Լրահոս
Օրվա լրահոսը

Երբե՛ք չբողոքել ուսուցիչներից

Հոկտեմբեր 04,2014 16:23

Հիմա որ գրեմ, կասեք` քեզնից «պայքարող տեսակ» չեն դաստիարակել: Ոչինչ` թող լինեմ «չպայքարող տեսակ»: Ծնողներս կտրականապես հրաժարվում էին լսել ինձնից որեւէ բողոք, որեւէ տրտունջ`ուսուցիչների, գնահատականների, անարդարությունների եւ այլ նմանատիպ դպրոցական խնդիրների վերաբերյալ:

Փաստարկները երկուսն էին: Առաջին` քեզ սիրող ուսուցչի բարձր գնահատականին արժանանալը հեշտից էլ հեշտ է: Դու փորձիր այնպես անել, որ քեզ գնահատի քեզ չսիրողը եւ նա, ում դու չես սիրում: Երկրորդ` չկա աշխարհում մի մարդ, որից հնարավոր չէ որեւէ բան սովորել:

Մոտավորապես 4-5-րդ դասարանից սկսած՝ ես ինքնուրույն եմ տապակվել իմ աշակերտական դարդերի մեջ` ծնողներիս հետ քննարկելով միայն ուսման բովանդակությունը, բայց ոչ`իմ դժգոհությունները այս կամ այն ուսուցչից: Նրանց մեջ կային, իհարկե, անհաջող կերպարներ: Օրինակ, աշխատանքի ուսուցման դասատուն, որը ցուցադրաբար դանակով ճղեց այն գնդակը, որով մենք ֆուտբոլ էինք խաղում, որովհետեւ այդ պահին իր գործողություններին հետեւում էր ուսմասվարը` «միավորներ» էր հավաքում: Բայց այդ դասատուից էլ մենք, հավանաբար, մի բան սովորեցինք` օրինակ, ինչպիսին կարող է լինել մարդկային ստորությունը:

Հիմնականում, սակայն, իմ ուսուցիչները լավն էին` թե՛ դպրոցում, թե՛ բուհում: Ոչ ոք, որքան հիշում եմ, ինձ առանձնապես չէր սիրում, բացի 122 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհուց: Բայց բոլորը, հոսով եմ, հարգում էին: Բազմաթիվ ուսուցիչներ որոշակի համակարգի եւ գաղափարախոսության շրջանակներում (իսկ գուցե ի հեճուկս դրանց) ինձ տվել են ազատ մտածողության եւ պարկեշտության դասեր:

…Մի քանի օր առաջ իմ հարազատներից մեկի` Կարեն Դանիելյանի հոգեհանգիստն էր: Չնայած առիթը չափազանց տխուր էր, չեմ կարող չկիսել տպավորությունս. այդ օրը տեսա մի քանի տասնյակ ծանոթ, կիսածանոթ եւ անծանոթ դեմքեր, որոնց վրա դրոշմված էր Քաղաքի մշակույթը: Մի հայացքն էլ բավարար էր` հասկանալու համար, որ այդ մարդկանց կրթել են իսկական Ուսուցիչներ:

Կարենը ինքը հրաշալի Ուսուցիչ էր` ով բախտ է ունեցել նրան լսելու, խոսում է հիացմունքով: Այդ տաղանդը նա հորից էր ժառանգել:
Ձեր տոնը շնորհավոր, Ուսուցիչներ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, օգտվելով առիթից ես էլ ուզում էմ իմ կողմից Շնորհակալություն հայտնել իմ , մեր ուսուցիչներին, որոնց աշխատանքն ու նվիրումը իրենց գործին մենք այնքան չեինք գնահատում… :
    Այս հեռավոր Ամերիկաներում հատկապես զգալի է այն մեծ ավանդը որ նրանք ունեն մեր ունեցած գիտելիքները սերմանելու մեջ: Ինձ 48 տարեկան հասակում պահանջվեց այստեղի դպրոցական համույթում կրթությունս շարունակելու համար մի շարք քննություններ տալ, որոնցից մեկը ներառում էր մեր անցած ողջ դպրոցական ծրագիրը…ես այդ քննությունը անցա 4 րդ անգամից (կարծում եմ իմ «խակ» անգլերենի պատճառով) սակայն ամերիկացիների մեծ մասը 10 ից ավելի քննություններ են տալիս…ինձ մոտ մեկ շաբաթ առաջ հյուրընկալվում էր իմ դասընկերը, որի հետ իհարկե հիշեցինք մեր 118 դպրոցը, մեր դասատուներին…հատկապես մեր աշխարհագրության ուսուցիչ Մարտիրոսյանին …նրա ամակը շատ մեծ է մեզ ԱՇԽԱՐՀԻՆ « ծանոթացնելու» հարցում…բացի աշխարհի բոլոր գետերից, լճերից, քաղաքներից…մենք նույնիսկ պիտի իմանայինք Աֆրիկայի եվ այլ մայրցամաքների պետությունների ղեկավարների, թագավորների, նույնիսկ կոմկուսի քարտողարների անունները…նա պատմում էր որ Լիսաբոնը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է իր դիրքով, իսկ Կոստանդնուպոլիսը երկրորդն է…ցավոք այն տարիներին ոչ Յու Թյուբ կար ոչ էլ ինտերնետ , բայց նա իհարկե չէր սխալվում…Չնայած որ մեր դասարնը ֆիզ-մաթ թեքումով էր , մեր Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Սարոյանը օգնում էր Հայ լեզվի արժեքը գնահատելուն..ազատ մտածելուն ու մեր մտքերը ազատ շարադրելուն….Ես համոզված էմ որ այսօր էլ մեր Հայրենիքում ունենք բազում բարձրակարգ ուսուցիչներ, որոնք լծված են աշխարհում ամենապատվաբեր ԳՈՐԾԻՆ…երխաներին ՄԱՐԴ դարձնելուն…չգիտեմ ինչու հիշեցի Մեծ Լեվոն Ներսիսյանի կեսկատակ պատմությունը…երբ դպրոցում էին, ընկերոջ հետ մտածում էին գնալ Արեվելյան Սիբիրի ժողովուրդների համար տառեր հորինելու եվ գուցե Մէսրոպ Մաշտոցի համբավին արժանանալուն…թերեվս ամենաբաղձալի մարդկային ԵՐԱԶԱՆՔԸ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031