«Ամեն աշուն քաղաքական առումով թեժ է, քանի որ քաղաքական սեզոնի սկիզբ է համարվում: Բայց թեժությունը պետք է պայմանավորված լինի նաև այն պոտենցիալով, որն ունի քաղաքական այս դաշտում ամեն դերակատարող: Հաշվի առնելով դերակատարողների պատրաստակամությունը՝ այդ թվում ընդդիմադիրների՝ իրենց ռեսուրսները դաշտ ներմուծելու պատրաստակամությունը, աշունը թեժ կլինի, բայց մենք առայժմ վստահ չենք՝ ինչքանով է դա համապատասխանում հայտարարություններին: Այսինքն` պարզ է, որ կար որոշակի տասներկու կետանոց փաստաթուղթ, որը ստացել է իր արձագանքը: Փաստաթուղթը հետաքրքիր է, բայց պահանջների ցուցակն ամբողջությամբ չի իրականացնում»,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին:
Մարգարովը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը որպես թիրախ ունեն մոտեցող հերթական ընտրական շրջանը, և ներուժը, որն իրենց կողմից օգտագործվելու է, ուղղված է լինելու այս շրջանում համապատասխան խնդիրները լուծելուն. «2007 և 2012 թվականների փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրություններն ինչ-որ չափով քաղաքական տարբեր դերակատարողների համար թեստ են, որի ժամանակ նրանք փորձում են հասկանալ՝ ինչ ներուժով կարող են դուրս գալ հաջորդ ընտրությունների ժամանակ, և դրանով կարող է պայմանավորված լինել պոտենցիալ համագործակցությունների ձեւաչափը, որը կարող է հանդես գալ հաջորդ ընտրությունների ժամանակ»:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդրադառնալուն, քաղաքագետն ասաց, որ Հայաստանի խնդիրը ստեղծված ներուժը մաքսիմալ կերպով օգտագործելն է, քանի որ որոշակի տնտեսական գործոններով անդամակցությունը բավական հետաքրքիր է՝ նկատելով, որ հիմնական դերակատարների մոտ կան նաև ներքին հակասություններ, որոնց արդյունքում ծնված տարաձայնությունները մեր աչքից չեն վրիպում, բայց նաև նկատում ենք, որ դրանք արդեն լուծումներ են ստանում:
Սյունե ՍԵՎԱԴԱ