Հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Դովեղ գյուղում կատաղած 2 սագեր մանկական խաղահրապարակում հարձակվել են մանկապարտեզի սան 3-ամյա տղայի վրա; Մանկապարտեզի տնօրեն Էմիլիա Դուրինյանը եւ ներկա գտնվող դովեղցի 3 ծնող դժվարությամբ են փոքրիկին փրկել կատաղած սագերից: Ներկա գտնվող ծնողներից մեկը հղի է, նա բավական վախեցել է կատաղած սագերից:
Դովեղի բնակիչները մեզ հայտնեցին, որ դեպքի հետ կապված աղմուկը լսելի է եղել խաղահրապարակից բավական հեռավորության վրա գտնվող թաղում: Սագերը մանկական խաղահրապարակ են խուժել Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցից:
Սահմանամերձ Դովեղում մանկական խաղահրապարակը բացվեց սեպտեմբերի 23-ին՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ: Նորաբաց խաղահրապարակի կողքին գտնվում են Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցը, խոզաբունը եւ զուգարանը: Բ. Սարուխանյանը վարձակալական հիմունքներով բնակվում է նախկին մանկապարտեզի շենքում:
Դովեղցիներն ասացին, որ Բ. Սարուխանյանը բացի իր բնակարանից, կողպեք է դրել նաեւ մանկապարտեզի համար նախատեսված, վերանորոգման կարիք ունեցող 3 սենյակների վրա:
Կարդացեք նաև
2013թ. Դովեղի ավագանին որոշում է ընդունել նախկին մանկապարտեզի շենքը հատկացնել գործող մանկապարտեզին:Ներկայումս մանկապարտեզը տեղավորված է համայնքային կենտրոնում, որը վթարային վիճակում է, վնասված տանիքից ջրեր են թափվում, չկա խաղասենյակ, մանուկների քնելու սենյակ, շենքն ադրբեջանական գնդակոծության թիրախում է:
Սեպտեմբերի 23-ին, մանկական խաղահրապարակի բացման ժամանակ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը մեզ հայտնեց, որ մանկապարտեզի նախկին շենքում մանկապարտեզին տարածք հատկացնելու հարցը օպտիմալ ձեւով կլուծվի, մանկական խաղահրապարակի տարածքում ծառատունկ կարվի, խաղահրապարակը կցանկապատվի:
Դովեղի բնակիչները հայտնեցին,որ գյուղի ավագանու անդամներ Վահե Գորգինյանը եւ Մանուշ Սարուխանյանը նախաձեռնել են մանկական խաղահրապարակի տարածքի ցանկապատումը,գործի կեսից ավելին արված է, սակայն դրան խանգարում է խոզանոցի եւ հավանոցի ներկայությունը:
Դովեղի դպրոցի շենքում այս տարի պետք է գործի նախակրթարան: Սակայն նախադպրոցական տարիքի երեխաների թիվը Դովեղում մեծ չէ՝16, ուստի նախակրթարանը սաների թվակազմի խնդիր է ունենալու: Մեր տվյալներով՝ այս պահին նախակրթարան հաճախելու ցանկություն է հայտնել 4 երեխա:
Դովեղի մանկապարտեզի եւ նախակրթարանի հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար վերջերս Դովեղ է այցելել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մանկապարտեզի շենքի հարցի լուծումը դժվարանում է նաեւ սուբյեկտիվ պատճառով: 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում Սամվել Գորգինյանը եւ Էմիլյա Դուրինյանը մրցակիցներ են եղել, Ս. Գորգինյանը ստացել է 184, Է. Դուրինյանը՝ 144 ձայն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ