Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Եվրոպա հերթական ճգնաժամն է հասունանում

Հոկտեմբեր 06,2014 15:30

ՀՅԴ-ական պատգամավորը` ԵԽԽՎ-ում Ղարաբաղի մասին զեկույցի եւ
Հայաստան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովում հասունացող ճգնաժամի մասին:

«Ինքնին հերթական, կարծում եմ, Հայաստանի համար բացասական նշանակություն ունեցեղ դեպք է, երբ բուն Ադրբեջանում են բռնություններ կատարվում, անհանդուրժողականություն սերմանվում, այլատյացություն քարոզվում, բայց Ադրբեջանը կարողանում է Եվրախորհրդում նման բանաձեւեր ընդունել տալ Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հայկական պետությունների համար ԼՂՀ-ի մասին զեկույցի պատրաստումը, արդյոք դա Եվրոպայի պատասխա՞նն է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու դիրքորոշման համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում որոշում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստման վերաբերյալ: Հայկական պատվիրակության ջանքերը` կանխել զեկույցի վերաբերյալ որոշումը, անօգուտ անցան: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանն այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ չի համագործակցելու եւ չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Քվեարկությունից հետո հայ պատվիրակները լքել են դահլիճը:

«Ասել, որ սա զուտ ադրբեջանական լոբբինգի արդյունք է, քիչ բան ասել կնշանակի, որովհետեւ սա արդեն դառնում է շարունակական փաստ: Ադրբեջանը լոբբինգ, բնականաբար, պիտի անի: Իր իրավունքն է: Դրա դեմ պայքարելու մյուս ձեւը քո գործողություններն ու անելիքներն են»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ԵԽԽՎ-ում իր նախագահության շրջանն Ադրբեջանը լավագույնս օգտագործում է իրեն ձեռնտու բանաձեւեր անցկացնելու, իր շահերի շուրջ պատգամավորներ համախմբելու համար: Մինչդեռ ՀՅԴ-ական պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն իր նախագահության շրջանում որեւէ նախաձեռնողական քայլ չարեց` Հայաստանի ու Ղարաբաղի վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները առաջ տանելու եւ այդ հնարավորությունը օգտագործելու համար: «Ուրեմն լոբբինգի վրա վրա մեղքը գցելով ասել` ինչ անենք, սխալ է, որեւէ հեռանկար չի խոստանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի մասին զեկույցի նախաձեռնությունը երկար պատմություն ունի: Այն արդեն մեկ անգամ` 2005-ին, շրջանառության մեջ էր դրվել ԵԽԽՎ-ում` բանաձեւի տեսքով, հեղինակը Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր: Այդ շրջանում ԵԽԽՎ-ում Թուրքիան էր նախագահում: Այնուհետեւ՝ տարիներ անց, հույն պատգամավորը նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ: Երկու դեպքում էլ հայաստանյան պատվիրակությանը հաջողվեց չեզոքացնել նախաձեռնությունը, թե ինչո՞ւ հիմա չհաջողվեց` Աղվան Վարդանյանն ասում է. «Որովհետեւ կուտակվում է, գալիս է կրիտիկական մի պահ, երբ արդեն մեկը մյուսի ետեւից… Իհարկե, այստեղ նաեւ դերակատարություն ունի Եվրոպայի վերաբերմունքը` Հայաստանի եւ Հայաստանի կողմնորոշման հանդեպ: Սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպայում ակնհայտորեն կամ առնվազն որոշակի շրջանակներում Հայաստանի հանդեպ ձեւավորվում է ավելի բացասական վերաբերմունք: Այս պարագայում Հայաստանի գործողությունները պետք է այնքան ակտիվ, նախաձեռնողական եւ հիմնավորված լինեն, որ հնարավոր լինի չեզոքացնել: Ինչը, փաստորեն, չի արվում»:

Սա, սակայն, դեռ սկիզբն է: Աղվան Վարդանյանն ահազանգում է առաջիկայում Եվրոպայի հետ սպասվելիք եւս մի խնդրի մասին. «Արդեն իսկ հասունանում է խնդիրը Եվրամիություն-Հայաստան հանձնաժողովի հետ կապված: Այդ հանձնաժողովը մինչ այսօր Եվրամիության մասից եղել է երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Այսօր Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է եւ արդեն իսկ պահանջում է, որ իր համար առանձին հանձնաժողով լինի: Բնական է, եւ այդ իրավունքն իրենք ունեն: Հայաստանը` հետաձգելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, միաժամանակ փորձում է շարունակել իր հարաբերությունները Եվրոպայի հետ, մենք ունենք Վիլնյուսում ընդունված համատեղ հայտարարություն, որը մի աստիճան ցածր է Վրաստանից, բայց մի աստիճան էլ բարձր է Ադրբեջանից: Այս պայմաններում բացառված չէ, որ առաջիկայում Հայաստանի հետ հանձնաժողովի նախագահ ընտրվի մեկը` Բրիտանիայի կոնսերվատիվ կուսակցությունից, ով հայտնի է իր ադրբեջանամետ հրապարակային դիրքորոշումներով:

Այսօր եթե խորհրդարանն ու ԱԳՆ-ն ակտիվ գործողություններ չձեռնարկեն այդ ուղղությամբ, նշանակում է՝ դարձյալ գալ ու փաստի առջեւ կանգնել: Իսկ ակտիվ գործողություններ ձեռնարկելը նշանակում է առնվազն խնդիր դնել Հայաստանի հետ էլ առանձին հանձնաժողով ունենալու: Դրա իրավունքը գուցե ոչ շատ ֆորմալ, բայց ունենք: Այլապես մի քանի ամիս անց կսկսենք դարձյալ պայքարել մի բանի դեմ, որի դեմ նախապես չենք պայքարել: Բայց այս առումով, ցավոք, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գործողությունները համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Եվրասիական ուղղությամբ գնալուց հետո մենք ուղղակի պարտավոր ենք շատ ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել»:

Դիտարկմանը, որ անգամ Ասոցացման համաձայնագրի չեղյալ հայտարարելուց հետո էլ մի կողմից՝ եվրոպացի չինովնիկները խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին, բայց մյուս կողմից էլ՝ անընդհատ հակահայկական կեցվածք են դրսեւորում, Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ կրկնակի ստանդարտները մշտապես եւ բոլոր տեղերում էլ գործել են: «Այս շրջանում մի բանաձեւի նախագիծ էլ առաջարկել էր հույն պատգամավորը, որը նախկինում Հունաստանի արտգործնախարարն էր: Երկու օր առաջ Հունաստանի նախագահն էր Հայաստանում եւ ասում է, որ դա մեր պետության քաղաքականությունը չէ, սա անձի դիրքորոշում է եւ այլն: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Կան տնտեսական եւ այլ շահեր, բայց երբ հաճախ Եվրոպայում այդ շահերը գերակշռում են հայտարարվող համընդհանուր արժեքներին, բնականաբար, խզում է առաջանում: Համընդհանուր արժեքների ձեւավորման օջախներից ամենահիմնականը հենց Հունաստանն է եղել, եւ եթե այսօր Հունաստանում հնարավոր է նման դիրքորոշում, սա արդեն խոսում է եվրոպական արժեքների նյութականության կամ երկակի ստանդարտների մասին: Դա ասել եւ որեւէ քայլ չձեռնարկել` սխալ է: Մենք ուղղակի թույլ ենք արտաքին քաղաքականության նախաձեռնություններում»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ամեն դեպքում, նա ճիշտ է համարում հայ պատվիրակների` զեկույցի նախապատրաստական աշխատանքներից հրաժարվելու քայլը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031