Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Ալաշկերտ»-«Միկա» խաղի վերջնամասում երկու կողմերի ֆուտբոլիստների միջեւ ծայր առած քաշքշուկի («Ալաշկերտի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը եւ «Միկայի» պահեստային դարպասապահ Արմեն Ֆիշյանը հեռացվել են, իսկ «Միկայի» խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Հայկ Ոսկանյանը` դեղին քարտ ստացել) առիթով Aravot.am-ը երկու ակումբների մամուլի քարտուղարներից մեկնաբանություն վերցրեց տեղի ունեցածի մասին:
Աշոտ Մարտիրոսյան, «Միկա» ՖԱ: «Դա ֆուտբոլային միջադեպ էր: Կրքերը բորբոքվել էին խաղի լարվածության պատճառով: Ֆուտբոլային հանդիպումներում նման բաներ հաճախ են լինում` անգամ ազգային հավաքականների մակարդակում: Ակումբն իր ֆուտբոլիստների վարքագծին կանդրադառնա տեսագրությունը դիտելուց հետո»:
Գեւորգ Մարիկյան, «Ալաշկերտ» ՖԱ: «Բնականաբար, ակումբը դեմ է խաղադաշտում նման դրսեւորումներին: Կիսապաշտպան Գոռ Մալաքյանն արդեն պատժվել է մրցավարի կողմից: Խաղի ավարտին էլ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն ու գլխավոր մարզիչը պարսավել են քաշքշուկին մասնակցած ֆուտբոլիստներին: Կսպասենք ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձագանքին, որից հետո կորոշենք մեր անելիքները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ