Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել…
Պարույր Սևակ
Աստված ստեղծեց մարդուն՝ Ադամին, ապա կնոջը՝ Եվային, ու բնակեցրեց նրանց Եդեմում: Դա դրախտն էր, և Ադամն ու Եվան անդարդ, դրախտային կյանք էին վարում այնտեղ: Աստված որոշակի ցուցումներ էր տվել նրանց, թե ինչ և ինչպես, բայց նրանք վերին աստիճանի անլուրջ և անպատասխանատու գտնվեցին ու լսեցին սատանային, որն օձի կերպարանքով զբաղված էր իր մշտական գործունեությամբ՝ խանգարել աստծու ստեղծագործական նախաձեռնություններին: Արդյունքում Ադամն ու Եվան կերան իմացության ծառի պտուղը և պարզեցին իրենց համար մի շարք նոր իրողություններ: Դատելով աստվածաշնչի տեքստից, նրանց հատկապես դուր էին եկել ֆրոյդյան որոշ մանրամասներ, հենց այն, ինչը դուր չէր գալիս աստծուն: Եվ աստված դուրս հրավիրեց նրանց Եդեմից: Ադամի և Եվայի սերունդը՝ մարդկությունը դատապարտվեց չարքաշ գոյության այլուրեք կյանքի ոչ դրախտային պայմաններում:
Ի միջի այլոց, աստվածաշունչն ունի նաև երկրորդ մարդածնության առասպելը: Աստված, հիասթափվելով Ադամի ու Եվայի բազմացած սերնդից, ջրհեղեղ է ուղարկում աշխարհ, որից փրկվում է միայն Նոյն իր ընտանիքով, Արարատ լեռան վրա: Այդտեղից է սկսվում մարդկության երկրորդ տարածումը:
Կարդացեք նաև
Եդեմի տեղադրությունը հայտնի է: Այնտեղ գետ էր հոսում, որից սկիզբ էին առնում չորս գետեր՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս և Եփրատ: Եթե առաջին և երկրորդ գետերի նույնացումը և տեղայնացումը կասկածներ է հարուցում, ապա վերջին երկուսի դեպքում ամեն ինչ պարզ է: Տիգրիսն ու Եփրատը, հայտնի բան է, սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից՝ պատմական Հայաստանից: Ուրեմն, մարդկության օրրանը՝ Եդեմը կամ դրախտը գտնվել է Հայաստանում:
Արարատ լեռը նույնպես գտնվում է Հայաստանում: Այն հնում նույնացվել է Հայկական լեռնաշխարհի հարավային Կորդվաց լեռան կամ Կորդվաց Արարատի, հետո՝ Մասիսի հետ: Ուրեմն, մարդկության երկու նախահայրենիքներն էլ, ըստ աստվածաշնչի, գտնվել են Հայաստանում: Եվ հայերը հպարտությամբ են ասում՝ «Մայր Հայաստան, երկիր դրախտավայր»… Ահա և Խաչատուր Աբովյանի տողերը՝
Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ինչ աշխարհի ծնունդ եմ ես, դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ երազում թե լուրջ միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում… Եվրոպա թե Ասիաª ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան թոռը, էջմիածնա որդին, դրախտի բնակիչը£
Ուղղակի բաց տեքստով դեմ ենք դուրս գալիս արարչին: Ահա և հայությանը պատուհասող դժբախտությունների պատճառը: Այ մարդ, ախր, պարզ ասված է, չէ՞, «վեր կաց գնա այստեղից»: Բայց չէ, զոռով խցկվում ենք ու դեռ գլուխ գովում: Տեսնում ես, որ բոլորը, ի վերջո, չքվեցին գնացին տարբեր երկրներ՝ վրացիները՝ Վրաստան, ճապոնացիները՝ Ճապոնիա, մոզամբիկցիները՝ Մոզամբիկ: Եվ միայն հայերը մնացին տեղում: Պարզ չի՞, որ լավ չի լինելու:
Հայն ասում է՝ «մեծին չլսողի ոտքը քարին կառնի»: Եթե այդքան խելոք էիք, լսեիք էլի, մեծերից մեծին, գնայիք այստեղից:
Եվ այսպես, հայի բախտը, ինչպես և բազում այլ իրողություններ մեզանում, բիբլիական արմատներ ունի:
Հայտ բախտ. գիտափորձ
Ի՞նչ հետևություններ են անում գիտափորձից ճագարները:
Ստանիսլավ Եժի Լեց
Ինչքան բարակ է սառույցը, այնքան ավելի շատ ես ուզում համոզվել, թե կդիմանա՞ այն:
Ջոն Շոու Բիլինգս
Լավ, եթե արարիչ աստվածն է մարդուն աքսորել Հայաստանից, իսկ մենք, չլսելով նրան, մնացել ենք և արժանացել հայի բախտին, հիմա ի՞նչ անենք:
Նույնիսկ առաջին հայացքից պարզ երևում է երկու լուծում՝
1. Համառորեն մնալ Հայաստանում, ի հեճուկս սուրբ գրքի և աշխարհի,
2. Գոնե ուշացումով, կատարել աստծու հրահանգը՝ հավաքել իրերը և քոչել Հայաստանից:
Առաջին լուծումը, ակնհայտորեն, հեռատեսական և մտածված չի թվում: Բայց դե ինչ ասես մի ժողովրդի, որի գլխավոր ժողովրդական հերոսները ծուռ՝ «խելապակաս» են կոչվում: Բայց դրանք կարծես փոքրամասնություն են: Հերոսները մեծամասնություն չեն կազմում:
Հայերը, մեծ մասամբ, խելոք են: Թողել գնացել են ժամանակին, գնում են հիմա ու դեռ գնալու են: Իսկ մնացածների մեծ մասը մտորում է թե ինչպես և ուր գնա: Սկսած ամենավաղ դարաշրջաններից մերձակա և ոչ այնքան մերձակա երկրները լցված էին հայերով: Ստրաբոնը, արդեն մեր թվականության առաջին դարում, գրում է, որ հայերը բազում էին Փոքր Ասիայում: Ըստ Լեոնտի Մրովելու՝ Վրաստանում հնում հայերեն էին խոսում: Հնուց ի վեր լիքն էին հայերը նաև Բալկաններում… Քսաներորդ դարասկզբի աղետից հետո՝ ամենուր՝ Մերձավոր Արևելք, Ֆրանսիա, ԱՄՆ, Հարավ-Աֆրիկյան հանրապետություն, Ուրուգվայ… Հիմա, ամենամեծ թափով՝ Ռուսաստան: Արտասահմանում հայերը շատ ավելի շատ են, քան Հայաստանում: Այսպիսի ցրվածությունը բնորոշ է քիչ ազգերի: Ուրեմն, իրոք, խելոք հայերը քանակով գերազանցում են մյուսներին:
Դրսի որոշ հայեր ասում են՝ «Հայաստանը մեր գրասենյակն է (օֆիսը)»:
Իսկ ես ասում եմ՝ ոչ: Իրականում, Հայաստանը Արկտիկայի կամ Անտարկտիկայի բևեռային կայանների պես մի կայան-լաբորատորիա է: Մարդը հակված է ուսումնասիրելու բնության էքստրեմալ պայմանները և այնտեղ գոյատևելու հնարավորությունները: Մենք, ուրեմն, փորձարարական կայանի բնակիչներն ու անձնակազմն ենք: Գիտափորձի օբյեկտը՝ բնակչությունը, փորձում է ապրել և հարմարվել կյանքի էքստրեմալ պայմաններին, իսկ փորձարարները փոխում են պայմանները, նոր իրադրություններ ստեղծում, և ուսումնասիրում մեր՝ նոր դժվարություններին հարմարվելու կարողությունները:
Ներկայացնում եմ գիտափորձի անձնակազմը.
1. Նախագծի հեղինակ և նախագահ՝ Արարիչ աստված,
2. Տնօրենների խորհուրդ՝ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ,
3. Նախագծի խորհրդատուներ՝ Թուրքիայի նախագահ, Իրանի նախագահ, Ադրբեջանի նախագահ, Վրաստանի նախագահ,
4. Կայան-լաբորատորիայի վարիչ՝ ՀՀ նախագահ,
5. Վարիչի՝ գիտական գծով տեղակալ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ,
6. Վարիչի՝ փորձառական գծով տեղակալ՝ ՀՀ Կառավարության նախագահ,
7. Տնտեսական, միջազգային կապերի և այլ գծերով տեղակալներ, աշխատակիցներ (ՀՀ էկոնոմիկայի նախարար, Արտաքին գործերի նախարար և այլն):
Երկրի իշխանությունները նոր օրենքներով ու գործողություններով փոփոխում են մեր ապրելու պայմանները, դիտում ու գրանցում արդյունքները: Տնօրենների խորհրդի անդամները երբեմն ուղղորդող ցուցումներ են տալիս, խորհրդատուները շտկում և ճշգրտում գիտափորձը: Հնգամյա արդյունքները, ամենաբարձր ատյաններում քննարկելուց հետո, ներկայացվում են նախագծի հեղինակին՝ հաստատման կամ մերժման համար: Երկրորդ դեպքում հնարավոր են կադրային փոփոխություններ, գիտափորձի քաղաքական գծի փոփոխություններ և այլն:
Իսկ հիմա փորձենք պատասխանել առաջին բնաբանի հարցին՝ ի՞նչ հետևություններ է անում գիտափորձի օբյեկտը՝ ժողովուրդը արդյունքներից: Պարզ է, որ ոչ մի: Դա նրա գործը չէ և նրա իրազեկության մեջ չի մտնում: Գիտափորձի արդյունքները վերլուծվում են բարձրագույն ատյաններում, իսկ ժողովրդին մնում է սպասել փորձի նոր փուլերին:
Եվ գիտափորձը շարունակվում է հազարամյակներ:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ