Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք, երբ կարող ենք Հայաստանում դրական տեղաշարժեր ակնկալել:
Վստահ եմ, ա՛յն ժամանակ միայն, երբ ուսուցչին հիշեն և իբր մեծարեն ոչ թե և ոչ միայն ուսուցչի օրը (ինչպես կանանց հարկադրված մի փունջ ծաղիկով ՛՛գնահատում են՛՛ մարտի 8-ին), իսկ մյուս օրերին՝ լավագույն դեպքում կենացներ շռայլեն, այլ ամեն օր: Գոնե ամեն անգամ, երբ հայ մարդը՝ ռամիկ, թե նախարար, մտահոգվում է վաղվա օրվա, իսկ ավելի սիրված արտահայտությամբ՝ ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ մասին: Որովհետև, եթե ասում են, որ ուսուցիչը երկրորդ ծնողն է, ապա տեղին կլիներ այդ ծնողին թշվառության չմատնել, հիշել ու խնամել թույլ, հիվանդ ժամանակ, մինչև ինքն ապաքինվի հոգեբանորեն և վերստին ստանձնի իր աշակերտներին, այսինքն՝ բոլորիս խնամելու, կրթելու, մարդ դարձնելու Բարձրյալից տրված առաքելությունը: Այլապես հայ մայրը՝ մեծանուն բանաստեղծուհին իրեն չէր ստորադասի գիր ու գրքին, հայոց լեզվին ու չէր բարձրաձայնի.
՛՛Ու ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՛րդ կպաշտպանես,
Թե սու՛ր քաշեն մորդ վրան…՛՛
Այո, կարևոր է ուսուցչի դերի գիտակցումն ու արժևորումը: Հոգ չէ, որ ուսուցչին գնահատելու համար առայժմ իբր բավարար միջոցներ չկան: Այ՝ երբ իսկապես ուսուցչի միջոցով կըմբռնեն սեփական զավակներին իրական բարեկեցություն հաղորդելու և պետության անվտանգությունն ապահովելու առաջնահերթությունը, ավելին՝ հրամայականը, այդժամ գումարներ հաստատ կգտնվեն: Դրանք կհայտնվեն շատ արագ: Ճիշտ այնպես, ինչպես գումարներ հայտնվում են, երբ մարդ կյանքի ամենաճակատագրական որոշումներն է կայացնում, երբ տունն ու երկիրը պաշտպանելու համար զենքի կարիք է զգում, երբ, ասենք, սրտի անհետաձգելի վիրահատություն է անհրաժեշտ…
Այսօր էլ այդ միջոցները ՛՛հայտնվում են՛՛, երբ նույն ուսուցչին բավարար վճարելու համար պետական, հանրակրթական դպրոցից հարկադրված տեղափոխում ենք մեր զավակներին մասնավոր, վճարովի դպրոցներ:
Զավեշտն այն է, որ ընդհանուր միջավայրը բարելավելու, պետական համակարգում արժեքներն իրենց տեղը դնելու ու պատշաճ պետական վերաբերմունք ցուցաբերելու փոխարեն, իրենց զավակներին վճարովի ուսուցման են տանում անգամ կրթության ոլորտի (համեստ աշխատավարձ ստացող) փոքր ու մեծ չինովնիկները: Որքան էլ բարվոք լինեն մասնավոր դպրոցների պայմանները, դժվար է հաղթահարել ՛՛հարազատ մորից կտրելու ու խորթ մորը հանձնելու՛՛ ակամայից առաջացող զգացողությունը: Այսպես կարող ենք աստիճանաբար հեռանալ բոլոր ակունքներից, տուրք տալ այս կամ այն երկրի բուհին ու դրա կարգավիճակին՝ վճարելով արդեն այլազգիներին՝ մեր զավակներին կրթելու համար (չշփոթենք երբեք՝ ինքնազարգացման նպատակով արտերկրում ուսանելու և առաջավոր լավագույն արժեքներին հաղորդակցվելու հետ): Արդյունքում՝ իրականություն կարող է դառնալ այն իմաստությունը, համաձայն որի այն ժողովուրդը, ով զլանում է վարձատրել իր մասնագետին, վաղ թե ուշ ստիպված կլինի ավելի թանկ գին վճարել օտարին:
Այս դեպքում նաև՝ օտար արժեքներով մեր զավակներին կրթելու համար:
Կհարցնեք՝ ի՞նչ անել:
Շատ պա՛րզ և ինչպես միշտ՝ մեզնից կախված հետևյալ քայլերն են պահանջվում.
– Նվազագույն աշխատավարձի առնվազն քառապատիկի չափով ավելացնել որակյալ ուսուցչի աշխատավարձը;
– Օրենքով սահմանել ուսուցչի արտոնյալ կարգավիճակը՝ տրանսպորտից առողջապահական և սոցիալական այլ ծառայություններից օգտվելու համար, երկրում հնարավոր լավագույն պայմանները տրամադրել հանգստյան և մտավոր էներգիան վերարտադրելու ու զարգացնելու համար;
– Օրինակելի ուսուցչին անընդհատ պահել ուշադրության կենտրոնում՝ հասարակությունում ձևավորելով նորօրյա հերոսի կերպար, ներառյալ այն նահատակ ուսուցիչների, ովքեր առանց վարանելու զենք են վերցրել թե՛ Սարդարապատում, և թե՛ Արցախում:
– Խարազանել և խստագույնս պատժել վերը նշված պայմանների ընձեռման պարագայում ուսուցչի նկարագիրը ստվերող և ուսուցչի դերը չարաշահող անարժաններին (ինքնազարգացումից խուսափողներին, մեծամիտներին, կրթությունը բիզնեսի վերածած վայ-վարժապետներին, կաշառակերներին, և անբարո նկարագրի մարդկանց);
– Եկեղեցու և հավատքի հասցեին համազոր դարձնել իրապես վաստակ ունեցող ուսուցչի հասցեին հնչեցված չարախոսությունն ու վիրավորանքն՝ այստեղից բխող բարոյական և իրավական բոլոր հետևանքներով;
– Օրենքով արգելել հայի բարոյական կերպարին հակասող զանգվածային լրատվամիջոցներով հոռի բարքեր քարոզող, մեր նկարագրին խորթ արժեքներ գովազդող նյութերը, հասարակական պարսավանքի ենթարկել այն մարդկանց, ովքեր ոչ միայն չեն զղջում կրթություն չստանալու, բարեկիրթ մարդ չներկայանալու համար, այլև համարձակվում են քարոզել ՛՛փողոցի համալսարաններ՛՛, ՛՛գողական ու կիսագողական վարքագիծ՛՛, անբարեկիրթ մարդու հեղինակություն և այլն:
– Ի վերջո, անարգանքի սյունին պետք է գամել իրենց կենսակերպով քրիստոնյաներիս ամենաբարձր ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքը մերժողներին, նրա պատվիրանները չկատարողներին: Այլապես, էլ ինչու ենք քրիստոնյա: Ի դեպ բազմաթիվ ոչ-քրիստոնյաների մոտ անգամ ուսուցչի, մտավորականի մուտքը ցանկացած հասարակական վայր՝ պարզ քաղաքացուց մինչև պետական բարձրագույն այր, ողջունում են ընդգծված հարգանքով՝ ոտքի կանգնելով և լավագույն տեղը նրան առաջարկելով:
Ահա այս և սրանցից ածանցյալ քայլերով կարող ենք ձերբազատվել բարեփոխումներ կոչվող ինքնախաբեությունից և աստիճանաբար մոտենալ մեր ու մեր նախնիների երազած հայրենիքին, ուր Ուսուցչի օրը կնշվի ոչ պակաս, իսկ երբեմն նաև ավելի ճոխ հանդիսություններով, պատարագով, շքերթով ու հրավառությամբ, քան մեզ համար այնքան բերկրալի Անկախության օրը, Էրեբունի-Երևանը և այլն: Արդյունքում՝ Մեսրոպ Մաշտոց անունը ոմանց համար կընկալվի ոչ միայն որպես շքանշան, որին երբեմն արժանանում են նաև հիշատակված արժեքներից մի քանի մղոն հեռու գտնվող մարդիկ, այլ՝ ազգի իրական Վերածննդի հիմքերն արարած ու հայ ժողովրդին ժամանակի հավիտենական ուղեկիցը դարձրած Սուրբ ու պահապան հրեշտակ:
Այսօր ուսուցչի օրն է…»: