Լրահոս
Օրվա լրահոսը

Արենի գինու փառատոնին տրամադրված պետական միջոցները նպատակային չե՞ն ծախսվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2014 15:10

Հոկտեմբերի 4-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Արենի» Գինու 6-րդ փառատոնը: Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Արենի, Մալիշկա, Ելփին, Ռինդ եւ Եղեգնաձոր համայնքներից ներկայացված էին գործարանային եւ տնային արտադրության գինիներ, հուշանվերներ: Փառատոնի ընթացքում մասնակիցներին և հյուրերին ցուցադրվեցին ազգային խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր:

ՀՀ պետբյուջեից տարիներ շարունակ այս փառատոնի անցկացման համար գումարներ են տրամադրվում, քանի որ փառատոնը հիմնականում, ինչպես կազմակերպիչներ են տարբեր առիթներով նշում, ունի «PR» նպատակ: Բայց արի ու տես, որ այս տարի շատ դեպքերում PR-ը հակառակ ռեակցիան է ունեցել, քանի որ արտերկրից հրավիրված զբոսաշրջիկները ականատես են եղել Արենի գյուղում փառատոնի ընթացքում բավականին թափթփված իրավիճակի:Ginu paraton2 Փառատոնի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, թե մի շարք հարցեր իրենց համար այդպես էլ անպատասխան մնացին. օրինակ՝ պետբյուջեի 4 միլիոնը, որ հատկացվել էր փառատոնի կազմակերպչական գործերով զբաղվող հիմնադրամին, ինչի՞ վրա է ծախսվել, քանի որ իրենք իրենց ուժերով են տաղավարներ պատրաստել, առանձնապես մեծ ջանքեր չէին գործադրվել աղբահավաքության հետ կապված խնդիրները լուծելու համար:

Փառատոնին մասնակից շատ կազմակերպություններ աղմուկ են բարձրացրել հատկապես այն պատճառով, որ մրցանակաբաշխության ժամանակ ստեղծվել են անհավասար պայմաններ. գինեգործության ոլորտում տարիների փորձ ունեցող կազմակերպություններն, օրինակ, արժանացել են «0» միավորի, այն դեպքում, երբ նորաթուխներին բարձր միավորներ են բաշխվել: Ու քանի որ դժգոհությունը մեծ է եղել, կազմակերպիչները որոշել են բավարարվել շնորհակալագրեր հանձնելով ու այդպես էլ չի որոշվել, թե որն է փառատոնի մասնակից լավագույն կազմակերպությունը: Այն, որ գինու փառատոնը տարեցտարի բազմաթիվ զբոսաշրջիկների ու հայաստանցիների է համախմբում, որ Արենի գյուղի բնակիչները կարողանում են իրենց բերքուբարիքը ցուցադրել և իրացնել, դա լավ է, բայց որ գինու տոնակատարության անվան ներքո շատ դեպքերում գումարներ են մսխվում, սա արդեն մտահոգիչ է: Այս առիթով Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանից:

Նա շեշտեց, թե այս փառատոնի կազմակերպման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրենց տրամադրել է 1,5 միլիոն դրամ և այդ գումարներն ամենևին էլ տաղավարների պատրաստման համար տրամադրված չեն եղել ու մանրամասնեց. «Գումարը տրամադրել է Էկոնոմիկայի նախարարությունը միայն PR-ի համար, որ արտասահմանից հյուրեր հրավիրենք, որոնք կազմակերպեն վարպետության դասեր, մրցույթ անցկացնենք, վճարենք բոլոր երաժշտական խմբերին, լրագրողներին տանենք: Այնտեղ՝ Արենիում, փառատոնի օրն ինչ աղբի դույլեր, խոտեր տեսնում էիք, բոլորը գնված էր»:

Մեր դիտարկմանը, բայց այդքանից հետո մասնակիցները դժգոհում էին, որ աղբահավաքությունը լավ չի կազմակերպվել, ամենուր աղբի կույտեր էին, Նունե Մանուկյանը պարզաբանեց. «Բոլորը կարող են միշտ դժգոհել, մենք ունենք այդ բնավորությունը: Կարող ենք գնալ մեկի տուն, հետո դուրս գալ ու բողոքել, սեղանին դրված սննդից: Ես դա նորմալ եմ համարում և ինչ-որ առումով ուրախ եմ, դա նշանակում է՝ մարդիկ ուշադիր են եղել»:

Նունե Մանուկյանը չժխտեց, որ թափթփվածություն նկատվել է, ուղղակի պատճառաբանեց, թե «լավ կլիներ, որ բոլոր գինեգործներն իրենց տարածքն ավելի հավաք պահեին, բայց դա էլ եմ հասկանում, քանի որ արագ փորձում էին գինի լցնել: Իսկ ի՞նչ ասենք այն մարդկանց, ովքեր կարող էին աղբը աղբի դույլի մեջ գցել, բայց կողքն էին թափում: Ինչո՞ւ մարդիկ իրենցը չեն ասում»: Մրցույթի անցկացման հետ կապված դժգոհությանն ի պատասխան Նունե Մանուկյանը նշեց, թե մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու մյուս շաբաթ, քանի որ «ո՞նց եք պատկերացնում ո՞նց կարող էինք Արենի գյուղում տպել շնորհակալագրերը»: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը հնչած դժգոհություններից առանձնապես մտահոգված չէ, քանի որ կարծում է, թե «բնականաբար, տասը, քսան հոգի դժգոհ պիտի լինեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031