Ասում է ադրբեջանցի լրագրող Շահնազ Հասանովան
Սեպտեմբերին Գերմանիայում լրագրողական սեմինարի ժամանակ ադրբեջանցի լրագրողներից Շահնազ Հասանովան, որը նախկինում «NIDA» (նշանակում է՝ «Stop») ընդդիմադիր շարժման անդամներից էր, բավական ազատ եւ անկաշկանդ էր ներկայացնում իր երկրում առկա խնդիրները, ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը, Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իր դիրքորոշումները: Չնայած վերջին խնդրի հետ կապված նրա կարծիքը, որոշ պարզաբանումներ, դիրքորոշումները մեր՝ հայ լրագրողներիս կարծիքի եւ դիրքորոշումների հետ չէին համընկնում, բայց մեր զրույցն ընթացավ քաղաքակիրթ, առանց կոնֆլիկտի միջավայրում:
«Առավոտը» նրա հետ զրուցեց նաեւ առանձին:
«Իհարկե, Ադրբեջանում կան շատ լրագրողներ, ովքեր լուսաբանում են Ղարաբաղյան կոնֆլիտը, բայց տարբեր ենթատեքստերով: Մենք ունենք մի քանի իսկապես պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք լինում են ճակատում, ներկայացնում են խնդիրը բազմակողմանիորեն, հավասարակշռված: Դրանք հիմնականում անկախ, ընդդիմադիր, միջազգային լրատվամիջոցներն են»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Շահնազ Հասանովան՝ միեւնույն ժամանակ նշելով, որ իշխանական լրատվամիջոցների ոճը քարոզչությունն է, ասում է՝ բոլորն իրենց թողարկումներում հայերին ներկայացնում են որպես թշնամիներ: «Ես, որպես լրագրող, կարծում եմ, որ սա ոչ պրոֆեսիոնալ է, որովհետեւ ոչ ոք չի կարող որոշել, թե ով է թշնամին. դա լրագրողական պատասխանատվությունից դուրս է: Նրանք պետք է գրեն փաստերի մասին»:
Կարդացեք նաև
Շահնազ Հասանովան չի ժխտում, որ երկրի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է իր ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք սերմանել հայերի նկատմամբ, ասում է՝ մի քանի տարի առաջ հայ եւ ադրբեջանցի երիտասարդներն առավել հաճախ էին հանդիպում, խոսում իրենց երկրների խնդրի մասին, դա հիանալի հնարավորություն էր միմյանց ճանաչելու. «Իմ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել: Սա, իհարկե, քաղաքական պլատֆորմում լուծելու խնդիր է եւ հաճախ օգտագործվում է մարդկանց դյուրագրգիռ վիճակում պահելու համար, բայց մենք էլ ունենք հզոր ազդեցություն այս խնդրի լուծման ուղղությամբ»,- ասում է ադրբեջանցի լրագրողուհին եւ նշում, որ երկու երկրներն էլ իրենց տարբեր վերլուծություններն են ներկայացնում, մեղադրում միմյանց.
«Ադրբեջանական հեռուստաընկերությունները միշտ ցույց են տալիս, որ Հայաստանում մարդիկ շատ վատ պայմաններում են ապրում, նրանք լքում են իրենց երկիրը, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ապրում է երեք հոգի, բայց ես ենթադրում եմ, որ այդպես չէ: Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում գուցե երիտասարդներն ուզում են գնալ այլ երկրներում կրթություն ստանալ, աշխատել եւ այլն»,- ասում է Շահնազ Հասանովան:
Նա, խոսելով ադրբեջանցի երիտասարդների՝ հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին, ասում է. «Իհարկե, մենք ունենք շատ երիտասարդներ, ովքեր կրթված են, լայն մտահորիզոն ունեն, նրանցից ոմանք մտածում են, որ հայերը նույնպես իրենց նման մարդիկ են, խնդիրները քաղաքական են, բայց նրանց կողքին կան երիտասարդներ, ովքեր երկրի քարոզչության ազդեցության տակ են, եւ նրանք ատում են հայերին»:
Իմ դիտարկմանը, որ ադրբեջանական քարոզչությունը սկսվում է դպրոցական նստարանից, նույնիսկ մանկապարտեզից, ինչը Հայաստանում բացառված է, եւ հենց այդ տարիքից ձեւավորված կարծրատիպերը դժվար է կոտրել, Շահնազ Հասանովան պատասխանում է. «Այո, մեր դպրոցական գրքերում գրվում է, որ հայերը մեր թշնամիներն են եւ այլն: Իհարկե, դա լավ չէ, եւ դա, իհարկե, մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վերաբերմունքի վրա: Բայց դա, իմ կարծիքով, արվում է այն պատճառով, քանի որ Ադրբեջանը պարտված պետություն է այս պատերազմում: Մեր նախագահի համար դա անընդունելի է, նա բարդույթ ունի այդ հարցում: Մյուս կողմից՝ Ադրբեջանում շատ փախստականներ կան, որոնք շատ վատ պայմաններում են ապրում, նրանց մեծ մասը օկուպացրած տարածքներից են եկել: Միայն վերջին տարիներին է երկրի ղեկավարությունն ուշադրություն դարձնում նրանց խնդիրներին: Դու ասում ես՝ Ադրբեջանն ունի շատ փող եւ կարող է այդ հարցերը լուծել, բայց այդ գումարը հասարակ ժողովրդի համար չէ:
Իհարկե, Ադրբեջանում մարդիկ ավելի լավ պայմաններում պիտի ապրեին, քան ասենք՝ Հայաստանում կամ Վրաստանում, որովհետեւ մենք ունենք նավթ, բայց այդ փողերը հասարակ մարդկանց համար չեն: Եվ այդ մարդիկ՝ փախստականները, ապրում են շատ վատ պայմաններում, նույնիսկ վրաններում, եւ նրանք պիտի ատեն հայերին, որոնք վերցրել են նրանց տները: Թշնամական վերաբերմունքի պատճառը նաեւ սա է,- ասում է նա եւ ավելացնում:- Ես շատերին ասում եմ՝ այն, ինչ որ եղել է անցյալում, մենք չենք կարող փոխել, բայց ապագայի փոփոխությունները մեր ձեռքում են: Մինչեւ հիմա ես չեմ կարող ասել, որ Ադրբեջանը լավն է, կամ Հայաստանը սկզբից չի սկսել Ադրբեջանի դեմ պատերազմը, կամ ոչ մի վատ բան մեր նկատմամբ չի արվել, նույնիսկ գուցե Հայաստանը դեռ նորից փորձի պատերազմել: Ես չեմ կարող ասել՝ ո՞ր կողմն է մեղավոր, որ կողմը՝ անմեղ: Երկու կողմերի զինվորներն էլ սպանվել են: Հայ կինը նույնպես մայր է, ինչպես ադրբեջանցի մայրը, ով որդի է կորցրել: Մենք չպետք է էմոցիոնալ լինենք, հիշենք, թե ինչ է եղել պատերազմի ժամանակ… Այս կոնֆլիկտը չի սկսվել հասարակ ժողովրդի մեջ, այս կոնֆլիկտը սկսվել է մի քանի ռուս քաղաքական գործիչների պատճառով, սա քաղաքական խնդիր է: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է ապրել միասին, ինչպես պատերազմից առաջ են ապրել»,- ասում է նա:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2014