Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լոս Անջելես

Հոկտեմբեր 06,2014 11:53

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես:

Միացյալ նահանգներում ՀՀ դեսպանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և անդամների` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը՝ երեկոյան, դեսպան Սարգսյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական-քաղաքական, կրոնական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների, Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Իր խոսքում դեսպան Սարգսյանը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կերտումը ոգեշնչվեց և ոգեպես սնուցվեց 1918-1920թթ. մեր առաջին հանրապետությունից: Դեսպանը շեշտեց, որ չլինեին այդ հերոսական տարիները, չէր լինի նաև այսօրվա անկախությունը: Չլիներ մեր նախնինների զոհողությունը, որոնք արյան և անասելի զրկանքների գնով պահպանեցին մեր հայրենի երկրի այդ հողակտորը, հնարավոր չէին լինի նաև այսօրվա նվաճումները:

Դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախության ուղին հարթ չի ընթացել: Սակայն Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել շուկայական տնտեսության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության կառուցման գործում: «Այս առումով առանցքային նշանակություն ունի Միացյալ նահանգների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, և մենք երախտապարտ են ամերիկյան կառավարությանը մշտապես Հայաստանի կողքին լինելու համար», – նշեց դեսպանը:

Տիգրան Սարգսյանը նաև բարձր գնահատեց Սփյուռքի դերակատարությունը հայոց պետականության կերտման գործընթացում. «Անուրանալի է հատկապես Ամերիկայում ապրող մեր հայրենակիցների դերն ու նշանակությունը մեր ունեցած բոլոր հաղթանակներում ու նվաճումներում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորը երախտագիտության խոսքեր հայտնել Ձեզ և կոչ անել մշտապես կանգնել Հայաստան պետության կողքին և էլ ավելի ընդլայնել Ձեր մասնակցությունն ու ներդրումը հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում: Մենք համոզված ենք, որ մեր գործն արդար է, և Հայաստանի և Սփյուռքի համատեղ ու համակարգված ջանքերով կկարողանանք հաջողությամբ հաղթահարել բոլոր մարտահրավերները և առավել հզորացնել մեր հայրենիքը»,- ընդգծեց դեսպան Սարգսյանը:

Այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդիպեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ: Կոնգրեսական Շերմանը շնորհավորեց դեսպան Սարգսյանին՝ ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ վերահաստատելով իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու իր սերտ համագործակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Կողմերը քննարկեցին Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արցախյան հիմնախնդրի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031