Թեւան Պողոսյանը վստահ է, որ մի քանի ամսից ասելու են` «լա՛վ, եկեք այդ թուղթը հանենք»
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին, նշեց, որ իրազեկումը լավ չի կատարվել, եւ արդյունքում անորոշություն է ստեղծվել.
«Գիրք են տպում, համարում են՝ այդ իրազեկումը տեղի է ունեցել, ի վերջո այդ մարդկանց տեղ չի հասնում: Միեւնույն ժամանակ կենսաթոշակայինի համար մուլտֆիլմ էին պատրաստել, դա համարում էին իրազեկված խնդիր: Տեսանք՝ ի՞նչ եղավ: Այստեղ էլ գոնե մի հատ մուլտֆիլմ պատրաստեին, որ հասարակ մարդիկ նայեին, տեսնեին, թե թղթաբանությունը պատրաստելուց ի՞նչ պետք է անել»:
Պարոն Պողոսյանը չբացառեց հնարավորությունը, որ հունիսի 21-ին սխալված լինեն եւ՛ ընդդիմությունը ե՛ւ իշխանությունը: Նա ստեղծված իրավիճակը հնարավորություն է համարում, որպեսզի երկու կողմերն էլ քննարկեն, որպեսզի երկրորդ անգամ էլ չսխալվեն. «Այստեղ է գալիս խնդիրը, որտեղ պետք է ստիպված արտահերթ նիստ կանչես, չգան, հետո ժողովուրդը դուրս գա փողոց, հետո գան, քննարկեն, ասենք՝ ժամանակ տվեք երկու ամսվա ընթացքում կտեսնենք: Արդեն այս ամենը հաշվի առնելով՝ մեր առաջարկը եղել է ժամանակ շահել եւ հնարավորություն տալ մարդկանց ընտրել: Առնվազն կարելի էր, այս անգամ այլ եղանակ կիրառել, ոչ թե անպայման գնալ առճակատման, նորից սխալ ստանալ, հետո նորից փոխել, որովհետեւ վստահ եմ մի քանի ամսից գալու են ասեն՝ լա՛վ, եկեք այդ թուղթը հանենք, 1.5-ն էլ թո՛ղ մնա, տեսնենք ի՞նչ ենք անելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ