Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննում են» Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապագա հայ դատավորներին

Հոկտեմբեր 06,2014 11:27

ՀՀ Վճռաբեկ դատարանում այս պահին ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

Հարցազրույցի փուլին մասնակցում են 13 թեկնածուներ, որոնց թվում են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը (նրա ՄԻՊ-ի նախկին պաշտոնը չգիտես ինչու նշված չէր), «Իրավունքի Գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից Արայիկ Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը:

Հանձնաժողովի կազմում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Արա Զոհրաբյանը հանձնաժողովին միացավ ուշացած:

Նշենք, որ յուրաքանչյուր թեկնածուի «քննում են» երկու ժամ, քանի որ հարցազրույցն ընթանում է երեք փուլով՝ անհատական տվյալների, մասնագիտական և լեզվական հմտությունների ստուգում: Գործընթացը կշարունակվի առաջիկա երկու օրերի ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Հարցազրույցի փուլի անցկացումից հետո սահմանված ժամկետում կընտրվեն երեք թեկնածուներ, որոնց ցուցակը կներկայացվի ՀՀ նախագահին: Այնուհետև, հինգ օրվա ընթացքում ՀՀ նախագահը կամ հաստատում է թեկնածությունները, կամ՝ ոչ: Եթե նա հաստատի այս թեկնածությունները, դրանք կուղարկվեն ԵԽԽՎ, որտեղ հատուկ ընթացակարգով կընտրվեն ՄԻԵԴ դատավորներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031