Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում տիրող տրամադրությունները՝ եռյակի հանրահավաքից առաջ

Հոկտեմբեր 04,2014 12:00

Ինչպես հայտնի է` մայրաքաղաքային հանրահավաքից երկու օր առաջ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունները, նախատեսել են հանրահավաք անցկացնել Գյումրիում: Ի նկատի ունենալով, որ Գյումրիում մեկ շաբաթ շարունակ բողոքի ակցիաները չեն դադարում, առեւտրականները պահանջում են երկրի վարչապետի ու նախագահի հրաժարականը, տեսախցիկների առջեւ անկաշկանդ կանգնում ու բնութագրում են ցանկացած պաշտոնյայի, նրանց մականուններն են երեսով տալիս, երեկ լրագրողները այս երեք քաղաքական ուժերի տեղի ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տրամադրություններ են տիրում Գյումրիում: Կմասնակցե՞ն այդ հանրահավաքին առեւտրականներն ու քաղաքի մյուս բնակիչները:

Գյումրու ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասաց, որ մարդիկ շատ են հետաքրքրված այս հանրահավաքով: Սակայն, ըստ նրա, իրենց գրասենյակ երբեմն տեղեկություններ են հասցնում առ այն, որ իրավապահները մտնում են սպասարկման օբյեկտներ` անհատ ձեռներեցին են պահանջում ու նախազգուշացնում` հանկարծ չմասնակցեք, ձեզ նկարահանելու ենք:

«Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանի բնութագրելով էլ՝ բնակչության վերաբերմունքը հոյակապ է, ուղղակի մարդկանց մի մասին փորձում են վախեցնել, որպեսզի չգնան ու չմասնակցեն հանրահավաքին: «Մեկի հետ խոսում եմ, ասում է՝ մեզ արգելել են գալ: Հարցնում եմ` ո՞վ է արգելել, ասում է՝ տնօրենս: Զարմանում եմ, թե դուք իրենց ի՞նչն եք՝ ճո՞րտն եք, ի՞նչն եք, այսինքն՝ դեռեւս էդ հոգեբանությամբ մարդիկ կան… Հասկանալի է, որ մարդիկ աշխատանք ունեն, եւ իրենց հիմնական թիրախը մարդկանց էս առումով վախեցնելն է, որ նրանք չկարողանան գալ: Բայց դա էլ իր ժամանակն ունի, ամեն ինչ իր վերջն ունի, չարն էլ իր վերջն ունի, եւ հուսով ենք, որ շուտով կտեսնենք»,- ասաց «Ժառանգության» տեղի պատասխանատուն:

ԲՀԿ ներկայացուցիչ Աղասի Աբրահամյանի ասելով էլ՝ Գյումրին ամենաշատ տուժածն է, ամենապահանջատերն է, եւ այս քաղաքում ստեղծվելիք տրամադրությունը կարող է էական ազդեցություն ունենալ համապետական հանրահավաքի վրա:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031