Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բիենալեի նպատակը դաշտը փոխելն է»

Հոկտեմբեր 06,2014 12:30

Հարցազրույց Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի նախագահ, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Երեւանում հոկտեմբերի 16-18-ը կանցկացվի կոմունիկացիաների միջազգային բիենալե: Ինչպե՞ս կբնորոշեք բիենալեն, ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի:

– Ի տարբերություն այլ մրցութային միջոցառումների, կոմունիկացիաների բիենալեն փոքր փառատոն է: Օրինակ, աշխարհի տարբեր քաղաքներում կան ինչպես մեծ, այնպես էլ փոքր թատրոններ: Ընդ որում, փոքր թատրոն լինելը չի նսեմացնում իրավիճակը… Փոքր թատրոնն էլ հետաքրքիր է թեկուզ փոքր քանակով, բայց նշեմ, որ այն ավելի ունիկալ մարդկանց համար է: Այդպիսին է Երեւանի բիենալեն: Հայերս մշտապես ասում ենք, թե մենք հյուրասեր ենք… Դա իմ դատելու խնդիրը չէ: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի սիրում ենք այն, ինչ անում ենք: Սիրում ենք Հայաստանը, ոլորտը, որտեղ աշխատում ենք: Սիրում ենք մեր հաճախորդներին, հյուրերին, գործընկերներին, մի խոսքով՝ Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն սիրո փառատոն է: Ներքին լսարանի համար բիենալեն նախեւառաջ հարթակ է, որտեղ հայաստանցի գովազդողը կարող է մրցել աշխարհի հետ: Նաեւ կրթական հարթակ է, քանի որ այն մասնագետները, որոնք հրավիրված են փառատոնի կողմից, իրենց բնագավառներում առաջատարներ են, իսկ այդ առաջատար միտքը փոխանցվում է լսարանին: Բիենալեն նաեւ կապեր ստեղծելու հիանալի առիթ է: Ժյուրիի կազմում ընդգրկված է 27 մասնագետ՝ 17 երկրից, որոնց «դատին» կհանձնվեն աշխատանքներ 26 երկրից: Ի դեպ, ժյուրիի անդամները փառատոնի շրջանակում նաեւ կանցկացնեն վարպետաց դասեր:

– Ի՞նչ կտա փառատոնը հյուրերին կամ մասնակիցներին:

– Սա իսկապես եւս մեկ դաշտ է, որտեղ կարող ես ուժերդ փորձել այլ խաղացողների հետ: Մի յուրահատուկ քայլ ենք որոշել իրականացնել. մեր գործընկեր փառատոների ուժեղագույն աշխատանքները գալու են Երեւան: Իսկ սա նշանակում է՝ ուժեղների հետ է մրցելու ցանկացած աշխատանք: Սա մի նոր չափանիշ է: Եթե այստեղ ստանաս մրցանակ, ապա կարող ես վստահաբար ասել, որ նույն հաջողությունը կարձանագրես գործընկեր փառատոներում:

– Հայաստանյան գովազդային առաջարկը որքանո՞վ է բավարարում համաշխարհային պահանջարկը:

– Այսօր բազմաթիվ հայաստանյան ընկերություններ, որոնք իրենց արդեն փորձել են Կիեւի, Մոսկվայի, Մինսկի եւ այլ երկրներում կայացած փառատոներում, ունեն պատվերներ արտերկրից եւ արդեն աշխատում են համաշխարհային շուկայի համար: Իսկ այսօրվա տեխնոլոգիական առաջընթացն այդ հնարավորությունները տալիս է:

– Գովազդն ավելի ազդեցիկ դարձնելու համար արտերկրում օգտագործում են տարբեր «գործիքներ», այդ թվում՝ էրոտիկ տարրեր, ինչը մեզանում իսպառ բացակայում է…

– Այն, ինչը մարդու համար է, ուրեմն մարդը կընկալի: Իսկ այն, ինչը մարդը ունակ է ընկալելու, կարող է հանդիսանալ «գործիք» գովազդում: Դրանք են՝ հումորը, սյուժետային անակնկալ լուծումները, եւ, իհարկե՝ էրոտիզմը, սեքսուալ տարրերը: Ժամանակին Երեւանում գովազդի եւ նշանագիտության բուլղարացի ճանաչված մասնագետ Խրիստո Կաֆտանջիեւը վարպետության դասեր անցկացրեց՝ «Գովազդը եւ սեքսը» թեմայով: Ճիշտ է՝ բաց տեսարաններով գովազդներ մեզանում չկան, բայց, օրինակ, ունենք կաթնամթերքի TV գովազդ, որը չափազանց գրավիչ է ու գայթակղող:

– Ի՞նչ չափով է երիտասարդների ներգրավվածությունը ինչպես «դրսից», այնպես էլ «ներսից»:

– Ճիշտն ասած՝ դժգոհություն ունեմ երիտասարդների հետ կապված: Բայց օրերս գոծընկերներիցս մեկը մի հետաքրքիր միտք ասաց՝ երբեք մի հրաժարվեք այն մարդու օգնությունից, որը փորձում է ներդրում ունենալ հանրային գործում: Մենք դռնբաց ու գրկաբաց սպասում ենք ցանկացած առաջարկի եւ օգնության: Կազմակերպչի՝ Հայաստանի գովազդային խորհրդի նպատակն իսկապես դաշտը փոխելն է: Ի վերջո, բիենալեի անցկացման նպատակը մեկ կամ երկու հոգու ցանկություն չէ, սա հանդիպում է բազմաթիվ մարդկանց, մասնավորապես՝ մասնագետների, որոնք մարքեթինգի, բրենդինգի, գովազդի, PR-ի եւ այլ կոմունիկացիաների ներկայացուցիչներ են:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Ոմանք պետք է սովորեն, որ այս կյանքում կարևորը փողը չէ: Էրոտիզմ ներմուծելով գովազդի մեջ ոչ ոք չի դառնում առաջադեմ, այլ մնում է նույն քաղքենին, ով ունի հավակնություններ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031