Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Ինձ համար «Առավոտը» մնացել է նույն այն խմբագրությունը, որտեղից դուրս եմ եկել»

Հոկտեմբեր 06,2014 13:00

«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում Լիլիթ Սեյրանյանը

«Երբ ես աշխատանքի անցա «Առավոտում», այն արդեն ինձ համար շատ հարազատ վայր էր: Ես արդեն բոլորին գիտեի, ճանաչում էի»,- «Առավոտում» աշխատելու տարիների մասին է պատմում Լիլիթ Սեյրանյանը: Մինչ այստեղ հիմնական աշխատանքի անցնելը՝ մշտապես թղթակցել է լրատվամիջոցին, հաճախ է եղել խմբագրությունում՝ քրոջ՝ Սաթիկ Սեյրանյանի մոտ, ու այդպես ծանոթացել է խմբագրակազմի հետ:

Այս անգամ «Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում խոսել ենք նրա հետ:

Մինչեւ «Առավոտում» հիմնական աշխատանքի անցնելը՝ աշխատել է «Շրջան» պարբերականում, «Ժամանակ» թերթում, թղթակցել «Հայկական ժամանակ»-ին, նույն ժամանակահատվածում, որպես թղթակից, հրապարակվել է «Առավոտում»: Այժմ 168.am-ի փոխխմբագիրն է:

«Մինչեւ հիմնական աշխատանքի անցնելը, ես «Առավոտում» գրում էի տարբեր թեմաներով՝ մշակութային, հասարակական, նյութերս խմբագրում էին թերթի համապատասխան ոլորտի պատասխանատուները, ես տեղյակ չէի՝ դրանք պարոն Աբրահամյանը խմբագրո՞ւմ էր, թե՝ ոչ: Երբ ընդունվեցի «Առավոտ» աշխատելու, արդեն քաղաքական թեմաներ էի լուսաբանում: Այդ ժամանակ բոլոր նյութերն անցնում էին պարոն Աբրահամյանի ձեռքի տակով»,- հիշում է Լիլիթ Սեյրանյանը: Ասում է՝ քաղաքական թեմաներով գրող լրագրողներ Աննա Իսրայելյանը եւ Մարգարիտ Եսայանը խորհրդարանական աշխատանքներն էին լուսաբանում, Նաիրա Մամիկոնյանը՝ արտախորհրդարանական քաղաքական ակտիվ ուժերի գործունեությունը: «Ինձ բաժին հասան, այսպես ասած՝ «լուսանցքից դուրս» գտնվող քաղաքական ուժերը, որոնք իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չէին ունենում: Օրինակ՝ ես լուսաբանում էի «Կանայք Հայոց աշխարհի», «Ազատ Հայք Առաքելություն», Մարքսիստական, Ռամկավար, ինչպես նաեւ բոլոր կոմունիստական կուսակցություններին՝ ՀԿԿ, «Նորացված կոմունիստական կուսակցություն», «Առաջադիմական կոմունիստական կուսակցություն» եւ նմանատիպ այլ կուսակցությունների գործունեությունը,- ասում է Լիլիթ Սեյրանյանը՝ ավելացնելով,- ես այդ ժամանակ հասկացա, թե ինչպես կարելի է նյութ պատրաստել, այսպես ասած՝ «չեղած» բանից: Իմ օրը սկսվում էր այդ բոլոր կուսակցություններ զանգահարելով՝ տեսնելու, թե ինչ կա այդ կուսակցություններում, որովհետեւ խմբագրությունում պահանջները խիստ էին: Եթե ինձ վերապահված կուսակցություններում ինչ-որ բան տեղի ունենար, եւ ես չլուսաբանեի, ապա կպատժվեի՝ տուգանքի տեսքով»:

Լիլիթ Սեյրանյանը պատմում է, որ չնայած «Առավոտում» քաղաքական լրագրողներն առավոտյան թռուցկաժողովներին չէին մասնակցում, բայց գիտեին, որ թռուցկաժողովից անմիջապես հետո խմբագիրն իրենց է զանգելու: «Զանգում էր Արամ Աբրահամյանը, հարցնում էր՝ «բալիկ ջան, ի՞նչ ես գրելու այսօր»… Այդ հարցին պատասխանելու համար, հիշում եմ՝ կարելի է ասել, ես քսանչորս ժամ մտածում էի: Պետք է առնվազն հինգ թեմա առաջարկեի, որպեսզի պարոն Աբրահամյանը դրանցից ընտրություն կատարեր: Մենք օրվա ընթացքում պարոն Աբրահամյանին չէինք տեսնում, հանդիպում էինք արդեն ուշ երեկոյան: Գալիս էր խմբագրություն, էջադրված բոլոր էջերը վերցնում, տանում էր իր աշխատասենյակ, ու սպասում էինք, թե էջադրված նյութերից որը որտեղ պիտի «թռնի», որովհետեւ հաճախ, կարելի է ասել ամեն օր Արամ Աբրահամյանը էջերում կտրուկ փոփոխություններ էր անում: Ասենք՝ 3-րդ էջի հիմնական՝ վերեւի նյութը կարող է դառնար սյունակային լուր,- պատմում է Լիլիթ Սեյրանյանը,- ես փորձում էի իմ նյութերի համար փոքր ծավալ վերցնել՝ հիմնականում երրորդ էջի «պադվալային հարկում», որովհետեւ ախր ինչքա՞ն կարող էի գրել, ասենք՝ «Կանայք Հայոց աշխարհի» կամ վերոնշյալ կուսակցությունների մասին, որոնք պասիվ էին, քաղաքական իրադարձություններին չէին մասնակցում: Դժվար էր նրանց լուսաբանելը: Բայց հաճախ օրվա վերջում՝ էջերը «քանդելուց» հետո, պարոն Աբրահամյանը գալիս էր մեր սենյակ, ասում՝ «բալիկ ջան, կարո՞ղ ես նյութդ մի քիչ մեծացնել»: Հիշում եմ, որ արդեն սկսել էի գրել Լենինի մենյուն՝ ի՞նչ էր սիրում ուտել նա՝ խաշած կարտոֆիլ, թթու, սոխ… չգիտեի՝ այլեւս ինչ գրել, ու կոմունիստների հետ՝ առաջադեմ, հին, նորացված, զրուցում էի Լենինի առօրյայից, որովհետեւ իրենց առօրյայում ոչինչ չէր կատարվում …: Բայց պետք է նշեմ, որ նույնիսկ այդ նյութերս շատ հաճախ էին հայտնվում առաջին էջի առաջնորդողներում: Դրանից, բնականաբար, ես ինձ լավ էի զգում, որովհետեւ խմբագիրը համարել էր, որ դրանք «ստացված» նյութեր էին»:

«Առավոտում» ամեն ինչ շատ լավ էր. աշխատանքային առօրյան՝ ուրախ, բայց լարված, «Առավոտի» աշխատակազմն է բնութագրում Լիլիթ Սեյրանյանը. «Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց Ժենյան (նկատի ունի Գենոֆիա Մարտիրոսյանին-հեղինակ) այդպիսին էր: Ինքը ուշ ժամերի էր գալիս խմբագրություն, մինչեւ նյութը գրելը շատ երկար էր մտածում իր խմբագրականների մասին, միջանցքում քայլելով մտածում էր դրանց մասին: Նաեւ մեզ հետ էր երկար քննարկում օրվա կարեւոր թեման, բայց անգամ այդ պարագայում մենք չգիտեինք, թե ինչ է գրելու Ժենյան եւ ինչ ենք կարդալու առավոտյան «Առավոտի» խմբագրականում: Ու իսկապես՝ նա առանձնակի ձեռագիր, մոտեցում ուներ…

Հիշում եմ Լիլիթ Ավագյանին, որ այն ժամանակ վազքով գալիս էր խմբագրություն, թարգմանում Ժենյայի խմբագրականները, գնում, ու ես միշտ ուզում էի, որ նա երկար մնար… սիրում էի ու հիմա էլ հավանում եմ նաեւ Լիլիթի ոճը, հետաքրքիր ու ոչ ստանդարտ մտածողություն ունի: Շատ հետաքրքիր փուլ էր ինձ համար, շատ սիրուն միջավայր»: Իր ընկեր «առավոտցիներն» անկեղծ էին ու սրտաբաց, հիշում է, որ ինքը նստում էր խմբագրության ամենամեծ սենյակում, որը կարելի է ասել միակ հավաքատեղին էր բոլորի համար: Ափսոսում է, որ երկար ժամանակ է՝ զբաղվածության պատճառով «Առավոտ» չի այցելել, բայց մտածում է, որ այնտեղ ամեն ինչ նույնն է մնացել. «Ինձ համար «Առավոտը» մնացել է այն խմբագրությունը, որտեղից դուրս եմ եկել: Ինձ թվում է, որ գնամ, միջանցքում լուռ, հանդարտ քայլելիս նորից տեսնելու եմ Ժենյային, հետո նրան տեսնելու եմ մեր սենյակում, տեսնելու եմ Նաիրային Մամիկոնյան, որ գիշերվա որ ժամն էլ լինի, թռչկոտելով կանցնի… ուշ ժամերին, երբ բոլորս հոգնած, սպառված էինք լինում, միեւնույն է՝ Նառան էներգիայով լի էր… Հետո նույնքան առույգ խմբագրություն էր գալիս Արամ Աբրահամյանը, հավաքում էջերը…: Ինձ համար «Առավոտը» այդպիսին է մնացել, ես այդպիսին եմ հիշում այն: Ամեն ինչ սիրուն էր «Առավոտում»:

Որպես արդեն մրցակից լրատվամիջոցի ներկայացուցիչ, Լիլիթ Սեյրանյանը կողքից գնահատում է՝ «Առավոտը» հասուն թերթ է, հասուն եւ կիրթ մարդու համար նախատեսված, «որպես առավոտցի», ցանկանում է, որ «Առավոտը» միշտ լինի՝ ամեն առավոտի հետ: «Կուզեմ, որ խմբագրությունում մարդիկ չպակասեն: Այս ընթացքում «Առավոտի» կորուստները շատ էին: Ուզում եմ, որպեսզի առավոտցիները միշտ լինեն՝ փողոցում, աշխատավայրում, որտեղ որ է, ուղղակի միշտ լինեն… ու մտնես «Առավոտ» եւ տեսնես, որ բոլորն իրենց սենյակներում, իրենց տեղերում են: Բնականաբար, նորերն էլ նրանց հետ, բայց թող առավոտցիները լինեն: Լավագույն հիշողություններիցս շատ բաներ են կապված «Առավոտի» հետ, հիմա երբ նայում եմ՝ նրանք են իմ անցյալում, եւ ուզում եմ, որպեսզի նրանք իմ ներկայում ու ապագայում էլ լինեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031