Խնդրի շուրջ դիմել են վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Այս թեմային անդրադառնալով այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում կենդանապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ կենդանիների պաշտպանության օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից՝ համախմբելով բազմաթիվ կենդանիների պաշտպանության միջազգային եւ տեղական կազմակերպություններ:
Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ, ինչպես նշեց բանախոսը, նախաձեռնել են «Հայտնի մարդիկ՝ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագիծը եւ Հայաստանի կարմիր գրքում գրանցված կենդանիների լուսանկարչական նախագիծ:
Նարե Արամյանը, անդրադառնալով Հայաստանում կենդանիների պաշտպանվածությանը, նշեց, որ սա միակ ոլորտն է, որը չունի ընդհանրապես ոչ մի օրենսդրական նախագծեր. «Չկան օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին, կենդանիների պաշտպանությանը կամ հասարակության վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»:
Բանախոսը նշեց, որ բազմիցս խնդրի շուրջ դիմել են վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել եւ այս տարի նույնպես դիմելու են վարչապետին:
Կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ ասուլիսին, խոսելով խնդրի շուրջ, ասաց՝ կենդանիներն իրենց անապահով են զգում մարդկային միջավայրում. «Մենք մշտապես մոռանում ենք, որ բնության մասն ենք եւ պարտավոր ենք պահպանել բնության բոլոր օրենքները: Խնդիրն է այն է, որ մարդը ոչնչացնում է կենդանիների բազմաթիվ տեսակները: Մեկ ծառը հատելով, ոչ թե ծառն է մահանում, այլ բազմաթիվ կենդանիներ, միջատներ են մահանում»:
Կարդացեք նաև
Կենդանիների հոգեբանական խնդիրներին անդրադառնալով, բանախոսը նշեց, որ ցանկացած կրկեսում կամ կենդանաբանական այգում կենդանիների հոգեբանական խնդիրներն ի հայտ են գալիս. «Երբ կենդանին վանդակում է, կենդանին դառնում է ոչ պիտանի բնության համար: Կենդանաբանական այգու կենդանին ապրում է իր համար դաժանագույն պայմաններում: Նա հավասարազոր է բանտարկված մարդուն: Կենդանին մի քանի տարի հետո դառնում է ուղղակի բույս: Կրկեսներում նույնպես կենդանիներ վարժեցնելու համար դիմում են դաժանագույն միջոցների եւ հատկապես ծեծի»:
Նարե Արամյանն էլ հավելեց, որ ներկայիս Երեւանի Կենդանաբանական այգին անհամեմատ ավելի լավ իրավիճակում է, քան նախկինում, եւ որ այն պետք է ձգտի ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: Այս դեպքում շատ մեծ ներդրումներ են անհրաժեշտ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ