Վերնիսաժի գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է, որ իր պաշտպանյալը միտումնավոր սպանելու մտադրություն չի ունեցել, ինչպես մեղադրանքը առաջադրելիս որակել է քննչական մարմինը:
«Գոռ Առաքելյանի արձակած բոլոր կրակոցները եղել են ներքեւի հատվածում՝ հիմնականում ոտքերի ուղղությամբ, սա ի՞նչ է նշանակում, որ սպանելու նպատակ չի ունեցել, այլ միտումնավոր ներքեւ է կրակել: Քրեական գործը հարուցվել է խուլիգանական դրդումներով երկու եւ ավելի անձանց սպանության փորձին, բայց սպանության առիթ բացարձակապես չկար»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ հնչեղություն ունեցող քրեական գործերում աշխատում են ոչ թե իրավաբանները, այլ PR մենեջերները:
Փաստաբանի խոսքով, Գոռ Առաքելյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որովհետեւ ի վիճակի չի եղել. «Նրա մոտ առկա է հիշողության մասնակի կորուստ: Ինչ վերաբերում է Ներսես Մելքոնյանի սպանության փորձին, եղել են չորս կրակոց, չորսն էլ ազդրերի շրջանում է եղել, եթե սպանության փորձ լիներ, ապա կկրակեր կենսական նշանակության օրգաններին: Վալերի Հովհաննիսյանին վնասվածքը պատճառվել է մեքենայի մեջ, դուռը բաց վիճակում է եղել, նստած դիրքում եւ որովայնի վնասվածքը հենց ընդամենը նստած դիրքի արդյունք է: Եթե ատրճանակի մեջ փամփուշտներ կային ու Գոռը չի կրակում, արդյոք չի՞ վկայում, որ սպանության դիտավորություն չկա,այլ ինչ-ինչ դրդապատճառներով է կրակել: Դուռը բաց է եղել, ով է բացել ու ինչ նպատակով գործում կան հստակ տեղեկություններ: Ինչո՞ւ նրանք նստեցին մեքենա ու չգնացին, այդ հարցերը էական են, բայց այս փուլում դրանց չենք անդրադառնա: Սպանության փորձի վերաբերյալ որեւէ ապացույց չկա»:
Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացնելու ու քրեական հետապնդումն այդ մասով դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին՝ հիմնավորելով, որ Գոռ Առաքելյանը եղել է մենակ, տուժողները՝ երկուսով ու ֆիզիկական պատրաստվածության առումով ավելի ուժեղ, քանի որ սպորտսմեններ են. «Գոռի հետ մեքենայում գտնվել է կինը ու երեխան, դեպքի ողջ ընթացքում երեխան լացել է, այս ամեն ինչը ազդում է անձի հոգեկան վիճակի վրա: Եթե այս ամենը հաշվի առնենք ու նաեւ վկաների ցուցմունքները, որ տուժողները շատ ագրեսիվ են եղել, ապա նախաքննական մարմինը պետք է մտածեր հոգեկան խիստ հուզմունքի մասին, բայց անուշադրության է մատնված այս հանգամանքները»:
Կարդացեք նաև
Միջնորդությունը ներկայացնելուց մի քանի օր հետո, ըստ պարոն Սարգսյանի, մեղադրանքը խստացվել է. «Թե նախաքննական մարմինն ինչ ապացույցների հիման վրա որոշեց, որ այն երեք անձինք, որոնք պատահական վնասվածք են ստացել, նույնպես վնասվածք են ստացել դիտավորության հետեւանքով, հայտնի չէ»:
Հիշեցնենք, որ մեղադրանքի խստացման արդյունքում սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ եւ 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Փաստաբանը դժգոհեց, որ մեղադրանքի խստացումը կատարվել է մեկ անձի որոշմամբ.«Քննիչը կապ չունի, քննիչի հետ քրեակատարողական մեկուսարան էինք գնացել, բայց դեռ մեկուսարանից դուրս չեկած, մամուլի հաղորդագրություն են տարածել, որ մեղադրանքը խստացվել է: Պետական մարմինները այս գործերով փորձում են ցույց տալ, թե ինչ խիստ են վարվում»:
Մեղադրանքի խստացման հարցի հետեւում նա չցանկացավ տեսնել քաղաքական շարժառիթներ: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ