Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը ՓՄՁ ներկայացուցիչներին ուղարկեց Գագիկ Խաչատրյանի մոտ (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 06,2014 15:18

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտից «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առեւտրականները կառավարության շենքի առաջ սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանին, որը հինգշաբթի օրը առեւտրականներին խոստացել էր լուծում տալ խնդրին։

Ցուցարարների հավաքվելուց մոտ երկու ժամ հետո վարչապետն ընդունեց ցուցարարներից երեք հոգու՝ գործարար Սամսոն Գրիգորյանին, Շրջանառության հարկի օրենքի համահեղինակ Հակոբ Ավագյանին եւ «Փոքր եւ միջին ձեռներեցների» հ/կ նախագահ Ստեփան Ասլանյանին։

Առեւտրականները վարչապետի մոտ բարձրանալուց առաջ պարզաբանեցին, թե ինչու են երեք հոգով բարձրանում. «Մենք վարչապետի մոտ բարձրանում ենք երեք հոգով, քանի որ առաջին անգամ, երբ քսան հոգով բարձրացանք, ոչ մի լուծում չստացանք։ Մեզ այսօր չպիտի նայեն որպես չարչի, որպես գործ տվող։ Մեզ պետք չի այն «նվերիկը», որ երեք ամիս ստուգումներ չեն անցկացնելու։ Այսօրվա դրությամբ հարկայինը պար է գալիս հոկտեմբերի մեկից մեր խանութների մոտ, որ ստուգումներ անցկացնի»,-հայտարարեց գործարարներից մեկը։

Վարչապետի հետ երկար հանդիպումից հետո ՓՄՁ ներկայացուցիչները տեղեկացրին, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է լուծում տալ խնդրին եւ այդ պատճառով իրենց հիմա էլ ուղարկում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մոտ. «Մենք այս հարցը կբարձրաձայնենք նաեւ նախարարի մոտ, հետո նորից կքննարկենք վարչապետի հետ, որից հետո էլ օրենքը նորից Ազգային ժողովում քննարկման կենթարկվի։ Վարչապետը խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի, նրանք մեր դեմ չեն եւ չեն ուզում, որ մանր եւ միջին բիզնեսը փակվի։ Վարչապետը մեզ ասաց, որ այս օրենքի համար ֆինանսների նախարարության հետ պիտի աշխատենք, որ նախագիծն ուղարկենք Ազգային ժողով»,-ցուցարարներին ներկայացրեց վարչապետի հետ հանդիպած ՓՄՁ ներկայացուցիչներից մեկը։

Նա ներկայացրեց, որ վարչապետին առաջարկել են, որ լինի փոքր եւ միջին ներկրող հասկացությունը. «Որպեսզի նա կիլոյով կարողանա ներկրել ապրանք, բայց մաքսային սահմանում ցույց տա, թե ինչ ապրանք է ներկրում։ Շեմի թեմային էլ ենք անդրադարձել»։ Կառավարությունից ցուցարարներից ժամանակ են խնդրել՝ օրենքը վերանայելու համար։

Իսկ առեւտրականներն էլ հույս հայտնեցին, որ այս անգամ օրենքը չի ընդունվի եւ ասացին, որ պայքարելու են մինչեւ վերջ։

ՓՄՁ ներկայացուցիչները նորից պայմանավորվեցին հանդիպել վաղն առավոտյան, այսօրվա քննարկումներն ամփոփելու համար։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031