Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Անկախության աստիճանները

Հոկտեմբեր 06,2014 16:32

Անձնական, դատական եւ պետական անկախությունը խիստ շաղկապված են

Անկախության բարձրագույն դրսեւորումը, իմ կարծիքով, պետության անկախությունն է: Անկախ պետությունը կայացած ինստիտուտների եւ կայացած մարդկանց համակցություն է: Թե ինչու է մի դեպքում դա ստացվում, իսկ մյուս դեպքում՝ ոչ, կան տարբեր պատասխաններ:

Պատասխաններից մեկը տվել է աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Անդրադառնալով այսօր Ուկրաինայում հանուն անկախության մղվող պայքարին՝ նա նշել է, որ իր երկրում անկախությանը երկար էին պատրաստվում: Տասնամյակներ շարունակ մարդիկ մտածում էին, վիճում էին, թե ինչպիսի պետություն են ցանկանում կառուցել: Օրինակ՝ քննարկում էին, թե ինչպես անցկացնել սեփականաշնորհումը, որպեսզի օլիգարխներ չառաջանան:

Հայաստանում նույնպես մտավորական շրջանակներում մտածում էին անկախության մասին՝ մոտավորապես 60-ական թվականների կեսերից: Սակայն գլխավոր մտահոգությունը, որքան հասկանում եմ, ոչ թե պետության տեսակն էր, այլ այն, թե ինչպես է ապագա անկախ պետությունը պաշտպանվելու թուրքերից: Այդ՝ գուցեեւ օրինաչափ մտածողությունը ժառանգաբար փոխանցվել է «Ղարաբաղ» կոմիտեին, իսկ այնուհետեւ՝ նաեւ Հայաստանի պետական այրերին: Թուրքերից պաշտպանվելու հարցում մենք քիչ թե շատ պատրաստ էինք (ենք), իսկ պետություն կառուցելու հարցում՝ ոչ: Պետք է արձանագրել, որ այդ՝ ամենաառաջին հարցի շուրջ մենք, ի տարբերություն լեհերի, դեռեւս չենք էլ սկսել մտածել: Բայց հույսս չեմ կորցնում՝ մտածել սկսելը երբեք ուշ չէ:
Նույն հարցազրույցում Զանուսին ասում է, որ անկախության ճանապարհով բարեհաջող գնալու համար անհրաժեշտ է վերաիմաստավորել քո ոչ անկախ անցյալը: Խոսքը ոչ թե «լյուստրացիայի», պատժի կամ վրեժխնդրության մասին է, այլ կոնսենսուսով ընդունված մի ընդհանուր գնահատականի, որն ընդունելի կլինի հասարակության մեծամասնության համար: Այդպիսի համաձայնություն մեզանում չկա, եւ մտավախությունը, հավանաբար, կապված է նախորդ խնդրի հետ. «Եթե սովետի մասին վատ բան ասենք, կարող է` ռուսը նեղանա»:

Անկախ պետության հիմքն են, որքան էլ դա հակասական հնչի, պետական չինովնիկներից անկախ քաղաքացիները: Եթե ուսուցիչները, պետական հիմնարկների եւ խոշոր հանքերի աշխատակիցները հերթ են կանգնում՝ քրեական մարզպետի ձեռքը համբուրելու համար, ապա ժամանակակից պետության, պառլամենտարիզմի մասին խոսելն անիմաստ է: Եվ հակառակը՝ եթե որոշակի վճռորոշ զանգված կազմեն «Դեմ եմ»-ի նման երիտասարդները՝ մասնավոր եւ պաշտոնյաներից անկախ հիմնարկների աշխատակիցները, պետություն դառնալու շանսերը կտրուկ բարձրանում են:

Անկախության ամենակարեւոր դրսեւորումներից է դատական համակարգի անկախությունը: Ժամանակակից աշխարհում հարաբերությունները չեն կարող չլինել շուկայական՝ նույնիսկ Կուբայում կամ Հյուսիսային Կորեայում դրանք շուկայական են, պարզապես տվյալ արտառոց դեպքերում «շուկայականությունն» ամբողջությամբ, 100 տոկոսով ստվերում է: Շուկայական հարաբերությունների պայմաններում, ինչպես հայտնի է, պետք է գործեն ինքնակարգավորվող մեխանիզմները, իսկ նման դեպքերում մեծ է սուբյեկտիվ գործոնը, պայմանավորվածությունները, օրենքները խախտելու գայթակղությունը մեծ է՝ մասնավորապես, «ուժեղը», պետական հավելյալ լծակներ ունեցողը ճնշում է «թույլին»: Վերջինս պետք է հնարավորություն ունենա պաշտպանվելու դատական կարգով: Հայաստանյան դատարանը, սակայն, սերտաճած է իշխանության մնացած ճյուղերի հետ եւ «թույլին» «ուժեղից» պաշտպանելու ոչ մի ցանկություն չունի: Դա, ի դեպ, արտասահմանյան ներդրումների համար գլխավոր խոչընդոտն է:

Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է ոչ թե արեւմտյան պատժամիջոցների պատճառով (այդ երկրի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուկյուկաեւը ահազանգ էր հնչեցնում «ուկրաինական իրադարձություններից» առնվազն մեկ տարի առաջ), այլ որովհետեւ այնտեղ չեն ստեղծվել շուկայական տնտեսության մեխանիզմները, որից ամենակարեւորն է անկախ դատական համակարգը: Նույնը՝ Հայաստանում: Պարզապես մեզանում «ուռա-հայրենասիրական» ճառերը չեն անցնում: Իսկ Ռուսաստանում առայժմ անցնում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031