«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության՝ ընդդեմ Էդիկ Մենեջյանի՝ 1. 546.976.30 ՀՀ դրամ գումար, տոկոսներ եւ տույժեր բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին դատական գործընթացը դեռ շարունակվում է:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՓԲ ընկերության հայցը՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։
Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2013 թ. որոշմամբ Էդիկ Մենեջյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանվել է՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Այս գործով հայցվորը՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել էր, որ ըստ հայցվորի եւ պատասխանողի միջեւ 15.12.2008 թվականին կնքված վարկային պայմանագրի՝ հայցվորը պատասխանողին 12 ամիս մարման ժամկետով, մինչեւ 15.12.2009 թվականը, տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 628.000 ՀՀ դրամի չափով վարկ։ Ըստ պայմանագրի՝ Է. Մենեջյանը բանկի տիրապետմանն էր հանձնելու իր անձնական սեփականությունը հանդիսացող ոսկյա իրերը։
Գնահատման ակտի համաձայն, բանկում գրավադրվել էին Էդիկ Մենեջյանին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդեր, ընդամենը՝ 24 հատ։
Ընկերության հայցի համաձայն, պատասխանողի պարտավորությունները չկատարելու պատճառով 24.10.2013 թվականի դրությամբ պարտքը կազմել է 1.546.976,30 ՀՀ դրամ։
Ընկերությունը խնդրել էր բռնագանձել պատասխանողից 1.546.976,30 ՀՀ դրամ, որպես պարտավորության գումար, 30.939,60 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաեւ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածել։ Միաժամանակ խնդրել է՝ սկսած 25.10.2013 թվականից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը, 627.791,20 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվեգրել եւ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ըստ համապատասխան դրույքաչափերի։
Կարդացեք նաև
Էդիկ Մենեջյանի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում առարկեց ներկայացված հայցի դեմ, հայտնեց, որ սույն պահանջով ավարտվել են հայցային վաղեմության ժամկետները, դատարանին ներկայացրեց գրավոր միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ եւ խնդրեց այդ հիմքով հայցը մերժել ամբողջությամբ։ Ինչը որ դատարանը բավարարել է:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.10.2014
Լուսանկարը` արխիվային