Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսը Երեւանում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման մեկնարկը Հանձնակատարին Էրեբունի պլազա հյուրանոցի մոտ դիմավորել են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով կալանավորված անձանց հարազատները: Նրանք հանձնակատարին նամակ են հանձնել, ինչպես նաեւ ներկայացրել են Հայաստանում քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերն ու քաղաքական հետապնդումները:
Հանձնակատարին հանձնված նամակում նշված է եղել 17 քաղբանտարկյալի անուն, այդ թվում նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի եւ Հայկ Կյուրեղյանի անունները: «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը եւս ներկա է եղել հանձնակատարի հետ հանդիպմանը:
«Գրության մեջ ներառված է նաեւ Վոլոդյա Ավետիսյանի անունը: Մեծ առումով նրանք ընդհանրացվում են, որովհետեւ նրանք քաղբանտարկյալներ են, մեզ համար երկուսն էլ կարեւոր են, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի գործը, ում առաջադրված մեղադրանքներն անհամաչափ են, մանավանդ երկրորդ մեղադրանքը, որը 5-10 տարի ազատազրկում է նախատեսում, դա աննախադեպ է: Դրա համար կարող էին կիրառել տուգանք կամ մի քանի ամսվա ազատազրկում»:
Նյութի մանրամասները կարդացեք forrights.am-ի կայքում