«Իսկ ո՞վ պետք է լիներ, ֆինանսների նախարա՞րը»,-Aravot.am-ի հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի հանձնաժողովի կազմից գո՞հ է, այսպես պատասխանեց ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուներից Արմեն Հարությունյանը:
Նա այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում անցավ հարցազրույցի փուլը: Ըստ նրա՝ գործընթացը նորմալ է ընթանում, միջազգային չափանիշներին համապատասխան:
Թեև նշենք, որ հենց Արմեն Հարությունյանի փաստաթղթերի ներկայացման հետ կապված «Իրավունքի եվրոպա» հ/կ-ն որոշ աղաղակող փաստեր է ներկայացնում: Aravot.am-ի հետ զրույցում հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց. «Ըստ կարգի՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է սեպտեմբերի 24-ին: Սակայն երեք հավակնորդներ ուղարկել են փաստաթղթերը ժամկետի լրանալուց հետո: Արմեն Հարությունյանի փաստաթղթերը ստացվել են վերջնաժամկետի ավարտից հետո: Սա խոսում է այն մասին, որ գործընթացն արդար չի իրականացվում և հովանավորչություն է իրականացվում տվյալ հավակնորդի նկատմամբ»:
Արմեն Հարությունյանը այժմ զբաղեցնում է Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Ուստի նշեց, որ Ուկրաինայում առանձնապես ժամանակ չի ունեցել պատրաստվելու, բայց նաև ասաց, որ հարցազրույցը առանձնապես բարդ չէր:
Հարցին՝ ինքը կընտրվի՞ արդյոք, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Կլինեմ՝ լավ, չեմ լինի, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան: Իսկ ինչո՞ւ պիտի հանձնաժողովի անաչառության վրա կասկածեմ: Մենք խոսում ենք Եվրոպական դատարանի, մարդու իրավունքների մասին, առանց հիմքի ինչ-որ մեկի անաչառության վրա կասկածելն էլ ճիշտ չէ»:
Թեկնածուներից է նաև «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ-ի և «Ֆորում» իրավունքի կենտրոն հ/կ-ի մասնակից Արա Ղազարյանը; Նա նշեց, որ իրեն հետաքրքրում են ՄԻԵԴ-ում ղարաբաղյան գործերը, Փերինչեքի գործի զարգացումները, վերջին գործերը՝ կապված սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խիստ և լայնածավալ խախտումներին: Ժյուրի կազմը նա համարեց «ներկայացուցչական», և նշեց, որ այնտեղ ներգրավված են մարդիկ, որոնք իրենց ոլորտներում կիրառել են կոնվենցիան:
Նշենք, որ հարցազրույցի փուլի անցկացումից հետո սահմանված ժամկետում կընտրվեն երեք թեկնածուներ, որոնց ցուցակը կներկայացվի ՀՀ նախագահին: Այնուհետև, հինգ օրվա ընթացքում ՀՀ նախագահը կամ հաստատում է թեկնածությունները, կամ՝ ոչ: Եթե նա հաստատի այս թեկնածությունները, դրանք կուղարկվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, որտեղ հատուկ ընթացակարգով կընտրվեն ՄԻԵԴ դատավորներ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ