանց փորձարկելու բաժանել է շուրջ 165 գյուղացիներին. «Մեր վրա է էլի փորձարկել, հիմա էլ դրել փողն է պահանջում»:


Ֆերմերներից մեկի` Մեսրոպ Հայրապետյանի խոսքերով էլ` կառավարության որոշման մեջ ապացուցվում է, որ բնակլիմայական պայմաններից է, որ բերք չեն ստացել. «Բայց գյուղատնտեսները ցորենի վեգետացիոն շրջանում 3 անգամ այցելել են ցանքատարածքներ, ասել են գերազանց ենք աշխատում, ոչ մի խախտում. ոչ մի շեղում չենք արել, եթե թերություն չի եղել, մենք մեղք չունենք, ուրեմն գնացեք բնությունից էլ ուզեք փողը»: Ինչ վերաբերում է բնակլիմայական պայմաններին, ապա գյուղացիներն ասացին, որ պայմանագրում ֆորսմաժորային հանգամանքների համար կետ չեն ներառել, ինչը եւս օրենքի խախտում է:

Գյուղացիների հետո բազմաթիվ բողոքներից,  ցույցերից հետո, միեւնույն է, գյուղնախարարությունն անդրդվելի է, միայն փոխհատուցման գումարն է նվազեցրել. պայմանագրով 700 դրամ է եղել մեկ կիլոգրամ սերմացուն, հետո իջեցրեցին 450-ի, միայն թե գումարային փոխհատուցում տան գյուղացիները, հիմա էլ 450-ն իջեցրել են` 200 դրամի:

Սակայն այս պայմաններին ֆերմերները չեն համաձայնվում, նրանք պահանջում են իրենց ամբողջությամբ ազատել այդ գումարների վճարներից. «Սերմերի գործակալությունն էլ» հայցադիմումները հետ վերցնի, հակառակ դեպքում բողոքի ակցիա են կազմակերպելու Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Գյուղացիներն ասացին, որ իրենք առանց այդ էլ, մեծ վարկերի տակ են, չեն կարողանում ծայրը` ծայրին հասցնել. «Եթե այս պայմանները չեն անում, ուրեմն թող կալանքը մեր գույքի վրայից հանեն, որ թողնենք գնանք ստեղից: Այ ախպեր ջան, եթե մեր մեղքի բացակայությունն ապացուցվել է, ինչի ա դատավորը վճռում, որ ես եմ մեղավոր: Հիմա գյուղացիներն անհատապես ավելի մեծ վնասներ են կրում, քան պետությունը, որ էդ գումարները հետ չվերցնի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031