Ուսուցչի տոնի կապակցությամբ երեկ Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ սպորտի, մշակույթի, կրթության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի: Պարգեւատրվողների մեջ աշխատակիցներ կային քաղաքային եւ գյուղական կրթական հաստատություններից:
Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ շնորհավորեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ հաջողություններ մաղթեց նրանց պատասխանատու ու նվիրական աշխատանքի համար. «Ուսուցչի տոնը մեր հոգեւոր-մշակութային տոներից ամենանշանավորն է, իսկ ուսուցչի կոչումն ինքնին մեծարանք է եւ ծանր ու դժվարին առաքելություն: Բոլորիդ տոկունության, կամքի, հավատի եւ նվիրումի բազմապատկում եմ մաղթում: Խոնարհվում եմ ձեր բոլորիդ առջեւ սիրելի ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, ձեր ընտանիքներին արեւշատություն»:
Սյունիքում գտնվող եւ ուսուցիչների օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող ՀՀ ԱԺ-ի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Կապանում երկրի քաղաքական ղեկավարության կողմից շնորհակալություն հայտնեց երիտասարդ սերնդի հետ աշխատող բոլոր ուսուցիչներին:
Կարդացեք նաև
«Մեր պետության ամենածանր ու դժվարին օրերին մանկավարժները պատասխանատվությամբ, սիրով, ջերմությամբ, նվիրումով են վերաբերվել իրենց գործին, պետության ամենակարեւոր գործին՝ երեխաներին գիտելիքներ, կրթություն, դաստիարակություն տալու գործին: Այնպես էլ պետությունն է միշտ աշխատել ամենուրեք հարգանքի տուրքն ըստ արժանվույն մատուցել մանկավարժին: Խորին խոնարհում ձեր մեծագույն նվիրումի նկատմամբ», – իր շնորհավորանքի խոսքում նշել է տիկին Նաղդալյանը: Պատվոգրերի եւ շնորհակալագրերի հանձնումից հետո մանկավարժները մասնակցեցին իրենց տոնին նվիրված համերգային ծրագրին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ