Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր տեղում ենք մամուլի ազատության առումով

Հոկտեմբեր 04,2014 17:00

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ)  եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Արամ Աբրահամյան.- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության առումով 78-րդ տեղում է, Վրաստանը` 84-րդ, Ադրբեջանը` 160-րդ, Թուրքիան` 154-րդ, Իրանը` 173-րդ, Ռուսաստանը` 147-րդ: Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ Նորվեգիան, իսկ Միացյալ Նահանգները` ընդամենը 46-րդ տեղում: Որքանո՞վ է ձեզ համար հեղինակավոր այդ կազմակերպությունը, եւ որքանո՞վ է այդ գնահատականը օբյեկտիվ:

Արտակ Դավթյան.– Ճիշտն ասած՝ Ձեր մեկնաբանությունները ընթերցել եմ այս հարցի առնչությամբ եւ ամբողջովին կիսում եմ Ձեր կարծիքը: Մեկ նախադասությամբ ասեմ` դա, ըստ իս, օբյեկտիվորեն արտացոլում է այն, ինչ որ կա այսօրվա դրությամբ. պիտի լինեն որոշակի բնագավառներ, որտեղ մենք կարողանանք համեմատվել Միացյալ Նահանգների հետ: Առիթ ունեցել եմ ԱԺ ամբիոնից եւս անդրադառնալու այս հարցին, նաեւ ասել եմ, որ իրականում մեր լրջագույն ձեռքբերումներից մեկն է, եւ օգտվելով առիթից` թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր լրագրողներին, դա ձեր աշխատանքի արդյունքն է առաջին հերթին՝ այն, ինչ որ այսօր մենք արձանագրում ենք:

Ա. Ա.- Օբյեկտի՞վ են գնահատականները, թե՞ ոչ, եւ հեղինակավո՞ր է տվյալ կազմակերպությունը, թե՞ ոչ:

Աշոտ Մելիքյան.- Եվ այո, եւ ոչ: Ես համաձայն եմ այն գնահատականի հետ, որ իրավիճակը քիչ-քիչ վատթարացել է, եւ մեր զեկույցներում արտացոլել ենք բազմաթիվ փաստեր` եւ խոչընդոտումների, եւ ֆիզիկական բռնությունների, եւ այդ առումով այն փաստը, որ 74-րդ տեղից Հայաստանը իջել է 78, կարծում եմ՝ օբյեկտիվորեն արձանագրում է իրավիճակը: Բայց ես այստեղ մի վերապահում անեմ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գնահատականների վերաբերյալ, որովհետեւ արդեն որերորդ տարին է, եթե համեմատում ենք այդ կազմակերպության գնահատականները «Ֆրիդոմ հաուսի» հետ, այստեղ ակնհայտ հակասություն կա. «Ֆրիդոմ հաուսը», օրինակ, համարում է, որ հետխորհրդային երկրներից, բացի բալթյան պետություններից, Վրաստանը եւ Մոլդովան իրենց լրատվամիջոցներով կիսաազատների շարքում են, մնացած բոլորը, այդ թվում նաեւ՝ Հայաստանը, ոչ ազատների շարքում: Իմ կարծիքով՝ «Ֆրիդոմ հաուսի» չափանիշները շատ ավելի հիմնավորված են, որովհետեւ այնտեղ գնահատվում են ե՛ւ օրենսդրական միջավայրը, ե՛ւ քաղաքական գործոնների ազդեցությունը լրագրողների գործունեության վրա, ե՛ւ տնտեսական հնարավորությունները, այսինքն` բազմակողմանի գնահատականներ են:

Ա. Ա.- Որպես օրենսդիր` օրենսդրական միջավայրում, օրինակ` ի՞նչն է վատ:

Ա. Դ.- Էլի պիտի ասեմ, որ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու: Մեր հիմնական օրենքները ԶԼՄ-ների մասին, տեղեկատվության ազատության մասին՝ դրանք այն հիմնարար օրենքներն են, որոնցում, ըստ էության, փոփոխություններ գրեթե չեն լինում, ԶԼՄ-ների մասին օրենքում գիտենք` ընդունելու պահից ուղղակի չեն եղել, եւ գիտենք նաեւ, որ տարիներ առաջ, երբ նմանատիպ մի փորձ կատարեց այն ժամանակվա մեր գործընկեր Վիկտոր Դալլաքյանը, ուղղակի տեսանք` ինչ է նշանակում լրագրողական համերաշխություն ասածը: Երբ խոսում ենք «Լրագրողներ առանց սահմանների» եւ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունների մասին, ասեմ` ինձ թվում է, որ «Ֆրիդոմ հաուսը» մի քիչ ավելի քաղաքականացված գնահատականներ է տալիս, ինչը, կարծում եմ, լավագույնը չի՝ զուտ օբյեկտիվ լինելու տեսանկյունից: Իսկ «Լրագրողներ առանց սահմանների»-ն զուտ լրագրողական պրիզմայի միջով է անցկացնում: Օրենսդրության առումով, իհարկե, շատ աշխատանք ունենք անելու եւ առաջին հերթին՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները: Գիտենք, որ սարերի հետեւում չէ այն ժամկետը, երբ պետք է թվայնացնենք մեր եթերը, ուղղակի պետք է հասցնենք այս գործընթացները: Միգուցե, ամենամեծ օրենսդրական բացերից մեկը հետեւյալն է. գիտեք, որ մենք տարիներ առաջ ապաքրեականացրինք որոշակի հոդվածներ, բայց կարծես թե խնդիրը տեղափոխվել է մի այլ դաշտ: Բավականաչափ հայցադիմումներ են հայտնվում դատարաններում, ուղղակի այդ հայցադիմումները ապահովելով` լրատվամիջոցները հայտնվում են ֆինանսական ոչ բարվոք վիճակում, եթե չասեմ, որ կան լրատվամիջոցներ, որոնք ուղղակի փակման վտանգի տակ են հայտնվել: Կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է փորձենք որոշակի բալանս գտնել, միգուցե որոշակի չափ կամ սահման դրվի այդ հայցերի բավարարման պարագայում` կապված, ասենք, եթե տպագիր մամուլ է, ապա տպաքանակի հետ, կապված որոշակի ֆինանսական հոսքերի հետ եւ այլն:

Քննարկումն` ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

 

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հոլանդիան,Դանիան,Նորվեգիան,Ֆինլանդիան փոքր, չեզոք,միատարր ու լուրջ քաղաքական պրոբլեմներ չունեցող երկրներ են:ԱՄՆ-ն հսկայական երկիր է՝ 50 տարբեր նահանգներով, ակտիվ արտաքին քաղաքականությամբ ու բազմատարր: Ուստի ԱՄՆ-ի 46-րդ տեղը դեռ չի նշանակում,որ ԱՄՆ-ն,այս հարցով, զիջում է top 3-ին: ԱՄՆ-ի պես ճկուն դեմոկրատիա պարզապես չկա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031