Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրը որդիների կարոտից ծերանոցից տեղափոխվել է հոգեբուժարան

Հոկտեմբեր 06,2014 15:00

Աղջիկը եկել է ծերանոցում ապրող մորից թոշակը տանի,
որ երեխայի ծնունդը նշի

«Մեկ տղա եմ ունեցել՝ պաշտոնյա էր, մահացավ, ու ինձ բերեցին այստեղ»,-«Առավոտի» հետ զրույցում արցունքն աչքերին պատմեց Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, որպեսզի նրա տղայի ընկերները չիմանան, որ ինքը հայտնվել է ծերանոցում:

Այստեղ տարբեր ճակատագրերով, բայց միեւնույն ցավով ապրող 230 տարեցներ են ապրում: Տուն-ինտերնատի աշխատակիցներն իրենց բնակիչների կյանքի պատմությունները լավ գիտեն՝ մեկը մեկից տխուր ու ցավոտ: Հիշեցին մի կնոջ պատմություն, որն ունենալով 2 որդի՝ հայտնվել էր ծերանոցում: Տղաներն իրար վրա գցելով մոր խնամքն ու ասելով, թե՝ մաման քեզ ավելի շատ էր սիրում, դու պետք է պահես, մյուսն էլ, թե՝ դու ես փոքրը, դու պահի, մորը հանձնել էին ծերանոց: Տուն-ինտերնատ բերելուց հետո էլ, ըստ աշխատակիցների, երբեւէ չեն այցելել մորը, մինչեւ որ նա հոգեկան խանգարում է ստացել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

«Նույնիսկ փորձել էր դանակով վնասել իրեն: Եվ միայն հոգեբուժարան տեղափոխելուց հետո քրոջ երեխան է խնամքի տակ վերցրել այդ կնոջը»,- մեզ հետ զրույցում պատմեցին ինտերնատի աշխատակիցները:

Այստեղ միայն երեխաների կողմից լքված տարեցներ չեն բնակվում, կան նաեւ մանկությունը մանկատանն անցկացրած տարեցներ:

Rudolf

Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը մանկատանը մանկությունն է անցկացրել, տուն-ինտերնատում՝ ծերությունը:

80-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը մասնագիտությամբ ոսկերիչ է, տասը տարի է՝ Նորքի տուն-ինտերնատում է: Մեծացել է մանկատանը, ծնողների մահից հետո տեղափոխվել է հայրական տուն. «Կյանքի չար կատակն էր. գողության փորձի մեղադրանքով 1,5 տարի ինձ կալանավորեցին, ու երբ արդարացրին եւ կալանքից ազատեցին, անտուն մնացի: Տունս Արամի փողոցի վրա էր, դուրս եկա՝ ոչ տուն կար, ոչ տեղ: Արդեն 7 ամիս ա՝ գործերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ա, ես էլ հույսով սպասում եմ, որ մահվանից առաջ գոնե իմ տուն կտեղափոխվեմ»:

Viktor

Ծերանոցում ապրող Վիկտոր պապն իր ցեղի տոհմածառն է գծել:

Տուն-ինտերնատի մեկ այլ բնակիչ էլ՝ 83 տարեկան Վիկտոր Մելքումյանը, արդեն 13 տարի է, ինչ այստեղ է, կինը մահացել է, եւ չնայած 3 որդի ունի, բայց ծերանոցում է ապրում: Վիկտոր պապն իր ցեղի տոհմածառն է նկարել: Մեզ հետ զրույցում պատմեց, որ ազատ ժամերին էլ իր նախնիների սխրանքների մասին է գրում:

«Իմ դեպքն ուրիշ ա՝ ամուսինս մահացել է, իսկ աղջիկս թոռնիկիս հետ մեկնել է Շվեդիա, ամեն ժամ սպասում եմ քաղաքացիության հարցը լուծի, որ գնամ»,- հույսը սրտում՝ «Առավոտի» հետ զրույցում ասում է 75-ամյա Ռիմա Բաղդասարյանը: Այս կինը տունը կորցնելուց հետո նախընտրել է աղջկան սպասել տուն-ինտերնատում:
Մասնագիտությամբ մեխանիկ տիկին Ռիման արդեն 2 տարի է՝ այստեղ է: Կյանքի ընթացքում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ այստեղ էլ անպաշտոն չի մնացել. նրան վստահվել է հարկի ավագի պաշտոնը: Առավելությունը մեկն է՝ առանձին սենյակ ունի եւ վերահսկում է իրենց հարկի տարեցների վարքը. «Հարկից մեկին հանեցի՝ մեկի հետ ամուսնացել էր, մեկ ուրիշի հետ սիլի-բիլի էր անում:

Կարո՞ղ ես մտածել, որ 70 տարեկան մարդը սեռական ցանկություն կունենա: Դժվար ա, ինչ ձեւի մարդ ասես՝ կա, բայց ես չեմ սիրում, երբ աչքիս առաջ իրենց լավ չեն պահում»,- ասում է տիկին Ռիման:

Խստապահանջ, կարգ ու կանոն սիրող այս կինը երբեք պարապ չի մնում՝ ձեռագործությամբ է զբաղվում, որոնք եւ ցուցադրվում են, եւ վաճառվում. «Հիմա էլ քանի որ մոտենում է ձմեռը, տնօրենին խնդրեցի, որ թել առնի եւ գլխարկ ու տաք հագուստ գործենք մանկատան երեխաների համար: Հա՛մ բամբասանքից կկտրվեն շատերը՝ օգտակար բանով կզբաղվեն, հա՛մ էլ երեխաները շատ կուրախանան»:

Ըստ տիկին Ռիմայի՝ շատերն են այստեղ բողոքում, բայց պետք է գոհ լինեն, որ միշտ կուշտ են, գլխներին ծածկ ունեն, մնում է մի զբաղմունք գտնեն ու օրը հետաքրքիր դարձնեն. «Կյանք է, ամեն ինչ լինում է, պետք է ապրել: Հեշտ ա բողոքելը, պետությունը ինչ վիճակում ա՝ մարդիկ կան, որ հաց չունեն ուտելու, մենք էստեղ բողոքում ենք: Եթե մի 30 տարի առաջ ամոթ էր մտածել անգամ, որ ծնողիդ ծերանոց տանես, հիմա արդեն սովորական ա դարձել, ո՞ւմ ա պետք, երբ բերում են էստեղ, հետո էլ «բեռով-բարձով» գալիս են տեսակցության»:

Տիկին Ռիման վրդովմունքով է հիշում այն դեպքերը, երբ երեխաները օգնելու փոխարեն՝ մի բան էլ նորից նեղություն են պատճառում տուն-ինտերնատում ապրող իրենց ծնողներին. «Բա ո՞նց չջղայնանամ. մեկը էստեղ առաջին անգամ թոշակ պիտի ստանար, աղջիկը եկել էր թոշակը տանի, որ երեխու ծնունդը նշեն՝ չդիմացա, ասեցի՝ բա չե՞ս ամաչում, նա էլ ինձ ասում ա՝ 2 ախպեր ունեմ, թող տանեն պահեն: Հեշտ են ասում՝ տղեն պահի, ախր, հո էդ տղեն չի պահում՝ խալխի աղջիկը պետք ա հոգսդ հոգա, բայց սեփական աղջիկը իր հարազատն ա, ինքը պիտի պահի ծնողին»,- ասում է տիկին Ռիման, որին աղջիկը պարբերաբար փող է ուղարկում: Բացի այդ՝ 26 հազար դրամ թոշակ է ստանում, վաճառված ձեռագործներից եւս գումար է աշխատում, եւ ինչպես նա է ասում՝ «ոնց որ ամբողջ կյանքում եմ ծախսել, հիմա էլ եմ ծախսում: Շատակեր չեմ, բայց սիրում եմ, որ իմ եփածն եմ ուտում»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Տիկին Ռիման ինտերնատի տնօրինությունից թել է ուզել, որ մանկատան երեխաների համար տաք հագուստ գործի:

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մեռի էլի, այ գոյ զավակ, մեռի:Սերժից էլ վատն ես, տականք:85 տարեկան տատիս մեծ մամ էի ասում, կորցրի ու վառվում եմ:Ողջ կյանքս կխնամեի նրան, միայն ինձ հետ լիներ:Ֆաշիստ է ծնող լքող զավակը, արժանի չէ ապրելու:Հայ, ոչ ուրիշի մորն ես գթում, ոչ քո, ո*վ ես դու, ինչ խմորից ես:Ատում եմ քեզ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031