Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանում են «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ին

Հոկտեմբեր 04,2014 19:11

Հայտնում ենք, որ 01.10.2014 թվականին նշված կազմակերպության ներկայացուցիչները՝ դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմին, ստացել են հնարավորություն ուսումնասիրել մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների, ինչպես նաև մրցույթին առնչվող բոլոր փաստաթղթերը:

Նշենք, որ մրցույթին առնչվող փաստաթղթերի շարքում «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են մրցույթի հավակնորդների գրանցամատյանը, փաստաթղթերի՝ փոստով առաքվելու մասին վկայող ծրարը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պահակետում վարվող մատյանը:

Հիշյալ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչների տարածված հայտարարության մեջ կատարված եզրահանգումը կարելի է դիտարկել առնվազն կողմնակալության և ոչ անաչառության դրսևորում:

Մասնավորապես հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված են հավակնորդների կողմից փաստաթղթերը և՛ առձեռն հանձնելու, և՛ փոստով ուղարկելու եղանակներ:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հայտարարության միակ հիմնավորում է հանդիսանում գրանցամատյանի ուսումնասիրությունը, որտեղ սակայն առկա են և՛ Արմեն Հարությունյանի, և՛ Արայիկ Մելքումյանի, և՛ Նորա Կարապետյանի տվյալները՝ փաստաթղթերը ներկայացնելու եղանակի մասին համապատասխան նշումներով:
Այս պարագայում ցավալի է «իրավունք» և «եվրոպա» բառերը պարունակող կազմակերպության ներկայացուցիչների կողմից փաստերը խեղաթյուրելու և թերի ներկայացնելու եղանակով Հանձնաժողովի գործունեությունը վատաբանելուն ուղղված կեղծ հայտարարություններ տարածելը:
Հարկ է նշել, որ հիշյալ անձինք մոռացել կամ չարամտորեն չեն ցանկացել հայտարարության մեջ հիշատակել իրենց իսկ կողմից ուսումնասիրված Արմեն Հարությունյանի կողմից փաստաթղթերի ուղարկման փոստային ծրարը՝ «23 SEP 2014» և «24 SEP 2014» նշումներով: Այս պարագայում պարտադիր չէ իրավաբան լինելը, որպեսզի հիմնավորված համարվի փոստային ծրարը թվականի 2014 սեպտեմբերի 23-ին ուղարկված լինելու և 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ստացված լինելու փաստը:

Կրկին անգամ հարկ է նշել, որ հայտարարությունը տարածած անձինք ուսումնասիրել են հիշյալ փաստաթուղթը, սակայն ենթադրում ենք, որ քաղաքական պատվեր կատարելն է ստիպել վերջիններիս որպես հայտարարության հիմք նշել միայն հավակնորդների գրանցամատյանի ուսումնասիրությունը, որտեղ բնականաբար չէր կարող առկա լինել Արմեն Հարությունյանի ստորագրությունը՝ վերջինիս կողմից փաստաթղթերը փոստով ուղարկելու պարագայում:
ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրով սահմանված կարգում փաստաթղթերը փոստով ուղարկելու եղանակ սահմանելը ուղղակի իմաստազուրկ կլիներ այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու հավակնորդի կողմից փաստաթղթերը փոստով ուղարկված լինելու պարագայում վերջինիս պարտավորեցվեր ներկայանալ և գրանցամատյանում ստորագրել:

Չցանկանալով լրացուցիչ որակումներ տալ հայտարարության հեղինակներին կփորձենք վերջիններիս գործողությունները հիմնավորել որպես մրցույթի անցկացման համար սահմանված կարգի թերի ուսումնասիրության արդյունք:
Ինչ վերաբերվում է Մրցույթի մասնակիցներ Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի վերաբերյալ հայտարարությանը, ապա հայտնում ենք, որ «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ ներկայացուցիչներին տրամադրվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության պահակետում վարվող մատյանը, որով ակնհայտ հիմնավորվում է Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի համապատասխանաբար 22.09.2014 թվականին և 23.09.2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարություն ներկայանալու փաստը:
Ի հակառակ «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ նշված անձանց մասին հայտարարության՝ գտնում ենք, որ Մրցույթի հավակնորդների գրանցամատյանի վարման կարգ սահմանված չլինելու, նշված անձանց կողմից փաստաթղթերը առձեռն ներկայացված և Հանձնաժողովի աշխատակազմի կողմից ստացված լինելու պարագայում՝ գրանցամատյանում վերջիններիս ստորագրության բացակայության հիմքով Հանձնաժողովի աշխատակազմի կողմից հենց դիմումները և փաստաթղթերը չընդունելը կարելի էր դիտարկել, որպես դիմում ներկայացրած հավակնորդի իրավունքների խախտում, ինչը Հանձնաժողովի աշխատակազմի կողմից երբևէ թույլ չի տրվել:

Այս կապակցությամբ կրկին անգամ հարկ է նշել հայտարարության որևէ տրամաբանությունից դուրս լինելու հանգամանքը, քանի որ ՀՀ նախագահի հրամանագրով մրցույթին մասնակցելու նպատակով դիմում ներկայացնելու 20 օրյա ժամկետ տրամադրված լինելու և նշված երեք հավակնորդների կողմից դիմումները և փաստաթղթերը որևէ խախտման բացակայությամբ ներկայացնելու պարագայում, «աղաղակող ապօրինության» կամ «հովանավորչության» մասին հայտարարություն անելը առնվազն խոսում է սեփական PR-ով զբաղվելու կամ գործընթացի վրա ստվեր նետելու շատ որոշակի կողմնակալ ցանկության մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից
առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող
մրցութային հանձնաժողովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031