Լրահոս
Օրվա լրահոսը

Լողանալու «վաննայի» մեջ հացի խմոր են արել

Հոկտեմբեր 06,2014 15:32

«Տեսա մի արտադրող, որն իր նախկինում օգտագործած վաննայում խմոր էր անում, հաց էր արտադրում ու բաժանում խանութները»,-այսօր «Հայելի» ակումբում սննդամթերքի շուկայում տիրող իրավիճակը ներկայացնելիս ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

«Բռնեցինք, լաց եղավ, ասաց երեխա եմ պահում, մենք էլ ասացինք, որ եթե սպառողներն իմանան, թե ինչ պայմաններում եք հացը պատրաստում, կգան ձեզ կսպանեն»,-ասաց պարոն Հայթայանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի վստահեցմամբ, 20-ից ավելի արտադրողների հանել են նկուղներից, գոմերից եւ դարձրել նորմալ արտադրողներ:

Սպառողների պաշտպանների ներկայացմամբ, կաթնամթերքի, մսամթերքի, հացաբուլկեղենի, լվացանյութերի, կոսմետիկայի շուկայում բարձիթողի վիճակ է:
Ռուբեն Հայթյանի խոսքերով, կաթնամթերքի բաղադրության մեջ արտադրողները կաթի փոշի են օգտագործում եւ տուփերի վրա այդ մասին չեն մակնշում, ինչը օրենքի պարտադիր պահանջ է. «Չի նշվում հատկապես, թե որ երկրից է կաթի փոշու հումքը ներկրվում, մինչդեռ մենք կասկածներ ունենք, որ Ուկրաինայից է, որտեղ ամենաէժանն է, քանի որ ճառագայթման վտանգը դեռ առկա է»:

Ռուբեն Հայթյանն ասաց, որ մաքսայինն էլ հրաժարվում է ներկրման մասին որեւէ տեղեկատվություն տրամադրել ասոցիացիային:

Տիկին Մելիտայի խոսքերով, կաթի փոշին երբեմն ավելի անվնաս է, քանի որ զերծ է մի շարք հիվանդություններից, եթե, իհարկե, այն ուկրաինական ծագման չէ. «Չոր կաթ կարող է օգտագործել ցանկացած արտադրող, կան պրոդուկտներ, որ պետք է անպայման գցեն չոր կաթ, բայց նայած թե որտեղից են ներկրում»:

Երշիկեղենի շուկայում նույնպես խախտումներ կան. բացի այն, որ արտադրողներից ոմանք փաթեթավորման վրա չեն նշում, թե ինչ նյութեր են արտադրության մեջ օգտագործում, որակը շատ դեպքերում չի համապատասխանում չափորոշիչներին:

Հացաբուլկեղենի շուկայում էլ այնպիսի արտադրանք կա, որոնց վրա ոչ մի տառ չկա մակնշված, եւ սպառողը որեւէ ձեւով չի կարող իմանալ, թե այդ խմորեղենը, հացը ով է արտադրել, որտեղ է արտադրամասը եւ այլն, արտադրողները հացամթերքը խանութներ են տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմանների խախտումով` ավտոմեքենայի թափքից, չփաթեթավորված կամ տաք վիճակում ցելոֆանե տոպրակներով փաթեթավորած, ինչը, տիկին Մելիտայի խոսքերով, ավելի շատ վտանգ է ներկայացնում. «Առավոտ շուտ հաց են բերում, ամբողջ օրն էլ` տաքսի են քշում»:

Սպառողների պաշտպանները կարծում են, այս երեւույթների դեմ պետք է պայքարել միմիայն սպառողների գիտակցությունը բարձրացնելով. «Եթե ունենաք կիրթ սպառող, ինքը շուկան կթելադրի: Շուկայական տնտեսական պայմաններում վարչական լծակներն այնքան ուժ չունեն, որքան շուկան ինքը պետք է թելադրի, պետք չէ գնել չմակնշված ապրանք: Այդ ամենի դեմ պայքարելու միակ զենքը սպառողն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031