Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Արարատի ոստիկանապետը թողեց ու փախավ ԱՄՆ». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2014 16:29

«Բնականաբար, որեւէ մեկը Հայաստանում երբեւիցե միջոցառում հենց այնպես չի խանգարում: Սա իշխանությունների ծրագիրն է, որին մենք ծանոթ ենք: Որ այդ կանայք իշխանությունների կողմից էին ուղարկվել, դա ակնհայտ է»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես բացատրեց Արարատում եռյակի հանրահավաքի ժամանակ մի խումբ կանանց բարձրացրած աղմուկը՝ ընդդիմության դեմ:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, նրանց չի հաջողվի խանգարել հանրահավաքը. «Մեր քաղաքացիները որեւէ ձեւով այդ պրովոկացիային՝ սադրանքին չտրվեցին, մենք չտրվեցինք: Հասկանալի է, որ սոցիալական ծանր իրավիճակից ելնելով՝ եկել են եւ մասնակցում են հանրահավաքին՝ խանգարելու նպատակով: Մեր պայքարն այսպիսի երեւույթների դեմ է, որ երկրում այնպիսի իրավիճակ չլինի, որ մարդիկ ստիպված գան մասնակցեն: Եթե այդ պաշտոնատար անձինք, ովքեր ուղարկում են այս կանանց, իրենք գան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, այդ ժամանակ շատ ավելի ազնիվ կլիներ: Քաղաքապետը եթե այսօր բեմում լիներ, ինքը պարեր, ոչ թե երեխաները, դա շատ ավելի ազնիվ կլիներ, որովհետեւ թաքնվել մեր սրբության՝ մեր երեխաների ետեւում, մեր մեծարման առարկա կանանց թիկունքում, կարծում եմ, ոչ հային վայել է, ոչ տղամարդավայել: Թող իրենք անեին, ամեն դեպքում իրենց ենթակայության տակ տղամարդիկ էլ կան, չէ՞, թող այդ տղամարդկանց ուղարկեին»:

Արարատում եռյակի հանրահավաքը բավականին բազմամարդ էր:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ այն, որ ժողովուրդն աջակցում է ընդդիմությանը, պարզ էր նախագահական ընտրություններից էլ. «Րաֆֆի Հովհաննիսյանից միայն ձայնագողությամբ կարողացան իշխանություն դե ֆակտո հաստատել: Նույնիսկ այսպիսի «կանխարգելիչ» միջոցներից հետո այսքան մարդ էլի մասնակցում է: Սա ցույց է տալիս, որ իշխանություններն իսկապես սոցիալական հենարան չունեն, օդի մեջ են ըստ էության: Իրենք են, իրենց նեղ թիկնազորը եւ ոչ ավելին: Ես ուժային կառույցներին նույնիսկ իրենց հետ չեմ համարում: Ուժային կառույցները ինչ-որ մի պահ այս քայլերը կատարելու են՝ կլինի ոստիկանություն, ԱԱԾ: Ինչ-որ մի պահից սկսած՝ իրենք այլեւս չեն աշխատելու»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօրվա Արարատ քաղաքի նախկին ոստիկանապետը ինքը թողեց եւ փախավ ԱՄՆ՝ մինչ այդ հայտարարել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին է. «Եթե Սերժ Սարգսյանի կողքին էր, եթե լավ, ապահով Հայաստան էին կառուցում, ինչի՞ թողեց եւ փախավ Միացյալ Նահանգներ: Պարզ է, որ ինքն էլ գիտի, թե ինչ իրավիճակ է երկրում: Եվ հենց դա է պատճառ հանդիսացել, որ փախել է»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, նախկին ոստիկանապետը զգացել է մոտալուտ իշխանափոխության վտանգը, դրա համա՞՚ր է գնացել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ միայն մոտալուտ իշխանափոխությունը, այլ նաեւ թե ինչ երկրում է ինքը ղեկավարել ոստիկանական այդ բաժանմունքը: Այս երկիրն է, եւ ինքը ներսից իմանալով ինչ է, թողել գնացել է: Իր նման բազմաթիվ ոստիկաններ կան: Երբ նրանց հետ զրուցում ենք, ասում են մի բան արեք, մի քիչ երկիրը կանոնակարգվի: Երբ իրական ոստիկանի հետ խոսում ես, ասում են իմ խնդիրը բողոքող քաղաքացիներին ցրելը չէ, իմ խնդիրը հանցագործության դեմ պայքարելն է: Խաղաղ քաղաքացուն, որն իր իրավունքների համար է պայքարում, ես ինչո՞ւ պետք է գնամ մասնակցեմ իրենց միտինգներին եւ փորձեմ ցրել»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, եռյակի հանրահավաքներին եզակի շանս կա՝ իրավիճակ փոխել եւ արմատական իշխանափոխությամբ՝ երկիրը դուրս բերել այս իրավիճակից. «Ես համոզված եմ, որ ե՛ւ բանակն է ժողովրդի հետ, եւ ոստիկանությունն է լինելու ժողովրդի հետ: Ես դրանում չեմ կասկածում: Հնարավոր է քիչ քաղաքացիներ լինեն, ոստիկանությունը ուժային գործողություններ անի, բայց եթե քաղաքացիները բազմաթիվ լինեն, այդ կամքը երեւա այդ օրը, միանշանակ է, որ ոստիկանությունը եւս մեր քաղաքացիների հետ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Երևի ,,EVACUATE,, ծրագրից է փախել, գլուխն աշխատել է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031