Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանի «շաշկին»՝ ԵԽԽՎ-ում. «Եթե ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, ուրեմն պետք է ազատեն տարածքը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 13:43

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատմեց, թե ինչպես են Հայաստանի պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում խայտառակվել՝ ՀՀ իշխանությունների ապաշնորհ եւ «անգրագետ» քաղաքականության պատճառով: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով:

Հարցին՝ ի՞նչ հետեւանքներ կարող են հաջորդել այդ զեկույցին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀ պատվիրակներն արդեն ասել են, որ չեն համագործակցելու զեկուցողի հետ. «Մենք լուրջ պրոբլեմներ կունենանք»:

Հարցին՝ Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու խնդիր տեսնո՞ւմ եք՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սա իշխանությունների կեցվածքն է, անձնական խնդիր չի ու նրան փոխելով՝ հարց չի լուծվի. «Ես բացառում եմ, որ Հերմինե Նաղդալյանը գործել է ինքնագլուխ: Նման պահվածք կարող է լինել միայն իշխանությունների հստակ ինստրուկցիայի դեպքում: Ուզում է պարտությունը կապված լինի Հերմինե Նաղդալյանի հետ, ուզում է կապված լինի Գալուստ Սահակյանի հետ, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ի կողմից նման վերնագրով զեկույցի ընդունումը արդեն միջամտություն է Մինսկի խմբի բանակցություններին եւ կանխորոշում է այն էլեմենտները, որոնք պետք է ընդունվեն: Եթե ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, ուրեմն պետք է ազատեն տարածքը, սա է խնդիրը»:

Aravot.am-ի հարցին՝ Մաքսային միությանն անդամակցությունն ինչքանո՞վ է դեր խաղացել, որ այդ զեկույցը պատրաստվի՝ ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Երբ դու միջազգային հանրության հետ խաղ ես անում, այդ մանեւրի արդյունքում ոչ միայն եվրոպացիների աջակցությունն ես կորցնում, այլ նաեւ ռուսների: Եթե ռուսները հասկանում են, որ ստիպված կամ կզած ընդունել ես այդ դիրքորոշումը, արդեն քեզ հետ ուրիշ ձեւ են խոսում: Այս մանեւրի հետեւանքով ունենք այս վիճակը: Հիմա շատ դժվար է դարձել ԵԽԽՎ-ում խոսել: Առաջ ունեինք դաշնակցային դաշտ, բայց իրենք ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր չէր պաշտպանել այդ աբսուրդային դիրքորոշումը: Հայաստանի պատվիրակները անվանման քվեարկությունից առաջ թողեցին եւ լքեցին դահլիճը: Այդ դեմարշը, եթե ուզում էին անել էլ, դա պետք է անեին գոնե անվանման քվեարկությունից հետո: Սա արդեն շախմատ էլ չի էլի, շաշկի է: Հնարավոր էր այդ ճակատամարտում գոնե ինչ-որ դիրքեր պահել, բայց Հայաստանն այսօր ձեռք է բերել խռովկան երեխայի կեցվածք: Ճակատամարտի կարեւոր հատվածում պարտվելով՝ ըստ էության, հանձնում է ամբողջ ճակատամարտը եւ հանձնում կարեւոր դիրքեր: Այս վերնագիրը զեկույցի կարող էր չլինել, իսկ այսօր ադրբեջանցիները տոնում են հաղթանակ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀՀ ամբողջ լոբբիզմն ուղղվել է ժողովրդավարության, իշխանությունների այլ խնդիրների համար ԵԽԽՎ-ում լռեցնելու վրա եւ բաց են թողել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Լեւոն Զուրաբյանը Ռոբերտ Վալտերի ուղիղ երեսին ասել է, որ ինքն անձամբ պրոբլեմ ունի նրա թեկնածության հետ՝ որպես զեկուցող քանի որ հայտնի է, որ նա պրոադրբեջանական հայացքներ ունի: Վալտերն ասել է՝ «Ճիշտ է, նման խոսակցություններ շատ կան, որ իր կինը թուրք է, որ ինքը Ադրբեջանի տարբեր ասոցիացիաների, ընկերությունների անդամ է, բայց դա սուտ է: Ես էլ ասացի, որ նկատի ունեմ ձեր քվեարկությունները»,- պատմեց Լեւոն Զուրաբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Փափուկ կնիկ, փափկախոս,
    Խելքն օգուտ չէ, եգուր հոս,
    Օկուպացված աշխարհ եմ,
    Չարժե*, ինձ էլ ազատել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031