Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է արել, որ դիմել է փախուստի». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորի փաստաբանը մեկնաբանում է փախուստի պատճառները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2014 13:50

Երեկ առավոտյան Վրաստանում Սուրեն Գաբրիելյանին կալանավորել են

Սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը փախուստի էր դիմել ոչ թե պատժից խուսափելու համար, այլ իր սեփական առողջության համար։

Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում տեղեկացրեց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Նրա խոսքով՝ անձը ճիշտ է արել, որ դիմել է փախուստի, որովհետեւ դա կապված է նրա առողջության հետ։ Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փաստաթղթերի կեղծման, խարդախության եւ փողերի լվացման համար։

Փաստաբանը ներկայացրեց, որ Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է 2013 սեպտեմբերի երեսունին, նա տառապում է բազմաթիվ հիվանդություններով, իսկ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանավորը հայտնվել է հիվանդանոցում իր միջնորդությամբ. «Ապրիլի երեսունին ես նախաքննական մարմիններին դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացրի, քանի որ կառավարության որոշման համաձայն պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության դեպքում կալանավորին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու իրավունք է տրվում եւ հնարավոր է լինում փոխել նրա կալանքի տեսակը: Քննիչը բավարարեց իմ միջնորդությունը եւ նշանակեց դատաբժշկական փորձաքննություն եւ մայիսի 14-ին արդեն առաջին դատաբժշկական փորձաքննությունն առկա էր, որի համաձայն՝ Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցեռոզ հիվանդությամբ»: Փաստաբանը տեղեկացրեց, որ լյարդի փոխպատվաստում հնարավոր չի անել Հայաստանում, եւ այս պարագայում ինքը անմիջապես դիմել է գլխավոր դատախազություն՝Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան, անհրաժեշտ բուժում ստանալու համար, ժամանակավորապես Շվեյցարիա մեկնելու թույլտվություն տալու նպատակով. «Գլխավոր դատախազը այս միջնորդությունը մակագրեց գլխավոր դատախազության կիբերհանցագործությունների գործով վարչությանը, որի դատախազը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ այն անհիմն է»:

Ժամանակագրության մանրամասները՝ տեսանյութում.

Հակոբ Ճարոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ. «Բազմիցս հայտարարել եմ, որ դատարանները կամակատարներ են եւ այսօր էլ եմ դա հայտարարում»: Փաստաբանի ներկայացմամբ՝ նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելուց հետո նորից հաստատվել է, որ կալանավորը ունի լյարդի ցեռոզ եւ որի արդյունքում անձը պետք է ազատվի կալանքից: Երրորդ անգամ էլ արդեն առողջապահության նախարարության ենթակայության ներքո փորձաքննություն անցկացնելուց հետո նույնպես մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ կալանավորի խափանման միջոցը փոխելու համար եւ նրան արտերկրում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Ժամանակագրության մանրամասները՝ տեսանյութում.

«Սեպտեմբերի իննին արդեն նորից դիմեցի գլխավոր դատախազություն, որտեղից հայտարարեցին, որ ոչ մի դեպքում չեն ազատելու կալանավորին,- տեղեկացրեց փաստաբանը,-Արդյունքում՝ սեպտեմբերի 16-ին Սուրեն Գաբրիելյանը դիմում է փախուստի»։

Սուրեն Գաբրիելյանի փաստաբանի խոսքով՝ հենց դատախազության պատճառով է, որ կալանավորը դիմել է փախուստի. «Նրանք իրականացրել են պաշտոնական դիրքի չարաշահում: Եթե նրանք շարժվեին օրենքների համաձայն, ապա նրան բաց կթողնեին: Նորից եմ հայտարարում, անձը փախել է, քանի որ մտածել է՝ ի՞նչ տարբերություն՝ նա կմահանա կալանավայրում , թե փախուստի մեջ: Պատշաճ բուժում չստանալու դեպքում,նա կմահանա»,- հայտարարեց փաստաբանը: Հակոբ Ճարոյանը տեղեկացրեց լրագրողներին, որ երեկ առավոտյան Վրաստանում Սուրեն Գաբրիելյանին կալանավորել են: Նա արդեն ունի իր փաստաբանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031