Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ

Հոկտեմբեր 06,2014 14:30

Նաիրա Սարգսյանի պաշտպան Լ.Գրիգորյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, խնդրելով՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել երկու տարվա փորձաշրջան, դատավճիռն էլ պայմանական չկիրառել:

Նաիրա Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Ն. Սարգսյանը կալանքի տակ չի եղել, նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին եւ նրան մեղադրանք էր առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ:

Նրա նկատմամբ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Մուրադյանը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որ նա երկու անձանց օգտագործելով, ստացել է գույքային օգուտ՝ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն: Մարմնավաճառությամբ զբաղվող համաքաղաքացիներ Ն. Ա.-ի եւ Ա. Ա.-ի հետ համաձայնության է եկել, ստացել գույքային օգուտ:

Ըստ մեղադրող կողմի, «պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ», ամբաստանյալը 2011-2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար իր` Կապան քաղաքում գտնվող բնակարանում կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն արական սեռի տարբեր ներկայացուցիչների հետ:

Նա բնակարանը տրամադրելու եւ միջնորդության համար ստացել է ամեն անգամ 5000 ՀՀ դրամ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ, ըստ էության, չի եղել, քանի որ այն արագացված ընթացակարգով է անցել:

Մինչ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Նաիրա Սարգսյանը միջնորդել է, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով եւ հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, եւ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:

Դատարանը իր իրավական գնահատականներում հանգել էր այն բանին, որ ձեռք բերված ապացույցներով ամբաստանյալ Նաիրա Սարգսյանը կատարել է հանցավոր արարք. «Ամբաստանյալ Նաիրա Սարգսյանի կատարած հանցավոր արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ, որով էլ նա ենթակա է պատասխանատվության եւ պատժի»:

Միեւնույն ժամանակ դատարանը հղում էր արել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները. «Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար»:
Ըստ դատարանի իրավական դիրքորոշման, Նաիրա Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով կատարած արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին ու ընդգրկված է հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում:

Ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող այլ հանգամանքներ չեն եղել:

Դատարանը պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել պատիժ նշանակելու պահին ամբաստանյալի խնամքի տակ մինչեւ 14 տարեկան մեկ երեխա ունենալու հանգամանքը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը:

Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի գույքային վիճակը՝ նպատակահարմար է գտել չկիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժը` գույքի բռնագրավումը:

Քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, իրեղեն ապացույցներ չեն եղել:
Ամբաստանյալ Նաիրա Սարգսյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վերաքննիչ քրեական դատարանում գալիք շաբաթ կսկսվի բողոքի քննությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031