«Սահմանադրությունը նորից գրելու ցանկացած իշխանության ձեռնարկ կասկածելի շարժառիթներ ունի, եթե գործող սահմանադրությունն իրեն չի սպառել, չի հանգեցրել քաղաքական ճգնաժամի ու չկա հասարակական ընդգծված պահանջ: Մեր պարագայում ոչ թե սահմանադրական բարեփոխման մասին է խոսվում, այլ բոլորովին նոր սահմանադրության, որովհետեւ ցանկացած սահմանադրության առանցք կազմում են իշխանության ձեւավորման, հավասարակշռման ու զսպման մեխանիզմներ»,- այսօր Սահմանադրական բարեփոխումների թեմայով «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հանրային քաղաքականության, վերլուծության եւ երկխոսության ինստիտուտի ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը:
Նրա խոսքով, նոր սահմանադրությունները գրվում են լուրջ սոցիալ-քաղաքական ճգնաժամի կամ շրջադարձային իրադարձությունների նախաշեմին.«Կրկնում եմ՝ եթե գործող սահմանադրությունն իրեն արդեն սպառել է»:
Նրա կարծիքով, Սահմանադրությունն ինչքան ուշ-ուշ է փոփոխվում, այնքան ավելի ամուր հիմքեր է ունենում սահմանադրական մշակույթի նորմերի ձեւավորման ու զարգացման համար.«Փաստորեն հանրաքվեի է դրվում ողջ սահմանադրությունը, չնայած 2005-ին էլ էր դրվել ողջ սահմանադրությունը, բայց փոփոխությունները կիսանախագահական համակարգի զարգացման մեջ էին»:
Նա ասաց, որ Սահմանադրության սոսկ տեքստի փոփոխությունը էական դեր չի կարող ունենալ ժողովրդավարացման գործընթացում, հետո էլ ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգի վտանգները. «Առաջին վտանգը համապետական ընտրությունների թվի կրճատումն է, մեկ համապետական ընտրությունը, Հայաստանի պես երկրի համար, ժողովրդավարական գործընթացի նահանջ է, այն առումով, որ ընտրությունների միջոցով է ձեւավորվում քաղաքական մշակույթը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ