Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պետք չէ բարեփոխման անվան տակ տանել կոշտ վարչարարությունը
«Մենք կողմ ենք քվեարկել, որ 3.5-ը դառնա 1 տոկոս»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ այդ փաստաթղթավորումը կբերի ավելի մեծ շրջանառության եւ մուտքերը կավելանան. «Եթե 3-4 ամիս դիտարկեցին, տեսան, որ մուտքերը չեն ավելանում, ի՞նչ է լինելու, բնականաբար, գնալու, նայելու են, թե ինչո՞ւ մուտքերը չեն ավելանում: Սա նշանակում է, որ ինչ-որ պահից հետո անխուսափելի են այդ փաստաթղթերի ստուգումները: Արձանագրենք այս պահին, որ օրենքի որեւէ կասեցում, փոփոխություն, նույնիսկ շեմի բարձրացում չնախատեսվեց, որովհետեւ մի մեծ մաս դուրս կգա այդ 58-ից, եւ կարող է հայտնվել մինչեւ 100 միլիոնի տիրույթում: Այդ դեպքում իրենք կհայտնվեն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) տիրույթում, իսկ ԱԱՀ-ով աշխատելը նույնն է, ինչ աշխատես շրջանառության հարկի 8-9 տոկոսի շրջանակներում»:
Միքայել Մելքումյանը հավելեց, որ այս օրենքով հարկային տեսուչները վերադառնում են ՓՄՁ. «Այն փխրուն ձեռքբերումը, որ վերջին տարիների ընթացքում գոնե ունեինք, որ 2009 թվականից փոքր եւ միջին ձեռնարկություններում արգելված էին տարբեր տիպի տեսչական ստուգումները: Հիմա մենք փորձում ենք այդ հարկային տեսչության աշխատակցին վերադարձնել փոքր եւ միջին ձեռնարկություններ: Ա՛յ մարդ, ինչի՞ համար եք անում, չի՛ կարելի»:
Պարոն Մելքումյանը համարում է, որ եթե շահագրգիռ անձինք լուրջ եւ հետեւողական պայքար մղեն իրենց իրավունքների եւ շահերի համար, անպայման զիջումներ կլինեն: Նա հավելեց, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ընդունում են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում խնդիրներ կան. «Իրենք ասում են՝ եկեք սպասենք 2-3 ամիս անցնի: Բայց փոքր ձեռներեցը ժամանակ չունի, փոքրը 2-3 ամսվա ընթացքում փակվելու է: Այդ պատճառով պետք չէ սպասել, նոր հետեւանքն ուղղել, պետք է արմատապես կանխարգելման ձեւով ուղղել: Պետք չէ բարեփոխման անվան տակ տանել կոշտ վարչարարությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ